Գործք Առաքելոց 6
6
Յոթ օգնականների ընտրությունը
1Այն օրերին, երբ աշակերտների թիվը շատացավ, հունախոս հրեաները տրտնջացին եբրայախոս հրեաների դեմ, որովհետև իրենց այրիներն անտեսվում էին ամենօրյա ծառայություն ստանալու ժամանակ։ 2Արդ տասներկու առաքյալները հավաքեցին աշակերտներին ու ասացին. «Մեզ վայել չէ, որ Աստծու խոսքի քարոզությունը թողնենք և սեղաններ սպասարկենք։ 3Եղբայրնե՛ր, ընտրե՛ք ձեր միջից բարի համբավ ունեցող, Սուրբ Հոգով և իմաստությամբ լի յոթ հոգու, որոնց կկարգենք այս ծառայության վրա։ 4Իսկ մենք կնվիրվենք աղոթքին և խոսքի քարոզությանը»։ 5Այս խոսքը հաճելի թվաց բոլորին, և ընտրեցին Ստեփանոսին, որ Սուրբ Հոգով ու հավատով լցված մարդ էր, ինչպես նաև Փիլիպպոսին, Պրոքորոնին, Նիկանորասին, Տիմոնին, Պարմենասին և անտիոքացի նորադարձ Նիկողայոսին։ 6Նրանց առաքյալների առաջ կանգնեցրին և աղոթելով ձեռք դրեցին նրանց վրա։
7Եվ Աստծու խոսքն աճում էր, և աշակերտների թիվը Երուսաղեմում չափազանց մեծանում էր. քահանաներից շատերն էին հնազանդվում հավատին։
Ստեփանոսի ձերբակալությունը
8Իսկ Ստեփանոսը, շնորհով ու զորությամբ լցված, մեծ հրաշքներ ու նշաններ էր գործում ժողովրդի մեջ։ 9Ոմանք այն ժողովարանից, որ կոչվում էր «ազատագրվածների»#6.9 Հուն. ունի լիբերտինացիների։, կյուրենացիների ու ալեքսանդրիացիների, և ոմանք էլ, որ Կիլիկիայից ու Ասիայից էին, ելան Ստեփանոսի հետ վիճելու։ 10Եվ չէին կարողանում հակադրվել այն իմաստությանը և Հոգուն, որով նա խոսում էր։ 11Այդ ժամանակ մի քանի մարդկանց կաշառեցին, որ ասեն. «Մենք դրանից լսեցինք, որ Մովսեսին և Աստծուն հայհոյանքներ էր անում»։ 12Նրանք գրգռեցին ժողովրդին, ծերերին ու դպիրներին. և հարձակվեցին, բռնեցին Ստեփանոսին ու ատյան տարան։ 13Ապա սուտ վկաների կանգնեցրին, որոնք ասում էին. «Այս մարդը չի դադարում հայհոյական խոսքեր ասել այս սուրբ տեղի և օրենքի դեմ, 14որովհետև մենք նրանից լսեցինք, որ ասում էր. "Հիսուս Նազովրեցին պիտի քանդի այս տեղը և փոխի այն ավանդույթները, որ Մովսեսը մեզ տվեց"»։ 15Ատյանում բոլոր նստածները, նայելով նրան, տեսան, որ նրա երեսը հրեշտակի երեսի պես էր։
Currently Selected:
Գործք Առաքելոց 6: ՆՎԱԱ
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
© Bible Society in Armenia, 2018