YouVersion Logo
Search Icon

Գործք Առաքելոց 4

4
Պետրոսը և Հովհաննեսը ատյանի առաջ
1Նրանք տակավին խոսում էին ժողովրդի հետ, երբ նրանց վրա հասան քահանաները, տաճարի պահակապետը և սադուկեցիները՝ 2սաստիկ զայրացած, որ սրանք Հիսուսի օրինակով ժողովրդին ուսուցանում և քարոզում էին մեռելներից հարության մասին։ 3Եվ նրանց ձերբակալեցին ու բանտարկեցին մինչև հաջորդ օրը, որովհետև արդեն երեկո էր։ 4Սակայն խոսքը լսողներից շատերը հավատացին, և հավատացյալների թիվը շուրջ հինգ հազար եղավ։
5Հաջորդ օրը նրանց իշխանավորները, ծերերն ու դպիրները հավաքվեցին Երուսաղեմում, 6նաև Աննաս քահանայապետն ու Կայիափան, Հովհաննեսն ու Ալեքսանդրոսը և բոլոր նրանք, ովքեր քահանայական ցեղից էին։ 7Եվ առաքյալներին մեջտեղում կանգնեցնելով՝ հարցնում էին. «Դուք դա ի՞նչ զորությամբ կամ ո՞ւմ անունով կատարեցիք»։ 8Այդ ժամանակ Պետրոսը, Սուրբ Հոգով լցված, նրանց ասաց. «Ո՛վ ժողովրդի իշխանավորներ ու Իսրայելի ծերեր, 9եթե մենք այսօր մի տկար մարդու հանդեպ գործված բարիքի համար հարցաքննվում ենք, թե նա ումո՛վ բժշկվեց, 10արդ թող հայտնի լինի ձեզ բոլորիդ և Իսրայելի ամբողջ ժողովրդին, որ Նազովրեցի Հիսուս Քրիստոսի անունով, որին դուք խաչեցիք, և որին Աստված մեռելներից հարություն տվեց. նրանով է սա հիմա ձեր առաջ առողջացած կանգնել։ 11Սա է
ձեզանից՝ շինողներիցդ անարգված այն քարը,
որ անկյունաքար դարձավ (Սաղ. 118.22)։
12Եվ ուրիշ մեկի միջոցով փրկություն չկա, որովհետև երկնքի տակ չկա մարդկանց տրված ուրիշ անուն, որով մենք կարող ենք փրկվել»։ 13Եվ Պետրոսի ու Հովհաննեսի համարձակությունը տեսնելով և հասկանալով, որ անուսում ու տգետ մարդիկ են, զարմացած էին, որովհետև նրանց ճանաչում էին իբրև Հիսուսի հետևորդների։ 14Տեսնում էին նաև այն բժշկված մարդուն՝ կանգնած նրանց հետ, և պատասխանելու ոչինչ չունեին։
15Նրանց հրամայեցին ատյանից դուրս գալ և միմյանց հետ խորհրդակցեցին՝ 16ասելով. «Ի՞նչ անենք այս մարդկանց, քանի որ սրանց ձեռքով երևելի հրաշք է գործվել, որը հայտնի է Երուսաղեմի բոլոր բնակիչներին, և մենք չենք կարող հերքել։ 17Բայց որպեսզի ժողովրդի մեջ ավելի չտարածվի, նրանց խիստ սպառնանք, որ ոչ մի մարդու այդ անունով այլևս չքարոզեն»։ 18Եվ նրանց կանչելով՝ պատվիրեցին Հիսուսի անունով բոլորովին չխոսել և չուսուցանել։ 19Բայց Պետրոսն ու Հովհաննեսը նրանց պատասխանեցին և ասացին. «Մի՞թե Աստծու առաջ արդար է ավելի շատ ձեզ լսել, քան Աստծուն. դո՛ւք դատեք։ 20Մենք չենք կարող չասել այն, ինչ տեսել ենք ու լսել»։ 21Նրանք սպառնալով արձակեցին նրանց՝ ժողովրդի պատճառով ոչ մի միջոց չգտնելով նրանց պատժելու, որովհետև բոլորը կատարվածի համար փառք էին տալիս Աստծուն։ 22Իսկ այն մարդը, որի վրա բժշկության այս նշանը կատարվեց, ավելի քան քառասուն տարեկան էր։
Առաքյալների աղոթքը հալածանքի պահին
23Եվ ազատ արձակվելուց հետո առաքյալները յուրայինների մոտ եկան ու պատմեցին, թե քահանայապետներն ու ծերերն ինչեր ասացին իրենց։ 24Նրանք, այս լսելով, միաբանված իրենց ձայնն առ Աստված բարձրացրին ու ասացին. «Տե՛ր Աստված, դու, որ ստեղծեցիր երկինքն ու երկիրը, ծովն ու նրա մեջ եղած ամեն բան, 25որ մեր հոր՝ Դավթի՝ քո ծառայի բերանով Սուրբ Հոգու միջոցով խոսեցիր ու ասացիր.
"Ինչո՞ւ հեթանոսները խռովվեցին,
և ժողովուրդներն ունայն բաների մասին մտածեցին։
26 Երկրի թագավորները վեր ելան,
և իշխանները միասին հավաքվեցին
Տիրոջ ու նրա Օծյալի դեմ" (Սաղ. 2.1-2)։
27Արդարև, այս քաղաքում հավաքվեցին Հերովդեսը և Պոնտացի Պիղատոսը՝ հեթանոսների և Իսրայելի ժողովրդի հետ, քո սուրբ Որդի Հիսուսի դեմ, որին օծեցիր, 28որպեսզի անեն այն, ինչ քո ձեռքն ու կամքը նախապես սահմանել էին, որ լինի։ 29Եվ այժմ, Տե՛ր, նայի՛ր նրանց սպառնալիքներին և քո ծառաներին ամենայն համարձակությամբ քո խո՛սքը խոսել տուր, 30որ քո ձեռքը մեկնես բժշկության համար, և նշաններ ու հրաշքներ էլ լինեն քո սուրբ Որդի Հիսուսի անունով»։ 31Նրանց աղոթելուց հետո շարժվեց այն տեղը, որտեղ հավաքված էին, և բոլորը լցվեցին Սուրբ Հոգով ու Աստծու խոսքն էին քարոզում համարձակությամբ։
Ամեն ինչ ընդհանուր
32Եվ հավատացյալների բազմությունը մեկ սիրտ ու մեկ հոգի էր. ոչ ոք չէր ասում, թե իր ունեցածներից ինչ-որ բան իրենն է, այլ ամեն ինչ նրանց համար ընդհանուր էր։ 33Առաքյալները մեծ զորությամբ վկայում էին Տեր Հիսուսի հարության մասին, և նրանց բոլորի վրա մեծ շնորհ կար։ 34Նրանց մեջ ոչ ոք որևէ բանի կարոտ չէր, քանի որ նրանք, ովքեր ագարակների կամ տների տեր էին, վաճառում էին դրանք և վաճառվածի գումարը 35առաքյալների տրամադրության տակ էին դնում, և յուրաքանչյուրին բաշխվում էր ըստ իր ունեցած կարիքի։
Բառնաբասի ազնիվ արարքը
36Եվ Հովսեփը, որ առաքյալների կողմից Բառնաբաս կոչվեց (որ «Մխիթարության որդի» է թարգմանվում), ծնունդով կիպրացի մի ղևտացի էր։ 37Նա մի ագարակ ուներ, որը վաճառեց և գումարը առաքյալների տրամադրության տակ դրեց։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in