YouVersion Logo
Search Icon

Գործք Առաքելոց 26

26
Պողոսի ինքնապաշտպանությունն Ագրիպպասի առաջ
1Ագրիպպասը Պողոսին ասաց. «Քեզ թույլատրվում է, որ քո մասին խոսես»։ Այդ ժամանակ Պողոսը ձեռքը մեկնեց ու սկսեց իրեն պաշտպանել. 2«Հրեաների կողմից իմ մասին արված բոլոր ամբաստանությունների համար, ո՛վ Ագրիպպաս թագավոր, ինձ երանելի եմ համարում, որ այսօր քո առաջ պաշտպանելու եմ ինձ, 3մանավանդ որ գիտակ ես հրեաների բոլոր սովորույթներին ու խնդիրներին. դրա համար աղաչում եմ, որ ինձ համբերությամբ լսես։ 4Բոլոր հրեաները տեղյակ են իմ կյանքին, որ մանկությունիցս ի վեր ի սկզբանե եղել եմ իմ ազգի մեջ Երուսաղեմում։ 5Վաղուց գիտեն, եթե ցանկանան վկայել, որ ես որպես փարիսեցի ապրել եմ մեր կրոնի խստագույն օրենքների համաձայն։ 6Եվ հիմա կանգնել ու դատվում եմ Աստծուց մեր հայրերին տրված խոստումի հույսի համար, 7որին մեր տասներկու ցեղերը, գիշեր ու զօր անդադար պաշտելով, ակնկալել են հասնել։ Այդ հույսի համար եմ ամբաստանվում հրեաների կողմից, ո՛վ Ագրիպպաս արքա։ 8Ինչո՞ւ է ձեզ անհավատալի թվում, որ Աստված մեռելներին հարություն է տալիս։ 9Ես հենց ինքս անհրաժեշտ էի համարում Հիսուս Նազովրեցու անվանը հակառակ շատ բաներ անել, 10որ և արեցի Երուսաղեմում. քահանայապետներից իշխանություն ստանալով՝ սրբերից շատերին էի բանտարկում և նրանց սպանությանը հավանություն էի տալիս։ 11Բոլոր ժողովարաններում շատ անգամներ նրանց պատժելով՝ բռնադատում էի, որ հայհոյեին, և նրանց դեմ առավել ևս մոլեգնելով՝ հալածում էի մինչև օտար քաղաքներ։
Պողոսը պատմում է իր դարձի մասին
12Երբ քահանայապետների իշխանությամբ ու հանձնարարությամբ Դամասկոս էի գնում, 13կեսօրին ճանապարհին տեսա, ո՛վ արքա, որ երկնքից արեգակի լուսավորությունից առավել մի լույս փայլատակեց իմ և ինձ հետ գնացողների շուրջը։ 14Երբ մենք բոլորս գետնին ընկանք, լսեցի մի ձայն, որ եբրայերեն լեզվով ինձ ասում էր. "Սավո՛ւղ, Սավո՛ւղ, ինչո՞ւ ես ինձ հալածում. քեզ համար դժվար է մեխին ոտքով խփել"։ 15Իսկ ես ասացի. "Ո՞վ ես, Տե՛ր"։ Նա ասաց. "Ես Հիսուսն եմ, որին դու հալածում ես։ 16Բայց վե՛ր կաց և կանգնի՛ր ոտքերիդ վրա, որովհետև քեզ նրա համար երևացի, որ քեզ նշանակեմ պաշտոնյա և վկա այն բաների, ինչ դու տեսար, և այն բաների, որոնցով պիտի երևամ քեզ՝ 17ազատելու այն ժողովրդից ու հեթանոսներից, որոնց մեջ քեզ ուղարկում եմ, 18որպեսզի նրանց աչքերը բացես, խավարից դեպի լույսը և սատանայի իշխանությունից դեպի Աստված նրանց դարձնես, որպեսզի նրանք իմ հանդեպ ունեցած հավատով մեղքերի թողություն և սրբերի հետ ժառանգություն ստանան"։
19Ուստի, ո՛վ Ագրիպպաս արքա, ես երկնային տեսիլքին անհնազանդ չեղա, 20այլ նախ նրանց, ովքեր Դամասկոսում, Երուսաղեմում և Հրեաստանի բոլոր գավառներում էին, ինչպես նաև հեթանոսներին քարոզեցի, որ ապաշխարեն և դեպի Աստված դառնան՝ ապաշխարության արժանի գործեր կատարելով։ 21Այս բաների համար հրեաներն ինձ տաճարում բռնելով փորձեցին սպանել։ 22Արդ Աստծուց օգնություն հասավ, և ես մինչև այսօր կանգնած փոքրին ու մեծին վկայում եմ՝ ոչինչ չասելով այն բաներից դուրս, ինչ մարգարեներն ու Մովսեսն են խոսել լինելիք դեպքերի մասին, 23որ Քրիստոսը չարչարվելու է և մեռելներից առաջինը հարություն առած լինելով՝ ժողովրդին ու հեթանոսներին լույս է ավետարանելու»։
Կոչ ճշմարիտ հավատի
24Մինչ Պողոսը այս պատասխանն էր տալիս, Փեստոսը բարձրաձայն ասաց. «Ցնորվում ես, Պողո՛ս, քո բազում գիտելիքները քեզ մոլագարության են տանում»։ 25Իսկ Պողոսն ասաց. «Չեմ ցնորվում, նորի՛ն վսեմություն Փեստոս, այլ ճշմարտության և զգաստության խոսքեր եմ արտասանում։ 26Որովհետև այս բաներին թագավորն էլ է տեղյակ, որին և համարձակ ասում եմ. չեմ կարծում, թե սրանցից որևէ բան նրանից ծածկված լինի, քանի որ դա խուլ անկյունում չի եղել։ 27Մարգարեներին հավատո՞ւմ ես, ո՛վ Ագրիպպաս արքա. գիտեմ, որ հավատում ես»։ 28Ագրիպպասը Պողոսին ասաց. «Քիչ է մնում՝ ինձ էլ համոզես, որ քրիստոնյա դառնամ»։ 29Պողոսն ասաց. «Աստծուց կխնդրեի, որ ոչ միայն դու, այլ նաև բոլոր նրանք, ովքեր այսօր ինձ լսում են, քիչ թե շատ այնպիսին լինեին, ինչպիսին ես եմ, միայն առանց այս կապանքների»։
30Եվ երբ նա այս ասաց, թագավորը, կուսակալը, Բերնիկեն ու նրանց հետ բոլոր նստածները վեր կացան։ 31Գնալիս իրար հետ խոսում էին և ասում. «Այս մարդը մեռնելու կամ կապանքների արժանի բան չի արել»։ 32Բայց Ագրիպպասը Փեստոսին ասաց. «Այս մարդուն կարելի էր արձակել, եթե կայսրին դիմած չլիներ»։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in