YouVersion Logo
Search Icon

Գործք Առաքելոց 25

25
Պողոսի դիմումը կայսրին
1Երբ Փեստոսը նահանգ եկավ, երեք օր հետո Կեսարիայից Երուսաղեմ բարձրացավ։ 2Քահանայապետներն ու հրեաների գլխավորները Պողոսի մասին զեկուցեցին նրան և խնդրում էին, 3որ շնորհ անի և Պողոսին Երուսաղեմ կանչի, որովհետև դարան էին պատրաստել՝ ճանապարհին նրան սպանելու համար։ 4Սակայն Փեստոսը պատասխանեց, որ Պողոսը Կեսարիայում պիտի պահվի, և ինքն էլ շուտով այնտեղ է գնալու։ 5«Ձեզանից ովքեր կարող են,- ասաց,- թող ինձ հետ իջնեն, ու եթե այդ մարդու վրա որևէ հանցանք կա, թող ամբաստանեն նրան»։
6Եվ ութ կամ տասն օրից ոչ ավելի այնտեղ մնալով՝ Կեսարիա իջավ։ Հաջորդ օրն ատյան նստեց ու հրամայեց Պողոսին բերել։ 7Երբ նա եկավ, Երուսաղեմից իջած հրեաները նրա շուրջը հավաքվեցին և Պողոսի դեմ բազում մեղադրանքներ բերեցին, որոնք չէին կարողանում ապացուցել, 8որովհետև նա պատասխանում էր. «Ո՛չ հրեաների օրենքի, ո՛չ տաճարի, ո՛չ էլ կայսրի դեմ որևէ մեղք չեմ գործել»։ 9Բայց Փեստոսը, ցանկանալով հրեաներին շնորհ անել, Պողոսին ասաց. «Ուզո՞ւմ ես Երուսաղեմ բարձրանալ և այդ բաների համար իմ առաջ այնտեղ դատվել»։ 10Պողոսն ասաց. «Ես կանգնած եմ կայսեր ատյանի առաջ, որտեղ պետք է դատվեմ։ Հրեաներին ոչ մի անիրավություն չեմ արել, և ինքդ էլ քաջ գիտես։ 11Եթե մեղավոր եմ և մահվան արժանի բան եմ կատարել, մեռնելուց չեմ խուսափում։ Իսկ եթե ոչինչ չկա, որի համար սրանք ամբաստանում են ինձ, ոչ ոք ինձ չի կարող դրանց հանձնել։ Կայսրին եմ դիմում»։ 12Այդժամ Փեստոսը խորհրդի հետ խոսելուց հետո պատասխանեց. «Կայսրին դիմեցիր, կայսրի մոտ էլ կգնաս»։
Պողոսը Ագրիպպաս թագավորի առաջ
13Մի քանի օր անց Ագրիպպաս թագավորն ու Բերնիկեն իջան Կեսարիա՝ Փեստոսին ողջունելու։ 14Այստեղ բավականաչափ օրեր անցկացնելուց հետո Փեստոսը Պողոսի մասին տեղեկացրեց թագավորին ու ասաց. «Այստեղ Փելիքսի կողմից բանտարկված մի մարդ է մնացել, 15որի մասին ինձ քահանայապետներն ու հրեաների երեցները տեղեկացրին, երբ Երուսաղեմում էի։ Նրանք նրա պատիժն են պահանջում։ 16Նրանց պատասխանեցի. "Հռոմեացիների համար օրինական չէ որևէ մարդու հանձնել ատյանի, մինչև ամբաստանյալն իր առաջ իրեն մեղադրողներին չունենա և այդ մեղադրանքին պատասխանելու հնարավորությունը չստանա"։ 17Երբ նրանց հետ այստեղ եկա, առանց հապաղելու հաջորդ օրն իսկ ատյան նստելով՝ հրամայեցի բերել այդ մարդուն։ 18Նրա դեմ առաջադրված մեղադրանքներից ոչ մեկը ես լուրջ չեմ համարում։ 19Դրանք իրենց կրոնի հետ կապված որոշ խնդիրներ են ոմն մեռած Հիսուսի վերաբերյալ, որի մասին Պողոսն ասում էր, թե կենդանի է։ 20Երբ այսպիսի խնդիրների քննության համար տարակուսանքի մեջ ընկա, ասացի, թե արդյոք ցանկանո՞ւմ է Երուսաղեմ գնալ և այդ բաների համար այնտեղ դատվել։ 21Բայց երբ Պողոսը պահանջեց, որ ինքը պետք է պահվի Օգոստափառ կայսեր վճռի համար, ես հրամայեցի նրան պահել, մինչև կայսեր մոտ ուղարկեմ»։ 22Ագրիպպասը Փեստոսին ասաց. «Ես էլ կուզենայի լսել այդ մարդուն»։ Նա ասաց. «Վաղը կլսես»։
23Հաջորդ օրը, երբ Ագրիպպասն ու Բերնիկեն մեծ հանդիսավորությամբ եկան ու հազարապետների և քաղաքի պատվավոր մարդկանց հետ ատյան մտան, Փեստոսը հրամայեց, ու Պողոսին բերեցին։ 24Փեստոսն ասաց. «Ագրիպպա՛ս թագավոր և մեզ հետ ներկա ամե՛նքդ. տեսնում եք սրան, որի համար հրեա ամբողջ ժողովուրդն ինձ մոտ եկավ՝ թե՛ Երուսաղեմում և թե՛ այստեղ՝ աղաղակելով, որ նա չպետք է կենդանի մնա։ 25Բայց ես հասկացա, որ նա մահվան արժանի ոչինչ չի արել։ Իսկ քանի որ նա դիմել էր Օգոստափառին, մտածեցի, որ այնտեղ ուղարկեմ նրան։ 26Նրա մասին ճշգրիտ որևէ բան չունեմ տիրոջս գրելու։ Այդ պատճառով նրան ձեր առաջ բերեցի և մանավանդ քո՛ առաջ, ո՛վ Ագրիպպաս թագավոր, որ վերաքննելով՝ գրելու որևէ բան ունենամ, 27քանի որ ինձ անտրամաբանական է թվում որևէ բանտարկյալի ուղարկել՝ առանց նրա դեմ հանցանք նշելու»։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in