YouVersion Logo
Search Icon

Գործք Առաքելոց 22

22
Երուսաղեմում հրեաներին ուղղված Պողոսի ճառը
1«Եղբայրնե՛ր ու հայրե՛ր, այժմ լսե՛ք իմ՝ ձեզ ուղղված պատասխանը»։ 2Երբ լսեցին, որ եբրայերեն լեզվով իրենց դիմեց, առավել ևս հանդարտվեցին։ Եվ ասաց. 3«Ես հրեա մարդ եմ՝ ծնված Կիլիկիայի Տարսոնում, դաստիարակված այս քաղաքում, կրթված Գամաղիելի ոտքերի մոտ՝ մեր հայրենի օրենքի ճշտության համաձայն։ Նախանձահույզ էի Աստծու նկատմամբ, ինչպես այսօր դուք բոլորդ։ 4Ես մինչև մահ հալածում էի այս ուղղությունը՝ տղամարդկանց ու կանանց կապելով և բանտերի մատնելով։ 5Ինչպես իմ մասին վկայում են քահանայապետը և ողջ ծերակույտը, նրանցից եղբայրներին ուղղված նամակներն առնելով՝ գնում էի Դամասկոս, որպեսզի այնտեղ գտնվողներին ևս կապելով՝ բերեի Երուսաղեմ՝ պատժվելու։
6Երբ գնալիս Դամասկոսին էի մոտենում, կեսօրվա մոտ հանկարծ երկնքից շուրջս ուժեղ լույս փայլատակեց։ 7Ես ընկա գետնին և մի ձայն լսեցի, որ ինձ ասում էր. "Սավո՛ւղ, Սավո՛ւղ, ինչո՞ւ ես հալածում ինձ"։ 8Ես պատասխանեցի. "Ո՞վ ես, Տե՛ր"։ Եվ ինձ ասաց. "Ես Հիսուս Նազովրեցին եմ, որին դու հալածում ես"։ 9Ինձ հետ եղողները լույսը տեսնում էին, սակայն ինձ հետ խոսողի ձայնը չէին լսում։ 10Ես ասացի. "Ի՞նչ պետք է անեմ, Տե՛ր"։ Տերն ինձ ասաց. "Վեր կաց գնա՛ Դամասկոս, և այնտեղ քեզ կասվի այն ամենի մասին, ինչ քեզ համար որոշված է, որ անես"։ 11Եվ քանի որ այդ լույսի փայլի պատճառով չէի տեսնում, ինձ հետ եղողները ձեռքիցս բռնեցին, ու ես մտա Դամասկոս։
12Անանիա անունով մի մարդ՝ օրենքին հավատարիմ և Դամասկոսում ապրող բոլոր հրեաների կողմից վկայված, 13եկավ կանգնեց ինձ մոտ ու ասաց. "Սավո՛ւղ եղբայր, վերստին ստացի՛ր տեսողությունդ"։ Եվ ես նույն պահին տեսողությունս վերագտա ու տեսա նրան։ 14Եվ նա ինձ ասաց. "Մեր հայրերի Աստվածը քեզ նախասահմանեց, որ իր կամքը ճանաչես, Արդարին տեսնես ու նրա բերանից ձայնը լսես, 15որպեսզի բոլոր մարդկանց առաջ նրա վկան լինես այն բաների մասին, որ տեսար ու լսեցիր։ 16Այժմ ինչո՞ւ ես հապաղում. վե՛ր կաց, մկրտվի՛ր ու լվա՛ քո մեղքերը՝ նրա անունը կանչելով"։
17Երբ ես Երուսաղեմ վերադարձա և տաճարում աղոթում էի, մտքի հափշտակության մեջ ընկա. 18ես տեսա նրան, որ ինձ ասում էր. "Փութա՛, շտապ դո՛ւրս գնա Երուսաղեմից, որովհետև իմ մասին քո վկայությունը չեն ընդունելու"։ 19Իսկ ես ասացի. "Տե՛ր, նրանք գիտեն, որ ես էի բանտ նստեցնում և ժողովարաններում գանահարել տալիս քեզ հավատացողներին։ 20Եվ երբ քո վկայի՝ Ստեփանոսի արյունը թափվում էր, ես ինքս նրա մոտ կանգնած էի, հավանություն էի տվել նրա սպանությանը և պահում էի նրան սպանողների հագուստները"։ 21Բայց նա ինձ ասաց. "Գնա՛, որովհետև ես քեզ ուղարկելու եմ հեռու՝ հեթանոսների մոտ"»։
Պողոսը՝ Հռոմի քաղաքացին
22Մինչև այս խոսքը նրան լսում էին, բայց հետո իրենց ձայնը բարձրացրին ու ասացին. «Երկրից վերացրո՛ւ այդպիսի մեկին, որովհետև դա չպետք է ապրի»։ 23Եվ աղաղակելով հանում էին հագուստները, վեր գցում և փոշին օդ ցանում։ 24Հազարապետը հրամայեց նրան բերդ մտցնել՝ ասելով. «Ծեծելով հարցաքննե՛ք դրան, որպեսզի իմանամ, թե ի՛նչ հանցանքի համար են նրա դեմ այդպես աղաղակում»։ 25Երբ նրան կաշեփոկերով պինդ կապեցին, Պողոսն իր մոտ կանգնած հարյուրապետին ասաց. «Թույլատրվո՞ւմ է ձեզ ծեծել հռոմեացի և չդատված մարդուն»։ 26Երբ հարյուրապետը լսեց, մոտեցավ հազարապետին ու ասաց. «Ի՞նչ ես պատրաստվում անել, որովհետև այս մարդը Հռոմի քաղաքացի է»։ 27Հազարապետը մոտեցավ ու նրան ասաց. «Ասա՛ ինձ, դու հռոմեացի՞ ես». նա պատասխանեց. «Այո՛»։ 28Եվ հազարապետն ասաց. «Ես մեծ դրամագլխով եմ ստացել այս քաղաքացիությունը»։ Իսկ Պողոսն ասաց. «Ես ծնունդով իսկ քաղաքացի եմ»։ 29Ուստի նրանք, ովքեր հարցաքննելու էին, իսկույն հեռացան նրանից։ Հազարապետը ևս վախեցավ, երբ իմացավ, որ հռոմեացի է, որովհետև կապանքի տակ էր պահել նրան։
Պողոսն ատյանի առաջ
30Հաջորդ օրը հազարապետը, ցանկանալով հրեաների ամբաստանության մասին ճշմարտությունն իմանալ, Պողոսին կապերից արձակեց և հրամայեց կանչել քահանայապետներին ու հավաքել ամբողջ ատյանը։ Իսկ Պողոսին բերեց և նրանց առաջ կանգնեցրեց։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in