Գործք Առաքելոց 16
16
Պողոսը, Շիղան և Տիմոթեոսը
1 Պողոսը եկավ Դերբե ու Լյուստրա։ Այնտեղ Տիմոթեոս անունով մի աշակերտ կար՝ հրեա հավատացյալ կնոջ և հույն հոր որդի, 2որը վկայված էր լյուստրացի և իկոնիացի եղբայրներից։ 3Պողոսը կամենում էր նրան իր հետ տանել և վերցրեց նրան թլփատեց այդ տեղերում գտնվող հրեաների պատճառով, որովհետև բոլորն էլ գիտեին, որ նրա հայրը հույն էր։ 4Երբ անցնում էին քաղաքներով, նրանց ավանդում էին պահել այն հրամանները, որոնք պատվիրել էին Երուսաղեմում գտնվող առաքյալներն ու երեցները։ 5Եկեղեցիները հաստատվում էին հավատի մեջ, և օրեցօր նրանց թիվն ավելանում էր։
Առաքյալները կտրում-անցնում են Փոքր Ասիան
6Եվ շրջեցին Փռյուգիայում ու գաղատացիների երկրում՝ արգելվելով Սուրբ Հոգուց, որ Ասիայում Աստծու խոսքը չքարոզեն։ 7Երբ Մյուսիայի սահմանները եկան, ջանում էին դեպի Բյութանիա գնալ, բայց Հիսուսի Հոգին նրանց թույլ չտվեց։ 8Եվ Մյուսիայով անցնելով՝ իջան Տրովադա։ 9Գիշերը Պողոսին տեսիլք երևաց. մի մակեդոնացի մարդ կանգնել, նրան աղաչում էր ու ասում. «Անցի՛ր Մակեդոնիա և օգնի՛ր մեզ»։ 10Երբ այդ տեսիլքը տեսավ, իսկույն ցանկացանք դեպի Մակեդոնիա ելնել՝ համոզված լինելով, որ Տերը մեզ հրավիրեց նրանց ավետարանելու։
Լիդիայի դարձը
11Տրովադայից նավարկելով՝ ուղղվեցինք դեպի Սամոթրակե, իսկ հաջորդ օրը՝ Նեապոլիս, 12այնտեղից՝ Փիլիպպե, որ Մակեդոնիայի շրջանի գլխավոր քաղաքն է՝ հռոմեական գաղութ։ Այդ քաղաքում մենք մնացինք մի քանի օր։ 13Շաբաթ օրը քաղաքից դուրս՝ դեպի գետափ գնացինք, որտեղ սովոր էին աղոթք անելու։ Նստած խոսում էինք այնտեղ հավաքված կանանց հետ։ 14Լիդիա անունով աստվածավախ մի կին, որ Թիատիրա քաղաքից էր և ծիրանի զգեստներ վաճառող, լսում էր. նրա սիրտը Տերն էր բացել, որպեսզի անսար Պողոսի խոսքերին։ 15Երբ նա և իր ընտանիքը մկրտվեցին, աղաչեց մեզ՝ ասելով. «Եթե ինձ Տիրոջը հավատացող եք համարում, իմ տո՛ւն մտեք, մնացե՛ք»։ Եվ ստիպելով մեզ տարավ։
Պողոսի և Շիղայի բանտարկությունը Փիլիպպեում
16Երբ մենք աղոթելու էինք գնում, մեզ պատահեց մի աղախին, որ հարցուկ ոգի ուներ և գուշակությամբ իր տերերին մեծ շահ էր բերում։ 17Նա, Պողոսի և մեր հետևից ընկած, աղաղակում էր ու ասում. «Այս մարդիկ Բարձրյալ Աստծու ծառաներն են, որոնք ձեզ փրկության ճանապարհն են հայտնում»։ 18Եվ բազում օրեր նույն բանն էր անում։ Իսկ Պողոսը զայրանալով դարձավ ու այդ ոգուն ասաց. «Քեզ հրամայում եմ Հիսուս Քրիստոսի անունով, դրա միջից դո՛ւրս ել»։ Եվ նույն ժամին դուրս ելավ։ 19Եվ երբ նրա տերերը տեսան, որ իրենց եկամտի հույսը կտրվեց, Պողոսին ու Շիղային բռնելով՝ քարշ տվեցին հրապարակ՝ իշխանների առաջ։ 20Նրանց տարան զորապետների մոտ ու ասացին. «Այս մարդիկ խռովում են մեր քաղաքը. նրանք հրեաներ են։ 21Եվ այնպիսի սովորույթներ են քարոզում, որ մեզ՝ հռոմեացիներիս, օրինավոր չէ ո՛չ ընդունել, ո՛չ էլ գործադրել»։ 22Եվ ամբոխը նրանց վրա նետվեց. զորապետները նրանց զգեստները պատռել տվեցին ու հրամայեցին, որ գանահարեն։ 23Նրանց շատ վերքեր հասցնելուց հետո բանտարկեցին՝ բանտապետին պատվիրելով, որ նրանց զգուշությամբ պահի։ 24Նա էլ, այսպիսի հրաման ստանալով, նրանց մեկուսարան գցեց և նրանց ոտքերը կոճղի մեջ ամրացրեց։
Առաքյալների ազատումը հրաշագործությամբ
25Կեսգիշերին Պողոսն ու Շիղան աղոթելով օրհնում էին Աստծուն, իսկ բանտարկյալները նրանց ականջ էին դնում։ 26Հանկարծ մեծ ցնցում եղավ, այնպես, որ բանտի հիմքերը շարժվեցին, և բոլոր դռներն իսկույն բացվեցին, ու բոլորի կապանքներն արձակվեցին։ 27Երբ բանտապետը, արթնանալով, բանտի դռները բացված տեսավ, սուրը քաշեց և ուզում էր ինքն իրեն սպանել, որովհետև կարծում էր, թե բանտարկյալները փախել են։ 28Բայց Պողոսը բարձրաձայն կանչեց և ասաց. «Դու քեզ չվնասե՛ս, որովհետև մենք բոլորս այստեղ ենք»։ 29Նա լույս խնդրեց, ներս վազեց և դողալով Պողոսի ու Շիղայի առաջ ընկավ։ 30Նրանց դուրս բերելով՝ ասաց. «Տյա՛րք, ես ի՞նչ պետք է անեմ, որ փրկվեմ»։ 31Նրանք ասացին. «Հավատա՛ Տեր Հիսուս Քրիստոսին, և կփրկվեք դու և քո ընտանիքը»։ 32Եվ Տիրոջ խոսքը քարոզեցին նրան և բոլոր նրանց, ովքեր նրա տանն էին։ 33Գիշերվա նույն ժամին նրանց տարավ, վերքերը լվաց, և իսկույն մկրտվեցին ինքը և բոլոր յուրայինները։ 34Նրանց իր տուն տանելով՝ սեղան դրեց և իր ամբողջ ընտանիքով ուրախացավ Աստծուն հավատացած լինելու համար։
35Լույսը բացվելուն պես զորապետները նվիրակներ ուղարկեցին ու ասացին. «Արձակի՛ր այդ մարդկանց»։ 36Բանտապետն այս խոսքերը հայտնեց Պողոսին. «Զորապետները մարդ են ուղարկել, որ ազատ արձակվեք։ Արդ դո՛ւրս եկեք և գնացե՛ք խաղաղությամբ»։ 37Իսկ Պողոսը նրանց ասաց. «Մեզ՝ անմեղներիս, որ հռոմեացի ենք, հրապարակավ ծեծեցին և բանտ նետեցին, հիմա մեզ ծածո՞ւկ են դուրս բերում. իհարկե ո՛չ, թող իրե՛նք գան և մեզ դուրս հանեն»։ 38Նվիրակներն այդ խոսքերը զորապետներին հաղորդեցին. երբ նրանք լսեցին, որ հռոմեացի են, վախեցան։ 39Եկան և նրանցից ներողություն խնդրեցին։ Երբ նրանց դուրս հանեցին, աղաչում էին հեռանալ քաղաքից։ 40Նրանք բանտից դուրս ելան ու մտան Լիդիայի մոտ և եղբայրներին տեսնելով՝ նրանց քաջալերեցին ու հեռացան։
Currently Selected:
Գործք Առաքելոց 16: ՆՎԱԱ
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
© Bible Society in Armenia, 2018