Գործք Առաքելոց 15
15
Երուսաղեմի առաքելական ժողովը
1Ոմանք, Հրեաստանից գալով, եղբայրներին ուսուցանում էին. «Եթե Մովսեսի օրենքի համաձայն չթլփատվեք, չեք կարող փրկվել»։ 2Երբ Պողոսն ու Բառնաբասը նրանց հետ բավական հակառակություն ու վեճ ունեցան, որոշեցին, որ Պողոսն ու Բառնաբասը և նրանցից ոմանք այդ խնդրի համար բարձրանան Երուսաղեմ՝ առաքյալների և երեցների մոտ։ 3Նրանք եկեղեցու կողմից ճանապարհ դրվեցին և Փյունիկեի ու Սամարիայի միջով անցնելով՝ պատմում էին հեթանոսների դարձի մասին և բոլոր եղբայրներին մեծ ուրախություն պատճառում։ 4Երբ Երուսաղեմ հասան, ընդունվեցին եկեղեցու, առաքյալների և երեցների կողմից ու պատմեցին, թե Աստված ինչե՛ր արեց իրենց հետ։ 5Փարիսեցիների աղանդից որոշ հավատացյալներ վեր կացան և ասացին. «Դրանց պետք է թլփատել ու պատվիրել, որ Մովսեսի օրենքը պահեն»։
6Եվ առաքյալներն ու երեցները հավաքվեցին այս հարցը քննելու։ 7Երկար վիճաբանությունից հետո Պետրոսը վեր կացավ ու նրանց ասաց. «Եղբայրնե՛ր, դուք գիտեք, որ Աստծու ընտրությամբ է, որ առաջին օրերից ձեր միջից հեթանոսներն իմ բերանով Ավետարանի խոսքը լսեցին ու հավատացին։ 8Եվ Աստված, որ գիտի մարդկանց սրտերը, նրանց վկայեց՝ Սուրբ Հոգին տալով նրանց այնպես, ինչպես մեզ։ 9Եվ նրանց ու մեր միջև ոչ մի խտրություն չդրեց՝ հավատով նրանց սրտերը մաքրելով։ 10Հիմա ինչո՞ւ եք փորձում Աստծուն՝ աշակերտների վզին դնելով մի լուծ, որ ո՛չ մեր հայրերը կարողացան տանել, ո՛չ էլ մենք։ 11Բայց Տեր Հիսուսի շնորհով հավատում ենք, որ կփրկվենք, ինչպես և նրանք»։
12Եվ ողջ ժողովը լռեց. լսում էին Բառնաբասին ու Պողոսին, որոնք պատմում էին, թե Աստված հեթանոսների մեջ իրենց միջոցով որքա՛ն նշաններ ու հրաշքներ կատարեց։ 13Եվ երբ նրանք լռեցին, Հակոբոսն ասաց. «Եղբայրնե՛ր, լսե՛ք ինձ։ 14Շմավոնը պատմեց, թե ինչպե՛ս Աստված սկզբից ևեթ հոգացել էր, որ հեթանոսներից իր անունով մի ժողովուրդ ձևավորի։ 15Դրան են համապատասխանում մարգարեների խոսքերը, ինչպես որ գրված է.
16 "Սրանից հետո կվերադառնամ
ու Դավթի քանդված տունը կվերաշինեմ,
նրա ավերակները կվերակառուցեմ
և կվերականգնեմ այն,
17 որպեսզի Տիրոջը փնտրեն մնացած մարդիկ
և այն բոլոր հեթանոսները, որոնց վրա իմ անունն է դրված.
18 ասում է Տերը, նա, որ անում է այս ամենը" (Ամս. 9.11-12),
և որի գործերը հայտնի են դարեր առաջ։ 19Դրա համար ես կարծում եմ՝ չպետք է նեղել այն հեթանոսներին, որոնք դառնում են Աստծուն։ 20Բայց թող նրանց ուղղված թուղթ գրվի, որ խորշեն կուռքերի պղծությունից, պոռնկությունից, խեղդամահ արված կենդանու մսից ու արյունից։ 21Որովհետև Մովսեսի օրենքը, առաջին սերունդներից սկսած, յուրաքանչյուր քաղաքում իր քարոզիչներն ունի և ժողովարաններում ամեն շաբաթ օր ընթերցվում է»։
Առաքելական թուղթ
22Այդ ժամանակ առաքյալներին ու երեցներին ամբողջ եկեղեցու հետ միասին հաճելի թվաց իրենց միջից ընտրված մարդկանց Պողոսի և Բառնաբասի հետ ուղարկել Անտիոք. Բարսաբբաս կոչված Հուդային և Շիղային, որոնք եղբայրների մեջ առաջնորդներից էին։ 23Նրանց միջոցով գրեցին այս նամակը.
«Առաքյալներից, երեցներից ու եղբայրներից՝ Անտիոքում, Ասորիքում և Կիլիկիայում հեթանոսներից դարձած եղբայրներիդ ողջո՜ւյն։ 24Քանի որ լսեցինք, որ մեզանից ոմանք, որոնց մենք չէինք հրամայել, խոսքերով խռովեցրել են ձեզ ու ձեր հոգիները խաթարել, 25մենք՝ միաբան հավաքվածներս, հարմար համարեցինք ընտրյալ մարդկանց ուղարկել ձեզ մոտ՝ մեր սիրելիների՝ Բառնաբասի և Պողոսի հետ միասին. 26մարդիկ, որոնք իրենց կյանքն ընծայել են մեր Տեր Հիսուս Քրիստոսի անվան համար։ 27Արդ Հուդային ու Շիղային ուղարկեցինք, որպեսզի նրանք էլ խոսքով նույնը հաղորդեն։ 28Որովհետև Սուրբ Հոգուն և մեզ հաճելի թվաց ավելի ոչ մի բեռ չդնել ձեզ վրա, բացի այս անհրաժեշտներից՝ 29հեռու մնալ կուռքին զոհաբերվածից և արյունից, խեղդամահ արված կենդանիներից ու պոռնկությունից։ Ձեզ դրանցից հեռու պահելով՝ բարին կգործեք. ո՛ղջ եղեք»։
Պատգամավորներ Անտիոքում
30Եվ նրանք, արձակվելով, իջան Անտիոք, ժողովրդին հավաքեցին և նամակը հանձնեցին։ 31Ընթերցելով՝ նրանք ուրախացան քաջալերանքի համար։ 32Հուդան ու Շիղան, քանի որ նույնպես մարգարեներ էին, բազում խոսքերով քաջալերեցին ու ամրապնդեցին եղբայրներին։ 33Միառժամանակ այնտեղ մնալուց հետո եղբայրների կողմից խաղաղությամբ հետ ուղարկվեցին առաքյալների մոտ։ 34#15.34 Հն. ձեռ. չունեն այս համարը։ Բայց Շիղան լավ համարեց այնտեղ մնալ։ 35Իսկ Պողոսն ու Բառնաբասը Անտիոքում էին մնում և ուրիշ շատերի հետ Տիրոջ խոսքն էին ուսուցանում ու քարոզում։
Պողոսի և Բառնաբասի բաժանումը
36Սակայն մի քանի օր հետո Պողոսը Բառնաբասին ասաց. «Արի՛ վերադառնանք ու մեր եղբայրներին այցելենք բոլոր այն քաղաքներում, որոնց մեջ Տիրոջ խոսքը քարոզեցինք, և տեսնենք, թե ինչպե՛ս են նրանք ապրում»։ 37Բառնաբասը ցանկանում էր Մարկոս կոչված Հովհաննեսին էլ վերցնել։ 38Բայց Պողոսը մտածում էր, որ Պամփյուլիայում իրենցից բաժանվածին և իրենց հետ գործի համար չեկածին չպետք է վերցնեն իրենց հետ։ 39Եվ նրանց միջև այնպիսի գժտություն եղավ, որ իրարից բաժանվեցին. Բառնաբասը, Մարկոսին վերցնելով, նավարկեց Կիպրոս, 40իսկ Պողոսը, Շիղային ընտրելով, ճանապարհ ընկավ՝ եղբայրների կողմից Աստծու շնորհին հանձնվելով։ 41Եվ Ասորիքում ու Կիլիկիայում շրջելով՝ հաստատում էր եկեղեցիները։
Currently Selected:
Գործք Առաքելոց 15: ՆՎԱԱ
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
© Bible Society in Armenia, 2018