YouVersion Logo
Search Icon

Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 3

3
1Երկարատև պատերազմ եղավ Սավուղի տան և Դավթի տան միջև. Դավիթը գնալով հզորանում էր, իսկ Սավուղի տունը գնալով ավելի էր տկարանում։
Դավթի որդիները
2Եվ Քեբրոնում Դավթին որդիներ ծնվեցին. նրա անդրանիկը Ամնոնն էր՝ ծնված հեզրայելացի Աքինոամից, 3նրա երկրորդը Քիլաբն էր՝ կարմելացի Նաբաղի կին Աբիգեայից, երրորդը Աբիսողոմն էր՝ Գեսուրի թագավորի՝ Թոլմիի աղջիկ Մաաքայի որդին, 4չորրորդը Ադոնիան էր՝ Ագգիթի որդին, հինգերորդը Սափատիան էր՝ Աբիտալի որդին, 5և վեցերորդը Դավթի կին Էդղայից ծնված Հեթրամն էր։ Քեբրոնում Դավթին սրանք ծնվեցին։
6Եվ քանի դեռ պատերազմ կար Սավուղի տան և Դավթի տան միջև, Աբենները թիկունք էր Սավուղի տան համար։ 7Սավուղը մի հարճ ուներ՝ անունը Ռեսփա՝ Այիայի աղջիկը։ Եվ Հեբուսթեն Աբեններին ասաց. «Ինչո՞ւ ես մոտեցել իմ հոր հարճին»։
Աբենները միանում է Դավթին
8Եվ Աբենները շատ բարկացավ Հեբուսթեի խոսքերի համար և ասաց. «Մի՞թե ես Հուդային պատկանող շան գլուխ եմ, որ այսօր շարունակում եմ հավատարմություն ցույց տալ քո հոր՝ Սավուղի տանը, նրա եղբայրներին ու բարեկամներին, իսկ քեզ չմատնեցի Դավթի ձեռքը, իսկ դու այսօր այդ կնոջ համար մեղադրո՞ւմ ես ինձ։ 9Աստված Աբեններին թող այսպես ու սրանից ավելին անի, եթե Դավթի համար չանեմ այն, ինչ Տերը երդվեց նրան, 10այսինքն՝ թագավորությունը վերցնեմ Սավուղի տանից և Դավթի աթոռը հաստատեմ Իսրայելի վրա և Հուդայի վրա՝ Դանից մինչև Բերսաբեե»։ 11Հեբուսթեն, Աբեններից վախենալով, այլևս չկարողացավ պատասխան տալ նրան։
12Եվ Աբեններն իր կողմից պատգամավորներ ուղարկեց Դավթի մոտ՝ ասելով. «Ո՞ւմն է այս երկիրը»։ Եվ ասաց. «Ինձ հետ դաշի՛նք կնքիր, և իմ ձեռքը կլինի քեզ հետ՝ ամբողջ Իսրայելը դեպի քեզ դարձնելու համար»։ 13Դավիթն ասաց. «Լավ, ես քեզ հետ դաշինք կկնքեմ, բայց քեզանից մի բան եմ պահանջում. եթե ուզում ես գալ ինձ տեսնելու, մինչև Սավուղի աղջկան՝ Մեղքողին, չբերես քեզ հետ, իմ երեսը տեսնելու չգաս»։ 14Եվ Դավիթը Սավուղի որդի Հեբուսթեի մոտ դեսպաններ ուղարկեց՝ ասելով. «Ի՛նձ տուր իմ կին Մեղքողին, որին առել եմ փղշտացիների հարյուր անթլփատության դիմաց»։ 15Եվ Հեբուսթեն մարդ ուղարկեց ու Մեղքողին վերցրեց նրա ամուսնուց՝ Լայիսի որդի Փաղտիելից։ 16Եվ նրա ամուսինը, նրա ետևից լալով, գնաց մինչև Բավուրիմ։ Եվ Աբենները նրան ասաց. «Ե՛տ դարձիր, գնա՛»։ Եվ նա ետ դարձավ։
17Եվ Աբենները խորհրդակցեց Իսրայելի ծերերի հետ ու ասաց. «Սկզբից ևեթ ուզում էիք, որ Դավիթը թագավոր լինի ձեզ վրա։ 18Դե, հիմա արե՛ք. որովհետև Տերը խոսել և ասել է Դավթի համար. “Իմ ծառա Դավթի ձեռքով պիտի ազատեմ Իսրայելի իմ ժողովրդին փղշտացիների ձեռքից և նրա բոլոր թշնամիների ձեռքից”»։ 19Աբենները խոսեց նաև Բենիամինի ցեղի հետ։ Աբենները նույնպես գնաց Քեբրոն, որ Դավթին էլ ասի այն, ինչ հաճելի էր թվացել Իսրայելին և Բենիամինի ամբողջ տանը։ 20Եվ Աբենները քսան մարդու հետ եկավ Քեբրոն՝ Դավթի մոտ։ Եվ Դավիթը Աբեններին ու նրա հետ եկած մարդկանց համար խնջույք արեց։ 21Եվ Աբենները Դավթին ասաց. «Ես վեր կենամ գնամ և ամբողջ Իսրայելի ժողովրդին հավաքեմ իմ տեր թագավորի մոտ, որ նրանք դաշինք կնքեն քեզ հետ, և դու սրտիդ ամբողջ ուզածի պես թագավորես»։ Եվ Դավիթն ուղարկեց Աբեններին, ու նա գնաց խաղաղությամբ։
Աբենները սպանվում է
22Եվ ահա Դավթի զինվորներն ու Հովաբը վերադարձան ասպատակությունից և իրենց հետ շատ ավար բերին, իսկ Աբենները Դավթի մոտ՝ Քեբրոնում չէր, քանի որ Դավիթը նրան ուղարկել էր, և նա գնացել էր խաղաղությամբ։ 23Եվ երբ Հովաբն ու նրա հետ եղած ամբողջ զորքը եկան, Հովաբին պատմեցին և ասացին. «Ների որդի Աբենները եկավ թագավորի մոտ, նա էլ ուղարկեց նրան, և նա գնաց խաղաղությամբ»։ 24Այդ ժամանակ Հովաբը թագավորի մոտ գնաց և ասաց. «Ի՞նչ ես արել. Աբենները ահա եկել է քեզ մոտ, ինչո՞ւ ես նրան թույլ տվել, և նա գնացել է։ 25Դու չգիտե՞ս, որ Ների որդի Աբենները եկել է քեզ խաբելու և քո անցուդարձը հասկանալու և իմանալու քո բոլոր գործերը»։ 26Երբ Հովաբը դուրս եկավ Դավթի մոտից և պատգամավորներ ուղարկեց Աբենների ետևից, նրան ետ բերեցին Սիրայի ջրհորի մոտից, բայց Դավիթը չգիտեր։ 27Եվ երբ Աբենները վերադարձավ Քեբրոն, Հովաբը նրան քաշեց դռնից ներս՝ նրա հետ ծածուկ խոսակցություն ունենալու համար, և այնտեղ խոցեց նրա փորը՝ իր եղբայր Ասայելի արյան համար. և նա մեռավ։
28Դրանից հետո, երբ Դավիթը լսեց, ասաց. «Ես ու իմ թագավորությունը Ների որդի Աբենների արյունից հավիտյան անպարտ ենք Տիրոջ առաջ։ 29Հովաբի գլխին և նրա հոր ամբողջ տան վրա թող հասնի հանցանքը, և Հովաբի տանից անպակաս լինի սերմնակաթը, բորոտը, ցուպին կռթնողը, սրից ընկնողն ու հացի կարոտը»։ 30Այսպես Հովաբն ու իր եղբայր Աբեսսան սպանեցին Աբեններին, որովհետև նա Գաբավոնի մեջ պատերազմի ժամանակ սպանել էր իրենց եղբայր Ասայելին։
Աբենները թաղվում է
31Եվ Դավիթը Հովաբին ու նրա հետ եղող ամբողջ զորքին ասաց. «Պատառոտե՛ք ձեր հագուստը և քրձե՛ր հագեք ու լա՛ց եղեք Աբենների առջև»։ Դավիթ թագավորը գնաց նրա դագաղի ետևից։ 32Աբեններին թաղեցին Քեբրոնում, և թագավորը ձայնը բարձրացրեց ու լաց եղավ Աբենների գերեզմանի վրա, և ամբողջ ժողովուրդն էլ լաց եղավ։
33Թագավորը ողբաց Աբենների համար և ասաց.
«Մի՞թե Աբենները այդպես պիտի մեռներ՝
անզգամի մեռնելու նման.
34Քո ձեռքերը կապված չէին,
Եվ քո ոտքերը դրված չէին կապանքի մեջ.
Անօրենների առջև ընկնողի նման ընկար»։
Եվ ամբողջ զորքը դարձյալ լաց եղավ նրա վրա։ 35Եվ ամբողջ զորքը եկավ, որ Դավթին հաց կերցնի, քանի դեռ ցերեկ էր, բայց Դավիթը երդվեց և ասաց. «Աստված ինձ այսպես ու սրանից ավելին անի, եթե արեգակը մայր մտնելուց առաջ հաց կամ ուրիշ բան ճաշակեմ»։ 36Եվ ամբողջ զորքը ուշադրություն դարձրեց, և այդ բանն իրեն հաճելի թվաց, ինչպես ամբողջ ժողովրդի աչքին հաճելի է թագավորի ամեն արածը։ 37Եվ այդ օրը ամբողջ զորքը և ամբողջ Իսրայելը հասկացան, որ Ների որդի Աբենների սպանությունը թագավորի կամքով չէր։ 38Եվ թագավորն ասաց իր զինվորներին. «Գիտե՞ք արդյոք, որ այսօր Իսրայելում ընկավ մի իշխան և մի մեծ մարդ։ 39Ես այսօր տկար եմ, թեև թագավոր եմ օծված, իսկ այս մարդիկ՝ Շարուհեայի որդիները, ինձ համար կատաղի են։ Չարիք գործողին թող Տերը հատուցի նրա չարության համեմատ»։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy