YouVersion Logo
Search Icon

Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 2

2
Դավիթը դառնում է Հուդայի թագավոր
1Սրանից հետո Դավիթը հարցրեց Տիրոջը և ասաց. «Գնա՞մ արդյոք Հուդայի քաղաքներից մեկը»։ Տերը նրան ասաց. «Գնա՛»։ Դավիթն ասաց. «Ո՞ւր գնամ»։ Տերն ասաց. «Քեբրոն»։ 2Դավիթն իր երկու կանանց՝ հեզրայելացի Աքինոամի և կարմելացի Նաբաղի կին Աբիգեայի հետ գնաց։ 3Եվ Դավիթն իր հետ եղած մարդկանց էլ՝ ամեն մեկին իր ընտանիքով տարավ, և բնակվեցին Քեբրոնի քաղաքներում։ 4Եվ Հուդայի մարդիկ եկան և այնտեղ Դավթին թագավոր օծեցին Հուդայի տան վրա։ Դավթին պատմեցին ու ասացին, որ Գաղաադի Հաբիսի բնակիչները թաղեցին Սավուղին։ 5Եվ Դավիթը Գաղաադի Հաբիսի բնակիչների մոտ պատգամավորներ ուղարկեց և նրանց ասաց. «Դուք Տիրոջից օրհնյալ լինեք, որ ձեր տիրոջը՝ Սավուղին, այս ողորմածությունն արեցիք և թաղեցիք նրան։ 6Թող Տերը իր ողորմածությամբ և ճշմարտությամբ հատուցի ձեզ, և ես էլ եմ հատուցելու ձեզ՝ ձեր արած այս լավության համար։ 7Հիմա թող զորանան ձեր ձեռքերը, և քաջե՛ր եղեք, քանզի ձեր տերը՝ Սավուղը, մեռավ, և Հուդայի տունը ինձ թագավոր օծեց իր վրա»։
Հեբուսթեն դառնում է Իսրայելի թագավոր
8Իսկ Սավուղի զորավար Ների որդի Աբենները վերցրեց Սավուղի որդի Հեբուսթեին,#2.8 Եբր. Իշբոշեթ։ նրան տարավ Մանայիմ,#2.8 Եբր. Մահանայիմ. երկու բանակատեղի։ 9նրան թագավոր դարձրեց Գաղաադի վրա, Ասուրիի վրա, Հեզրայելի վրա, Եփրեմի վրա, Բենիամինի վրա և ամբողջ Իսրայելի վրա։ 10Երբ Սավուղի որդի Հեբուսթեն թագավոր դարձավ Իսրայելի վրա, քառասուն տարեկան էր. և թագավորեց երկու տարի։ Միայն Հուդայի տունն էր հետևում Դավթին։ 11Եվ Հուդայի տան վրա՝ Քեբրոնում, Դավիթը թագավորեց յոթ տարի և վեց ամիս։
Պատերազմ Հուդայի և Իսրայելի միջև
12Եվ Աբենները՝ Ների որդին, և Սավուղի որդի Հեբուսթեի ծառաները վեր կացան ու Մանայիմից եկան Գաբավոն։ 13Եվ Շարուհեայի որդի Հովաբն ու Դավթի ծառաները դուրս եկան Քեբրոնից և նրանց հանդիպեցին Գաբավոնի ավազանի մոտ։ Սրանք նստեցին ավազանի մի կողմում, իսկ նրանք՝ մյուս կողմում։ 14Եվ Աբեններն ասաց Հովաբին. «Թող երիտասարդները վեր կենան և մրցեն մեր առջև»։ Եվ Հովաբն ասաց. «Թող վեր կենան»։ 15Եվ Բենիամինի ու Սավուղի որդի Հեբուսթեի կողմից վեր կացան թվով տասներկու երիտասարդ, և տասներկու երիտասարդ՝ Դավթի ծառաներից։ 16Ամեն մեկը բռնեց իր հակառակորդի գլխից և իր սուրը խրեց իր հակառակորդի կողը, և ընկան միասին. և այդ տեղի անունը դրեցին Քեղկաթ-Ասուրիմ#2.16 Այսինքն՝ սրերի արտը։, որը գտնվում է Գաբավոնում։
17Եվ այդ օրը պատերազմը սաստիկ եղավ, և Աբենները Իսրայելի մարդկանց հետ պարտվեց Դավթի ծառաներից։ 18Այնտեղ էին Շարուհեայի երեք որդիները՝ Հովաբը, Աբեսսան և Ասայելը։ Եվ Ասայելը դաշտի այծյամի նման թեթև ոտք ուներ։ 19Ասայելը հետապնդեց Աբեններին և Աբենների հետևից աջ կամ ձախ չխոտորվեց։ 20Եվ Աբենները ետ նայեց ու ասաց. «Ասայե՛լ, դո՞ւ ես»։ Եվ նա ասաց. «Ես եմ»։ 21Եվ Աբենները նրան ասաց. «Դեպի աջ կամ ձախ կո՛ղմդ թեքվիր, բռնի՛ր պատանիներից մեկին և նրա զենքերը վերցրո՛ւ քեզ համար»։ Բայց Ասայելը չուզեց հեռանալ նրանից։ 22Եվ Աբենները կրկնեց ու Ասայելին ասաց. «Ե՛տ դարձիր ինձանից. քեզ ինչո՞ւ զարկեմ գետնին. այն ժամանակ ես երեսս ինչպե՞ս պիտի բարձրացնեմ՝ նայելու քո եղբայր Հովաբին»։ 23Բայց նա չուզեց ետ դառնալ։ Եվ Աբենները նիզակի ետևի ծայրով զարկեց նրա փորին, և նիզակը դուրս եկավ նրա մեջքից։ Նա ընկավ այնտեղ և այնտեղ էլ մեռավ։ Եվ ով գալիս էր այն տեղը, ուր ընկել ու մեռել էր Ասայելը, կանգ էր առնում։ 24Եվ Հովաբն ու Աբեսան, Աբենների ետևից ընկած, հետապնդում էին, և երբ նրանք հասան Ամմայի բլուրը, որ Գիայի դիմաց է՝ Գաբավոնի անապատի ճանապարհի վրա, արեգակը մայր մտավ։
25Եվ Բենիամինի որդիները հավաքվեցին Աբենների շուրջը, դարձան մի գունդ և կանգնեցին մի բլրի գագաթին։ 26Աբենները կանչեց Հովաբին՝ ասելով. «Մի՞թե սուրը մշտապես պիտի ուտի. չգիտե՞ս, որ սրա վերջը դառն է լինելու։ Ժողովրդին մինչև ե՞րբ չես ասելու, որ ետ դառնան իրենց եղբայրներին հալածելուց»։ 27Եվ Հովաբն ասաց. «Կենդանի է Աստված. եթե դու խոսած լինեիր, ժողովրդից ամեն մեկը առավոտվանից ետ կանգնած կլիներ իր եղբայրներին հալածելուց»։
28Այդ ժամանակ Հովաբը փող հնչեցրեց, և ամբողջ ժողովուրդը կանգ առավ և այլևս չհետապնդեց Իսրայելի որդիներին, ու այլևս չպատերազմեցին։ 29Եվ Աբեններն ու նրա մարդիկ ամբողջ գիշեր գնացին դաշտով, անցան Հորդանան գետը և ամբողջ Բեթրոնն անցնելով՝ եկան Մանայիմ։ 30Եվ Հովաբը ետ դարձավ Աբեններին հետապնդելուց, հավաքեց ամբողջ ժողովրդին. Դավթի ծառաներից պակասում էին տասնինը մարդ և Ասայելը, 31իսկ Դավթի ծառաները Բենիամինի և Աբենների մարդկանցից զարկել ու սպանել էին երեք հարյուր վաթսուն մարդ։ 32Եվ Ասայելին վերցրին ու նրան թաղեցին Բեթլեհեմում՝ իր հոր գերեզմանում։ Եվ Հովաբն ու իր մարդիկ ամբողջ գիշեր գնացին և արշալույսին հասան Քեբրոն։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in