YouVersion Logo
Search Icon

Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 20

20
Սաբեեի ապստամբությունը
1Այնտեղ Բենիամինի ցեղից անպետք մի մարդ պատահեց՝ անունը Սաբեե, Բոքորի որդին։ Նա փող փչեց և ասաց. «Մենք ո՛չ բաժին ունենք Դավթի մոտ և ո՛չ էլ ժառանգություն՝ Հեսսեի որդու մոտ։ Ո՜վ Իսրայել, ամեն մարդ թող գնա իր վրանը»։ 2Իսրայելի բոլոր մարդիկ Դավթից հետ քաշվեցին և հետևեցին Բոքորի որդի Սաբեեին. բայց Հուդայի մարդիկ իրենց թագավորի հետ մնացին՝ Հորդանանից մինչև Երուսաղեմ։
3Եվ Դավիթը եկավ Երուսաղեմ՝ իր տուն։ Եվ այն տասը հարճերին, որ թագավորը թողել էր իր տունը պահելու համար, վերցրեց և նրանց պահեց մի տան մեջ, կերակրեց նրանց, բայց չգնաց նրանց մոտ, և նրանք փակված մնացին մինչև իրենց մահվան օրը՝ ապրելով իբրև որբևայրիներ։
4Եվ թագավորն ասաց Ամեսայիին. «Հուդայի մարդկանց երեք օրվա մեջ կանչի՛ր ինձ մոտ և դո՛ւ էլ ներկայացիր այստեղ»։ 5Եվ Ամեսային գնաց Հուդայի մարդկանց կանչելու, բայց ուշացավ թագավորի դրած ժամանակից։ 6Այն ժամանակ Դավիթն ասաց Աբեսսային. «Հիմա Բոքորի որդի Սաբեեն Աբիսողոմից ավելի մեծ չարիք պիտի դառնա մեզ համար։ Վերցրո՛ւ քո տիրոջ ծառաներին և հետապնդի՛ր նրան, որ իր համար պարսպապատ քաղաքներ չգտնի և թաքնվի մեր աչքից»։ 7Եվ Հովաբի մարդիկ, քերեթիներն ու փելեթիները և բոլոր քաջ մարդիկ Երուսաղեմից դուրս եկան՝ Բոքորի որդի Սաբեեին հալածելու։
8Երբ նրանք Գաբավոնում եղած մեծ քարի մոտ էին, Ամեսային նրանց դիմաց ելավ. Հովաբը հագել էր իր զինվորական հանդերձը, վրայից գոտևորել էր սուրը, որն իր պատյանով կապած էր մեջքին, մինչ նա առաջ էր գնում, սուրը դուրս եկավ և ցած ընկավ։ 9Եվ Հովաբն ասաց Ամեսայիին. «Առո՞ղջ ես, եղբա՛յր իմ»։ Եվ Հովաբն աջ ձեռքով բռնեց Ամեսայիի մորուքից, որ համբուրի նրան։ 10Բայց Ամեսային չզգուշացավ Հովաբի ձեռքի սրից, և Հովաբը սրով զարկեց նրա փորին ու փորոտիքը թափեց գետին և կրկնելու կարիք չունեցավ, և Ամեսային մեռավ, իսկ Հովաբն ու իր եղբայր Աբեսսան գնացին հետապնդելու Բոքորի որդի Սաբեեին։ 11Եվ Հովաբի պատանիներից մեկը կանգնել էր Ամեսայիի մոտ և ասում էր. «Ով սիրում է Հովաբին, և ով Դավթի հետ է, թող գնա Հովաբի ետևից»։ 12Իսկ Ամեսային թավալվում էր ճանապարհի վրա, արյան մեջ։ Եվ երբ այդ մարդը տեսավ, որ ամբողջ զորքը կանգ առավ, Ամեսայիին վերցրեց ճանապարհից, գցեց արտի մեջ և նրան ծածկեց մի շորով, որովհետև տեսավ, որ ամեն եկող կանգնում էր նրա մոտ։ 13Հենց որ նա վերցվեց ճանապարհից, բոլորն էլ գնացին Հովաբի ետևից՝ Բոքորի որդի Սաբեեին հետապնդելու։ 14Իսկ Սաբեեն անցել էր Իսրայելի բոլոր ցեղերից՝ մինչև Աբել և Բեթմաաքա, բոլոր բերացիներիով, որոնք հավաքվել էին և ընկել նրա ետևից։ 15Նրանք եկան ու պաշարեցին Բեթմաաքայի Աբելը, հողաբլուր շինեցին քաղաքի առաջ, որը բարձրացավ պարսպի դեմ, և ամբողջ զորքը, որ Հովաբի հետ էր, աշխատում էր քանդել պարիսպը՝ այն խորտակելու համար։
16Այդ քաղաքից իմաստուն մի կին աղաղակեց. «Լսեցե՛ք, լսեցե՛ք, և աղաչում եմ, Հովաբին ասացե՛ք. “Մոտեցի՛ր այստեղ, որ խոսեմ քեզ հետ”»։ 17Հովաբը մոտեցավ նրան, և կինն ասաց. «Դո՞ւ ես Հովաբը»։ Եվ նա ասաց. «Ես եմ»։ Կինն ասաց նրան. «Լսի՛ր աղախնիդ խոսքերը». և նա ասաց. «Լսում եմ»։ 18Եվ կինն այսպես ասաց. «Առաջ այսպիսի խոսք էին ասում. “Թող Աբելում անպայման հարցնեն, այնուհետև վերջացնեն”։ 19Ես Իսրայելի խաղաղարարներից ու հավատարիմներից եմ, իսկ դու ուզում ես մի մայրաքաղաք ոչնչացնել Իսրայելի մեջ. ինչո՞ւ բնաջնջես Տիրոջ ժառանգությունը»։ 20Հովաբը պատասխանեց և ասաց. «Քա՜վ լիցի, քա՜վ լիցի ինձ, թե բնաջնջեմ կամ քանդեմ։ 21Բանն այդպես չէ, այլ մի մարդ կա Եփրեմի սարից, անունը՝ Սաբեե. Բոքորի որդին իր ձեռքը բարձրացրել է Դավիթ թագավորի դեմ. տվե՛ք միայն նրան, և կգնամ այս քաղաքից»։ Եվ կինն ասաց Հովաբին. «Ահա նրա գլուխը կգցվի քեզ մոտ, պարսպի այդ կողմը»։ 22Եվ այդ կինը գնաց ամբողջ ժողովրդի մոտ, իր իմաստությամբ խոսեց, և նրանք կտրեցին Բոքորի որդի Սաբեեի գլուխը և գցեցին Հովաբի մոտ. նա փող փչեց, զորքը ցրվեց քաղաքի մոտից, և ամեն մարդ գնաց իր վրանը, իսկ Հովաբը վերադարձավ Երուսաղեմ՝ թագավորի մոտ։
Դավթի զորավարները
23Հովաբը Իսրայելի ամբողջ զորքի հրամանատարն էր, Հովիադայի որդի Բանեան՝ քերեթիների և փելեթիների վրա։ 24Ադորամը տաժանակիր աշխատողների վերակացուն էր, Աքիլուդի որդի Հոսափատը գրագրությունների քարտուղարն էր։ 25Սուան ատենադպիրն էր, Սադովկը և Աբիաթարը քահանաներ էին, 26իսկ հայիրացի Իրասն էլ Դավթի քահանան էր։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

Videos for Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 20