Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 19
19
Հովաբը հանդիմանում է Դավթին
1Հովաբին ասացին. «Ահա թագավորը լաց է լինում և սուգ է անում Աբիսողոմի վրա»։ 2Այդ օրը հաղթությունը սուգ դարձավ ամբողջ զորքի համար, որովհետև զորքը այդ օրը լսել էր, որ ասում են, թե թագավորը սգում է իր որդու համար։ 3Եվ այդ օրը զորքը քաղաք էր մտնում գողի պես, ինչպես գողի պես քաղաք կմտնի այն զորքը, որ ամոթահար փախել է ճակատամարտից։ 4Թագավորը ծածկեց իր երեսը և բարձր ձայնով թագավորն աղաղակեց. «Որդի՜ս, Աբիսողո՜մ, Աբիսողո՜մ որդիս, որդի՜ս»։
5Հովաբը գնաց թագավորի մոտ, մտավ նրա սենյակը և ասաց. «Դու այսօր ամոթահար արեցիր քո բոլոր ծառաների երեսը, որոնք ազատեցին քո անձը և քո որդիներին ու աղջիկներին և քո կանանց ու քո հարճերին։ 6Դու սիրում ես քեզ ատողներին և ատում ես քեզ սիրողներին, որովհետև այսօր հասկացրիր, որ քեզ համար ոչինչ են քո իշխաններն ու ծառաները, որովհետև ես այսօր հասկացա, որ եթե Աբիսողոմն այսօր կենդանի լիներ, իսկ մենք այսօր բոլորս էլ մեռած լինեինք, ապա դա հաճելի կլիներ քեզ։ 7Արդ վե՛ր կաց, դո՛ւրս եկ և քաղցրությամբ խոսի՛ր քո զինվորների հետ, քանզի երդվում եմ Տիրոջով, որ եթե դուրս չգաս, այս գիշեր քեզ մոտ մարդ չի մնա, և սա քեզ համար ավելի վատ կլինի, քան այն բոլոր չարիքները, որ հասել են քեզ քո մանկությունից մինչև հիմա»։ 8Թագավորը վեր կացավ ու նստեց դռանը. և ամբողջ զորքին տեղեկացրին՝ ասելով. «Ահա թագավորը նստել է դռանը»։ Ամբողջ զորքը եկավ թագավորի առաջ, իսկ Իսրայելը փախել էր, ամեն մարդ՝ իր վրանը։
Դավիթը վերադառնում է Երուսաղեմ
9Եվ ամբողջ ժողովուրդը Իսրայելի բոլոր ցեղերի մեջ վիճում էր, և ասում էին. «Թագավորը մեզ փրկեց մեր թշնամիների ձեռքից, նա մեզ ազատեց փղշտացիների ձեռքից, իսկ հիմա Աբիսողոմի պատճառով փախել է երկրից։ 10Իսկ Աբիսողոմը, որին մենք թագավոր օծեցինք մեզ վրա, մեռավ պատերազմում. և հիմա ինչո՞ւ եք լուռ մնացել թագավորին վերադարձնելու համար»։
11Դավիթ թագավորը մարդ ուղարկեց Սադովկ և Աբիաթար քահանաների մոտ և ասաց. «Խոսե՛ք Հուդայի ծերերի հետ և ասացե՛ք. “Ինչո՞ւ դուք վերջինը լինեք թագավորին իր տուն ետ բերելու մեջ”, քանզի ամբողջ Իսրայելի խոսքը հասել էր թագավորին մինչև իր տունը։ 12Դուք իմ եղբայրներն եք, իմ ոսկորն ու մարմինն եք դուք. և ինչո՞ւ դուք վերջինը լինեք թագավորին ետ բերելու մեջ։ 13Ամեսայիին ասացե՛ք. “Մի՞թե դու իմ ոսկորն ու մարմինը չես։ Աստված թող ինձ այսպես և ավելին անի, եթե դու ամեն ժամանակ իմ առաջ զորապետ չլինես Հովաբի փոխարեն”»։ 14Ամբողջ Հուդայի մարդկանց սրտերը մեկ մարդու սրտի պես դեպի իրեն դարձրեց, և նրանք պատգամավորներ ուղարկեցին թագավորի մոտ, թե՝ «Վերադարձի՛ր և՛ դու, և՛ քո բոլոր ծառաները»։ 15Թագավորը վերադարձավ և եկավ մինչև Հորդանան, և Հուդայի մարդիկ եկան մինչև Գաղգաղա՝ թագավորին դիմավորելու և Հորդանանով թագավորին անցկացնելու։
16Եվ բավուրիմացի Սեմեին՝ Բենիամինի որդի Գերայի որդին, Հուդայի մարդկանց հետ շտապ իջավ և եկավ Դավիթ թագավորին դիմավորելու։ 17Նրա հետ հազար մարդ կար Բենիամինի երկրից, նաև Սիբան՝ Սավուղի տան ծառան՝ իր տասնհինգ որդիների և քսան ծառաների հետ։ Նրանք եկան և հասան Հորդանան՝ թագավորի առաջ։
Թագավորը ներում է Սեմեիին
18Մի նավակ եկավ՝ թագավորի տունը անց կացնելու և նրան հաճելի եղածն անելու համար. և երբ թագավորն անցնում էր Հորդանան գետով, Գերայի որդի Սեմեին երեսնիվայր մինչև գետին խոնարհվեց թագավորի առաջ 19և ասաց թագավորին. «Թող իմ տերը հանցանք չհամարի ինձ, չհիշի, որ ծառադ անօրենություն գործեց այն օրը, երբ իմ տեր թագավորը դուրս էր եկել Երուսաղեմից, թագավորը թող այն չպահի իր սրտում, 20որովհետև ես՝ քո ծառան, գիտեմ, որ մեղք եմ գործել, և ահա Հովսեփի ամբողջ տանից առաջինը ես եմ եկել դիմավորելու իմ տեր թագավորին»։ 21Եվ Շարուհեայի որդի Աբեսսան պատասխանեց և ասաց. «Մի՞թե Սեմեին չի մեռնելու սրա փոխարեն, որ անիծեց Տիրոջ օծյալին»։ 22Բայց Դավիթն ասաց. «Ի՞նչ կա իմ և ձեր միջև, Շարուհեայի՛ որդիներ, որ այսօր ոսոխ եք դառնում ինձ։ Մի՞թե այսօր մարդ պետք է մեռնի Իսրայելի մեջ. մի՞թե չգիտեմ, որ ես այսօր թագավոր եմ Իսրայելի վրա»։ 23Թագավորն ասաց Սեմեիին. «Չպիտի մեռնես»։ Եվ թագավորը երդվեց նրան։
Դավիթը ներում է Մեմփիբոսթեին
24Սավուղի որդի Մեմփիբոսթեն եկավ թագավորին դիմավորելու։ Նա իր ոտքերի մատների եղունգները չէր կտրել, իր մորուքը կարգի չէր բերել և իր հագուստները չէր լվացել այն օրվանից, երբ թագավորը գնացել էր, մինչև այն օրը, երբ եկավ խաղաղությամբ։ 25Երբ նա եկավ Երուսաղեմ՝ թագավորին դիմավորելու, այդ ժամանակ թագավորն ասաց նրան. «Ինչո՞ւ ինձ հետ չեկար, Մեմփիբոսթե՛»։ 26Եվ նա ասաց. «Տե՛ր իմ թագավոր, ծառաս ինձ խաբեց, որովհետև ես՝ քո ծառան, ասացի. “Էշը համետեմ ինձ համար, հեծնեմ ու գնամ թագավորի հետ, քանի որ քո ծառան կաղ է”։ 27Իսկ նա բամբասել է քո ծառայից իմ տեր թագավորին, բայց իմ տեր թագավորը նման է Աստծու հրեշտակի. ուրեմն արա՛ այն, ինչ հաճելի է քեզ։ 28Որովհետև իմ հոր ամբողջ տունը իմ տեր թագավորի համար այլ բան չէր, բացի մահվան արժանի լինելուց, բայց ծառայիդ դրեցիր քո սեղանից ուտողների հետ, և ես այլևս ի՞նչ իրավունք ունեմ ավելին խնդրելու թագավորից»։ 29Թագավորն ասաց նրան. «Էլ ինչո՞ւ ես ասում այդ խոսքերը. ասել եմ. դու և Սիբան բաժանե՛ք արտը»։ 30Մեմփիբոսթեն ասաց թագավորին. «Թող նա ամբողջն էլ վերցնի, քանի որ իմ տեր թագավորը խաղաղությամբ վերադարձել է իր տուն»։
Դավիթը հատուցում է Բերզելիին
31Գաղաադացի Բերզելին էլ Ռովգելիմից եկավ թագավորին Հորդանանով ճանապարհ դնելու համար և թագավորի հետ անցավ Հորդանանը։ 32Բերզելին շատ ծեր էր՝ ութսուն տարեկան. նա կերակրեց թագավորին, քանի դեռ նա Մանայիմի մեջ էր մնում, քանի որ Բերզելին շատ հարուստ մի մարդ էր։ 33Թագավորն ասաց Բերզելիին. «Դու ե՛կ ինձ հետ, և ես քեզ կկերակրեմ ինձ մոտ Երուսաղեմում»։ 34Բերզելին ասաց թագավորին. «Քանի՞ օր ու տարի պիտի ապրեմ, որ ես թագավորի հետ բարձրանամ Երուսաղեմ։ 35Ես այսօր ութսուն տարեկան մարդ եմ. մի՞թե կարող եմ լավը վատից ջոկել, կամ ծառադ կարո՞ղ է կերածի ու խմածի համը առնել, կամ կլսի՞ երգիչների ու երգչուհիների ձայնը. էլ ինչո՞ւ ծառադ բեռ դառնա իմ տեր թագավորի համար։ 36Ծառադ մի քիչ անց է կենում Հորդանանով թագավորի հետ, և ինչո՞ւ է թագավորն ուզում ինձ այդպիսի մեծ վարձ հատուցել։ 37Ինձ՝ քո ծառային, թող ետ դառնամ, գնամ մեռնեմ իմ քաղաքում՝ իմ հոր ու իմ մոր գերեզմանի մոտ։ Ահա քո Քամաամ ծառան. թող նա անցնի իմ տեր թագավորի հետ, և նրա՛ն արա այն, ինչ բարի է քո աչքին»։ 38Թագավորն ասաց. «Թող Քամաամն անցնի ինձ հետ, և ես նրա համար կանեմ այն, ինչ բարի է քո աչքին, և քեզ համար կանեմ ամեն բան, ինչ որ դու ուզես ինձանից»։ 39Ամբողջ զորքն անցավ Հորդանանը, անցավ և թագավորը։ Եվ թագավորը համբուրեց Բերզելիին ու օրհնեց նրան, և նա վերադարձավ իր տեղը։ 40Թագավորը գնաց Գաղգաղա, և Քամաամն էլ գնաց նրա հետ։ Եվ Հուդայի ամբողջ ժողովուրդը, ինչպես նաև Իսրայելի ժողովրդի կեսը թագավորին անցկացրին։
41Ապա իսրայելացի բոլոր մարդիկ եկան թագավորի մոտ և ասացին թագավորին. «Ինչո՞ւ Հուդայի մեր եղբայրները գողացան քեզ ու թագավորին և նրա տունն անցկացրին Հորդանանով, Դավթի բոլոր մարդկանց էլ՝ նրա հետ»։ 42Եվ Հուդայի բոլոր մարդիկ պատասխանեցին իսրայելացիներին. «Թագավորն ավելի մոտ է մեզ, և դուք ինչո՞ւ եք բարկանում դրա համար։ Մի՞թե մենք թագավորի մոտ կերակրվեցինք, կամ նա ընծանե՞ր էր ընծայել մեզ»։ 43Եվ իսրայելացիները պատասխանեցին Հուդայի մարդկանց. «Մենք տասը բաժին իրավունք ունենք թագավորի վրա և Դավթին ավելի մոտ ենք, քան դուք, և ինչո՞ւ անարգեցիք մեզ, և մեր խոսքը առաջինը չեղավ մեր թագավորին վերադարձնելու համար»։ Հետո Հուդայի մարդկանց խոսքերն ավելի խիստ էին իսրայելացիների խոսքերից։
Currently Selected:
Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 19: ՆՎԱԱ
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
© Bible Society in Armenia, 2018