YouVersion Logo
Search Icon

Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 15

15
Հուդայի Ազարիա թագավորը
(Բ Մն. 26.1-23)
1Իսրայելի Հերոբովամ թագավորի քսանյոթերորդ տարում Հուդայի թագավոր դարձավ Ամասիայի որդի Ազարիան։ 2Նա տասնվեց տարեկան էր, երբ դարձավ թագավոր, և հիսուներկու տարի թագավորեց Երուսաղեմում. նրա մոր անունն էր Հեքելիա՝ Երուսաղեմից։ 3Նա ուղիղ ընթացավ Տիրոջ առաջ, բոլորովին այնպես, ինչպես արել էր իր հայրը՝ Ամասիան։ 4Միայն թե Բարձր տեղերը չվերացան. ժողովուրդը տակավին զոհեր էր մատուցում և խունկ էր ծխում Բարձր տեղերում։ 5Տերը զարկեց թագավորին, և նա բորոտ էր մինչև մահվան օրը։ Նա մնում էր առանձին տան մեջ, իսկ թագավորի որդի Հովաթամը, որ պալատի գլխավորն էր, կառավարում էր երկրի ժողովրդին։
6Ազարիայի մնացած գործերի և նրա բոլոր արածների մասին գրված է Հուդայի թագավորների Ժամանակագրության գրքում։ 7Ազարիան ննջեց իր հայրերի հետ. նրան թաղեցին իր հայրերի մոտ՝ Դավթի քաղաքում, և նրա որդի Հովաթամը թագավոր դարձավ նրա փոխարեն։
Իսրայելի Զաքարիա թագավորը
8Հուդայի թագավոր Ազարիայի երեսունութերորդ տարում Սամարիայում Իսրայելի թագավոր դարձավ Հերոբովամի որդի Զաքարիան և թագավորեց վեց ամիս։ 9Նա չարիք գործեց Տիրոջ առաջ, ինչպես իր հայրերն էին արել. չհրաժարվեց Նաբատի որդի Հերոբովամի մեղքերից, որ մեղանչել էր տվել Իսրայելին։ 10Նրա դեմ դավադրություն արեց Հաբիսի որդի Սեղղումը և նրան զարկեց ժողովրդի առաջ ու սպանեց նրան և թագավոր դարձավ նրա փոխարեն։
11Զաքարիայի մնացած գործերի մասին գրված է Իսրայելի թագավորների Ժամանակագրության գրքում։ 12Սա Տիրոջ այն խոսքն էր, որ խոսել էր Հեուի հետ՝ ասելով. «Քո որդիները մինչև չորրորդ սերունդը պիտի նստեն Իսրայելի գահի վրա»։ Այդպես էլ եղավ։
Իսրայելի Սեղղում թագավորը
13Հաբիսի որդի Սեղղումը Սամարիայում թագավոր դարձավ Հուդայի Ոզիա թագավորի երեսունիններորդ տարում և թագավորեց մեկ ամիս։ 14Եվ Գադդիի որդի Մանայեմը Թերսայից ելավ ու եկավ Սամարիա և Սամարիայում զարկեց Հաբիսի որդի Սեղղումին ու սպանեց նրան և թագավորեց նրա փոխարեն։
15Սեղղումի մնացած գործերի և նրա դավադրության մասին գրված է Իսրայելի թագավորների Ժամանակագրության գրքում։ 16Այն ժամանակ Մանայեմը հարվածեց Թափսային և կոտորեց բոլորին, ովքեր գտնվում էին այնտեղ ու նրա սահմաններում՝ Թերսայից սկսած, որովհետև քաղաքը չէր բացել իր դռները։ Նա ջարդեց և ճղեց նրա բոլոր հղի կանանց որովայնները։
Իսրայելի Մանայեմ թագավորը
17Հուդայի թագավոր Ազարիայի երեսունիններորդ տարում Իսրայելի թագավոր դարձավ Գադդիի որդի Մանայեմը և տասը տարի թագավորեց Սամարիայում։ 18Նա չարիք գործեց Տիրոջ առաջ. չհրաժարվեց Նաբատի որդի Հերոբովամի մեղքերից, որ մեղանչել էր տվել Իսրայելին։
19Ասորեստանի թագավոր Փուղը հարձակվեց երկրի վրա։ Մանայեմը Փուղին հազար տաղանդ արծաթ տվեց, որպեսզի նա օգնության ձեռք մեկնի իրեն՝ թագավորությունը իր ձեռքում հաստատելու համար։ 20Այս արծաթը Ասորեստանի թագավորին տալու համար Մանայեմը հարկ դրեց Իսրայելի բոլոր հարուստների վրա՝ յուրաքանչյուրին հիսուն սիկղ արծաթ։ Ասորեստանի թագավորը ետ դարձավ և չմնաց այնտեղ՝ այդ երկրում։
21Մանայեմի մնացած գործերի և նրա բոլոր արածների մասին գրված է Իսրայելի թագավորների Ժամանակագրության գրքում։ 22Մանայեմը ննջեց իր հայրերի հետ, և նրա որդի Փակեիան թագավոր դարձավ նրա փոխարեն։
Իսրայելի Փակեիա թագավորը
23Հուդայի Ազարիա թագավորի հիսուներորդ տարում Իսրայելի թագավոր դարձավ Մանայեմի որդի Փակեիան և երկու տարի թագավորեց Սամարիայում։ 24Նա չարիք գործեց Տիրոջ առաջ. չհրաժարվեց Նաբատի որդի Հերոբովամի մեղքերից, որ մեղանչել էր տվել Իսրայելին։ 25Նրա դեմ դավադրություն արեց նրա զորապետ Փակեեն՝ Ռովմելայի որդին՝ իր հետ ունենալով գաղաադացիներից հիսուն հոգի, և Սամարիայում՝ թագավորի պալատի դահլիճում, սպանեց նրան, նրա հետ՝ Արգովբին և Արիեին։ Նրան սպանեց և թագավոր դարձավ նրա փոխարեն։
26Փակեիայի մնացած գործերի և նրա բոլոր արածների մասին գրված է Իսրայելի թագավորների Ժամանակագրության գրքում։
Իսրայելի Փակեե թագավորը
27Հուդայի Ազարիա թագավորի հիսուներկուերորդ տարում Իսրայելի թագավոր դարձավ Ռովմելայի որդի Փակեեն և քսան տարի թագավորեց Սամարիայում։ 28Նա չարիք գործեց Տիրոջ առաջ. չհրաժարվեց Նաբատի որդի Հերոբովամի մեղքերից, որ մեղանչել էր տվել Իսրայելին։ 29Իսրայելի թագավոր Փակեեի օրերին եկավ Ասորեստանի Թագղաթ-Փաղասար թագավորը և վերցրեց Իյոնը, Աբել-Բեթ-Մաաքան, Հանովեն, Կադեսը, Հասորը, Գաղաադը և Գալիլեան, Նեփթաղիմի ամբողջ երկիրը և նրանց բնակիչներին գերի տարավ Ասորեստան։ 30Եվ Էլայի որդի Ովսեեն դավադրություն արեց Ռովմելայի որդի Փակեեի դեմ, զարկեց նրան ու սպանեց և նրա փոխարեն թագավոր դարձավ Ոզիայի որդի Հովաթամի քսաներորդ տարում։
31Փակեեի մնացած գործերի և նրա բոլոր արածների մասին գրված է Իսրայելի թագավորների Ժամանակագրության գրքում։
Հուդայի Հովաթամ թագավորը
(Բ Մն. 27.1-9)
32Իսրայելի թագավորի՝ Ռովմելայի որդի Փակեեի երկրորդ տարում թագավոր դարձավ Հովաթամը՝ Հուդայի թագավոր Ոզիայի որդին։ 33Նա քսանհինգ տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և տասնվեց տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մոր անունն էր Հերուսա, որը Սադովկի դուստրն էր։ 34Նա ուղիղ ընթացավ Տիրոջ առաջ՝ իր հայր Ոզիայի բոլոր արածների պես. 35միայն թե չվերցվեցին Բարձր տեղերը. ժողովուրդը տակավին զոհեր էր մատուցում և խունկ էր ծխում Բարձր տեղերում։ Նա շինեց Տիրոջ տան վերին դուռը։
36Հովաթամի մնացած գործերի և նրա բոլոր արածների մասին գրված է Հուդայի թագավորների Ժամանակագրության գրքում։ 37Այդ օրերին Տերը սկսեց Հուդայի դեմ ուղարկել ասորիների Ռասին թագավորին և Ռովմելայի որդի Փակեեին։ 38Հովաթամը ննջեց իր հայրերի հետ և թաղվեց իր հայրերի մոտ՝ իր հայր Դավթի քաղաքում։ Նրա որդի Աքազը թագավոր դարձավ նրա փոխարեն։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

Videos for Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 15