YouVersion Logo
Search Icon

Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 13

13
Իսրայելի Հովաքազ թագավորը
1Հուդայի թագավոր Օքոզիայի որդի Հովասի քսաներեքերորդ տարում Հեուի որդի Հովաքազն Իսրայելի թագավոր դարձավ Սամարիայում և թագավորեց տասնյոթ տարի։ 2Նա չարիք գործեց Տիրոջ առաջ և գնաց Նաբատի որդի Հերոբովամի մեղքի ետևից, որը մեղանչել էր տվել Իսրայելին, և չհրաժարվեց դրանից։ 3Տիրոջ բարկությունը բորբոքվեց Իսրայելի դեմ, և նրանց շարունակ մատնեց ասորիների թագավոր Ազայելի և Ազայելի որդի Բենադադի ձեռքը։
4Հովաքազն աղոթք արեց Տիրոջը, և Տերը լսեց նրան, որովհետև տեսավ Իսրայելի նեղությունը, որով ասորիների թագավորը նեղում էր նրանց։ 5Տերն Իսրայելին մի փրկիչ տվեց, և նրանք դուրս եկան ասորիների ձեռքի տակից, և Իսրայելի որդիները բնակվում էին իրենց վրաններում, ինչպես անցյալում։ 6Միայն թե չհրաժարվեցին Հերոբովամի տան մեղքերից, որ մեղանչել էր տվել Իսրայելին. գնացին դրանց ետևից. նաև Աստարովթի կուռքն էր մնում Սամարիայում։ 7Եվ Հովաքազի համար նա զորք չթողեց, բացի հիսուն ձիավորից, տասը կառքից և տասը հազար հետևակ զորքից, որովհետև ասորիների թագավորը բնաջնջել էր դրանք և նրանց ոտնակոխ արված հող էր դարձրել։
8Հովաքազի մնացած գործերի և նրա բոլոր արածների և նրա քաջագործության մասին գրված է Իսրայելի թագավորների Ժամանակագրության գրքում։ 9Հովաքազը ննջեց իր հայրերի հետ, և նրան թաղեցին Սամարիայում. նրա որդի Հովասը թագավոր դարձավ նրա փոխարեն։
Իսրայելի Հովաս թագավորը
10Հուդայի Հովաս թագավորի երեսունյոթերորդ տարում Հովաքազի որդի Հովասն Իսրայելի թագավոր դարձավ Սամարիայում և թագավորեց տասնվեց տարի։ 11Նա չարիք գործեց Տիրոջ առաջ, չհրաժարվեց Նաբատի որդի Հերոբովամի բոլոր մեղքերից, որ մեղանչել էր տվել Իսրայելին, և գնաց դրանց ետևից։
12Հովասի մնացած գործերի և նրա բոլոր արածների ու նրա քաջագործության մասին, թե նա ինչպես պատերազմեց Հուդայի թագավոր Ամասիայի դեմ, գրված է Իսրայելի թագավորների Ժամանակագրության գրքում։ 13Հովասը ննջեց իր հայրերի հետ, և նրա աթոռին նստեց Հերոբովամը. Հովասը թաղվեց Իսրայելի թագավորների մոտ՝ Սամարիայում։
Եղիսեի մահը
14Երբ Եղիսեն հիվանդացավ այն հիվանդությամբ, որից էլ մեռնելու էր, Իսրայելի Հովաս թագավորն իջավ նրա մոտ, լաց եղավ նրա վրա ու ասաց. «Հա՛յր իմ, հա՛յր իմ. Իսրայելի կա՛ռքը և նրա ձիավորները»։ 15Եղիսեն ասաց նրան. «Մի աղեղ և նետե՛ր վերցրու»։ Եվ նա մի աղեղ ու նետեր վերցրեց։ 16Եղիսեն ասաց Իսրայելի թագավորին. «Ձեռքդ ամրացրո՛ւ աղեղիդ վրա»։ Նա ձեռքն ամրացրեց, և Եղիսեն իր ձեռքը դրեց թագավորի ձեռքի վրա։ 17Եվ ասաց. «Բա՛ց պատուհանը դեպի արևելք», և նա բացեց։ Եղիսեն ասաց. «Նետն արձակի՛ր»։ Եվ նա արձակեց նետը։ Եղիսեն էլ ասաց. «Տիրոջ փրկության նետն է, ասորիների դեմ փրկության նետը։ Դու ասորիներին պիտի հաղթես Ափեկում և մինչև վերջ ջնջես նրանց»։ 18Եվ ասաց. «Վերցրո՛ւ նետերը», և նա վերցրեց։ Եվ ասաց Իսրայելի թագավորին. «Խփի՛ր գետնին»։ Եվ նա երեք անգամ խփեց գետնին ու կանգնեց։ 19Եվ Աստծու մարդը բարկացավ նրա վրա և ասաց. «Հինգ կամ վեց անգամ պետք է խփեիր. այն ժամանակ ասորիներին այնպես կխփեիր, որ նրանք վերջանային, իսկ հիմա միայն երեք անգամ ես խփելու»։
20Եղիսեն մեռավ, և նրան թաղեցին։ Ամեն տարի գարնանը մովաբացիների գնդերը հարձակվում էին երկրի վրա։ 21Երբ մի մարդ էին թաղում, մի գունդ տեսան։ Այն մարդուն գցեցին Եղիսեի գերեզմանը. մարդը գնաց ու դիպավ Եղիսեի ոսկորներին, կենդանացավ և կանգնեց իր ոտքերի վրա։
Պատերազմ Իսրայելի և ասորիների միջև
22Ասորիների Ազայել թագավորը Հովաքազի բոլոր օրերին նեղում էր Իսրայելին։ 23Բայց Տերը նրանց ողորմեց ու գթաց նրանց և դարձավ դեպի նրանց՝ Աբրահամի, Իսահակի և Հակոբի հետ իր ունեցած ուխտի համար, և չուզեց կործանել նրանց և նրանց մինչև հիմա չզրկեց իր ներկայությունից։
24Ասորիների Ազայել թագավորը մեռավ, և նրա որդի Բենադադը թագավորեց նրա փոխարեն։ 25Հովաքազի որդի Հովասը Ազայելի որդի Բենադադի ձեռքից դարձյալ ետ վերցրեց այն քաղաքները, որ պատերազմի ժամանակ Ազայելը վերցրել էր նրա հոր՝ Հովաքազի ձեռքից։ Հովասը երեք անգամ հարվածեց նրան և ետ վերցրեց Իսրայելի քաղաքները։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in