YouVersion Logo
Search Icon

Բ Կորնթացիներին 8

8
Տալ առատաձեռնորեն
1Արդ, եղբայրնե՛ր, ձեզ տեղեկացնում ենք Աստծու շնորհի մասին, որ տրված է Մակեդոնիայի եկեղեցիներին։ 2Որովհետև նրանց կրած նեղության և մեծ փորձության մեջ նրանց ուրախությունն անսահման եղավ, և ծանր աղքատության մեջ նրանք շատ առատաձեռն եղան։ 3Արդ վկայում եմ, որ իրենց կարողության չափ, կարողությունից էլ ավելի հոժար կամքով, 4մեծ աղաչանքով շնորհ էին խնդրում մեզնից՝ մասնակից լինելու սրբերին մատուցվող ծառայությանը։ 5Եվ ոչ թե արեցին այնքան, որքան ակնկալում էինք, այլ իրենց նվիրեցին նախ Տիրոջը, ապա մեզ՝ Աստծու կամքով։ 6Մենք էլ Տիտոսին աղաչեցինք, որ ինչպես նախապես սկսել էր, այնպես էլ այդ շնորհը ձեր մեջ ավարտին հասցնի։
7Բայց ինչպես որ առավել եք ամեն բանում՝ հավատով, խոսքով, գիտությամբ, ամեն ջանքով և մեր հանդեպ ձեր սիրով, թող որ այդ շնորհում էլ առավել լինեք։
8Ոչ թե հրամայելով եմ ասում, այլ ուրիշների ջանասիրությունը մեջբերելով՝ ձեր սիրո անկեղծությունն եմ փորձում։ 9Որովհետև գիտեք մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը. նա, որ հարուստ էր, ձեզ համար աղքատացավ, որպեսզի դուք նրա աղքատանալով հարստանաք։ 10Սրանով իմ կարծիքն եմ հայտնում, որը ձեզ օգտակար է. դուք ոչ միայն առաջինը եղաք ձեռնարկելու մեջ, այլև առաջինը կամեցաք անցյալ տարվանից։ 11Հիմա ձեռնարկե՛ք այն իրագործել, որպեսզի ինչպես որ հոժարությամբ կամեցաք, այնպես էլ իրագործեք ձեր ունեցած չափով։ 12Որովհետև եթե հոժարություն կա, տրվածն ընդունելի է ունեցածի չափով և ոչ թե չունեցածի չափով։ 13Քանի որ ոչ թե ուրիշներին թեթևություն տալու համար կամենում եմ ձեզ նեղություն պատճառել, այլ թող հավասարությամբ լինի։ 14Ներկայումս ձեր առատությունը թող նրանց պակասությանը ծառայի, որպեսզի նրանց առատությունն էլ ձեր պակասությանը ծառայի, որպեսզի հավասարություն լինի, 15ինչպես որ գրված է.
«Ով շատ հավաքեց, նրանը չավելացավ,
իսկ ով քիչ հավաքեց, նրանը չպակասեց» (Ելք 16.18)։
Տիտոսի առաքելությունը
16Շնորհակալ լինենք Աստծուն, որ նույն ջանքը ձեզ համար դրեց Տիտոսի սրտի մեջ, 17որովհետև նա ընդունեց իմ աղաչանքը և հոժար կամքով շտապեց ձեզ մոտ գալ։ 18Նրա հետ ուղարկեցինք նաև այն եղբորը, որին բոլոր եկեղեցիներում ավետարանելու գործում գովաբանում են։ 19Եվ ոչ միայն այսքանը, այլև եկեղեցիների կողմից ևս ընտրվելով՝ մեր ճանապարհորդության ընկեր դարձավ այս շնորհում, որին մենք ծառայում ենք Տիրոջ փառքի համար և մեր#8.19 Որոշ ձեռ. ունեն ձեր։ հոժար կամքով՝ 20զգուշանալով այն բանից, որ չլինի թե մեկը մեզ արատավորի այս ծառայության մեջ, որ մատուցում ենք, 21որովհետև մտածում ենք բարին գործել ոչ միայն Տիրոջ, այլև մարդկանց առաջ։ 22Նրանց հետ ուղարկեցինք նաև մեր եղբորը, որին շատ բաներում ենք բազմիցս փորձել, որը ջանասեր է։ Հիմա նա էլ առավել փութաջան է ձեր հանդեպ իր ունեցած մեծ վստահությամբ։ 23Ինչ վերաբերում է Տիտոսին, նա իմ ընկերն է ու ձեզ համար՝ իմ գործակիցը։ Մեր եղբայրները եկեղեցիների առաքյալներ են ու Քրիստոսի փառքը, 24ուրեմն բոլոր եկեղեցիների առաջ ցո՛ւյց տվեք նրանց նկատմամբ ձեր սիրո ու ձեր հանդեպ մեր պարծանքի ապացույցը։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

Video for Բ Կորնթացիներին 8