YouVersion Logo
Search Icon

Բ Կորնթացիներին 1

1
Ուղերձ և ողջույն
1Պողոսը՝ Աստծու կամքով Հիսուս Քրիստոսի առաքյալ, և Տիմոթեոս եղբայրը՝ Աստծու եկեղեցուն, որ Կորնթոսում է, ամբողջ Աքայիայում գտնվող բոլոր սրբերի հետ. 2շնորհ ձեզ և խաղաղություն մեր Հայր Աստծուց ու Տեր Հիսուս Քրիստոսից։
3Օրհնյա՜լ է Աստված և մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, Հայրը գթությունների և Աստված ամեն մխիթարության, 4որ մեր բոլոր նեղությունների մեջ մխիթարում է մեզ, որպեսզի մենք էլ կարողանանք մխիթարել նրանց, ովքեր ամեն տեսակ նեղության մեջ են, ա՛յն մխիթարությամբ, որով մենք մխիթարվում ենք Աստծուց։ 5Որովհետև որքան Քրիստոսի չարչարանքները մեր մեջ շատ լինեն, այնքան էլ Քրիստոսի միջոցով մեր մխիթարությունը առավել կլինի։ 6Եվ եթե նեղություն ենք կրում, ձեր մխիթարության ու փրկության համար է, ու եթե մխիթարվում ենք, այն ձեր մխիթարության համար է, որպեսզի համբերությամբ կրեք նույն չարչարանքները, որ մենք ենք կրում։ 7Եվ ձեզ վրա մեր հույսը հաստատուն է, որովհետև գիտենք՝ ինչպես որ չարչարանքներին եք մասնակից, այնպես էլ մխիթարությանը։
8Եղբայրնե՛ր, չենք ուզում, որ դուք տեղյակ չլինեք այն նեղությանը, որ մեզ պատահեց Ասիայում։ Այն մեր կարողությունից այնքան ծանր էր, որ նույնիսկ մեր ապրելու հույսն էինք կորցրել։ 9Մենք ինքներս ընդունել էինք մեր մահվան վճիռը, որպեսզի հույսը ոչ թե մեզ վրա դնեինք, այլ Աստծու, որ հարություն է տալիս մեռելներին։ 10Նա է, որ այնպիսի՜ մահից փրկեց մեզ ու դեռ փրկելու է։ 11Նրա վրա հույս ունենք, որ տակավին փրկելու է՝ մեզ համար ձեր արած աղոթքի օգնությամբ, որպեսզի մեր հանդեպ բազում մարդկանց ցույց տված շնորհով շատերի կողմից գոհություն մատուցվի Աստծուն մեզ համար։
Պողոսի ճանապարհորդության ծրագրի փոփոխություն
12Մեր պարծանքը սա է՝ մեր խղճմտանքի վկայությունը, որ Աստծու տված պարզությամբ ու անկեղծությամբ և ոչ մարմնական իմաստությամբ, այլ Աստծու շնորհով վարվեցինք աշխարհում, առավել ևս ձեր նկատմամբ։ 13Որովհետև ձեզ այլ բան չենք գրում, քան միայն այն, ինչ դուք կարդում և հասկանում եք։ Հույս ունեմ, որ լիովին կհասկանաք, 14ինչպես մե՛զ փոքրիշատե հասկացել եք, որ ձեր պարծանքն ենք, ինչպես դուք էլ՝ մերը Տեր Հիսուսի օրը։
15Այս վստահությամբ նախ ուզում էի ձեզ մոտ գալ, որ դուք երկրորդ շնորհն ընդունեք, 16և ձեր մոտից Մակեդոնիա գնալ, Մակեդոնիայից դարձյալ ձեզ մոտ գալ ու ձեր մոտից ճանապարհ ընկնել դեպի Հրեաստան։ 17Արդ եթե այս մտածեցի, մի՞թե թեթևամտություն արեցի, կամ թե այն, ինչ մտածում եմ, մարմնապե՞ս եմ մտածում, որ իմ կողմից «այո»-ն «այո» լինի, և «ոչ»-ը՝ «ոչ»։ 18Վկա է Աստված, որ ձեզ հղված մեր խոսքն «այո» և «ոչ» չէ։ 19Որովհետև Աստծու Որդին՝ Հիսուս Քրիստոսը, որ ձեր մեջ քարոզվեց մեզանով՝ իմ, Սիղվանոսի և Տիմոթեոսի միջոցով, «այո» ու «ոչ» չեղավ, այլ նրանով «այո» եղավ։ 20Որովհետև Աստծու այդքան խոստումները նրա մեջ իրենց «այո»-ն գտան. դրա համար էլ նրանով է «Ամեն»-ը, որ ասում ենք Աստծու փառքի համար։ 21Բայց մեզ ձեզ հետ Քրիստոսով հաստատողը և մեզ օծողը Աստված է, 22որ մեզ նաև կնքեց և Հոգու առհավատչյան մեր սրտերի մեջ դրեց։
23Սակայն ես Աստծուն իմ անձին վկա եմ կանչում, որ ձեզ խնայելու համար մինչև հիմա Կորնթոս չեկա։ 24Ոչ թե ձեր հավատի վրա ենք իշխում, այլ մասնակից ենք ձեր ուրախությանը, որովհետև դուք հավատի մեջ հաստատուն եք։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

Video for Բ Կորնթացիներին 1