Ա Տիմոթեոսին 2
2
Աղոթել բոլոր մարդկանց համար
1Արդ, խնդրում եմ, որ ամեն բանից առաջ աղոթեք, խնդրանք ու աղաչանք անեք, գոհություն հայտնեք բոլոր մարդկանց համար, 2թագավորների ու բոլոր իշխանավորների համար, որպեսզի լիակատար աստվածապաշտությամբ ու մաքրությամբ խաղաղ ու հանգիստ կյանք վարենք, 3որովհետև սա բարի և ընդունելի է մեր Փրկիչ Աստծու առաջ, 4որը կամենում է, որ բոլոր մարդիկ փրկվեն և ճշմարտության ճանաչմանը հասնեն։ 5Քանի որ կա մեկ Աստված և մեկ միջնորդ Աստծու ու մարդկանց միջև՝ Քրիստոս Հիսուս մարդը, 6որն ինքն իրեն բոլորի համար փրկագին տվեց։ Այդպիսին է վկայությունը, որ եղավ իր ժամանակներում, 7որի համար ես կարգվեցի քարոզիչ ու առաքյալ (ճշմարիտ եմ ասում, չեմ ստում), հեթանոսների վարդապետ՝ հավատով ու ճշմարտությամբ։
8Արդ կամենում եմ, որ տղամարդիկ ամեն տեղ աղոթք անեն՝ մաքուր ձեռքեր վեր բարձրացնելով, առանց բարկության ու երկմտանքի։ 9Նույն կերպ էլ կանայք թող իրենց զարդարեն վայելուչ հագուստով, ամոթխածությամբ և պարկեշտությամբ. ոչ թե պճնվեն մազի հյուսքերով կամ ոսկյա կամ մարգարտյա զարդերով կամ թանկարժեք զգեստներով, 10այլ բարի գործերով, ինչպես վայել է աստվածապաշտությունը հանձն առած կանանց։ 11Կինը թող սովորի հանդարտությամբ, ամենայն հնազանդությամբ։ 12Կնոջը թույլ չեմ տալիս, որ ուսուցանի, ոչ էլ ամուսնուն իշխի. այլ լուռ մնա։ 13Որովհետև նախ Ադամն ստեղծվեց, և հետո՝ Եվան։ 14Եվ Ադամը չխաբվեց, բայց կինը խաբվելով հանցանք գործեց։ 15Սակայն նա կփրկվի որդեծնությամբ, եթե պարկեշտությամբ մնա հավատի, սիրո և սրբության մեջ։
Currently Selected:
Ա Տիմոթեոսին 2: ՆՎԱԱ
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
© Bible Society in Armenia, 2018