YouVersion Logo
Search Icon

Ա Թեսաղոնիկեցիներին 4

4
Աստծուն հաճելի կյանք
1Այսուհետև, եղբայրնե՛ր, Տեր Հիսուսով աղաչում ենք ձեզ և հորդորում, որ ինչպես մեզանից սովորեցիք, թե դուք ինչպե՛ս պետք է ընթանաք ու Աստծուն հաճո լինեք, ինչպես որ ընթանում էլ եք, որ է՛լ ավելի առաջանաք։ 2Գիտեք, թե Տեր Հիսուսով ինչպիսի՛ պատվերներ տվեցինք ձեզ։ 3Քանի որ Աստծու կամքը սա է՝ ձեր սրբությունը, որ դուք պոռնկությունից հեռու մնաք։ 4Եվ ձեզանից յուրաքանչյուրն իմանա կին առնել սրբությամբ ու պատվով, 5ոչ թե ցանկության կրքով, ինչպես հեթանոսները, որոնք Աստծուն չեն ճանաչում։ 6Չլինի թե որևէ մեկը չափն անցնի ու այդ գործում եղբորը վնաս պատճառի, որովհետև Տերն այդ ամենի համար վրեժխնդիր է, ինչպես որ նախապես ձեզ ասացինք և վկայեցինք։ 7Հիրավի Աստված մեզ պղծության չի կանչել, այլ սրբության։ 8Ուրեմն նա, ով անարգում է, ոչ թե մարդուն է անարգում, այլ Աստծուն, որ և տվեց մեզ Սուրբ Հոգին։
9Բայց եղբայրասիրության մասին կարիք չկա մի բան գրելու ձեզ, որովհետև դուք ինքներդ Աստծուց սովորել եք միմյանց սիրել 10և հենց դա էլ անում եք այն բոլոր եղբայրների հանդեպ, որ ողջ Մակեդոնիայում են։ Խնդրում ենք ձեզ, եղբայրնե՛ր, որ է՛լ ավելին անեք 11և ջանաք խաղաղ լինել։ Եվ ամեն մեկն իր գործն անի, ու ձեր իսկ ձեռքո՛վ աշխատեք, ինչպես որ ձեզ պատվիրեցինք, 12որ դրսի մարդկանց հետ պարկեշտությամբ վարվեք ու ոչ մի բանի կարոտ չլինեք։
Ննջեցյալների հարությունը և Տիրոջ գալուստը
13Չենք կամենում, եղբայրնե՛ր, որ ննջեցյալների մասին անտեղյակ լինեք ու տրտմեք, ինչպես ուրիշները, որ հույս չունեն։ 14Որովհետև եթե հավատում ենք, որ Հիսուսը մեռավ ու հարություն առավ, այդպես էլ Աստված Հիսուսով ննջեցյալներին կյանքի կբերի նրա հետ։ 15Ահա Տիրոջ խոսքի հիման վրա սա ենք ասում ձեզ, թե մենք՝ ողջերս, որ կմնանք մինչև Տիրոջ գալուստը, ննջեցյալներից առաջ չենք անցնի, 16քանի որ Տերն ինքը հրամանի ազդարարմամբ, հրեշտակապետի ձայնով ու Աստծու փողի հնչմամբ երկնքից ցած կիջնի, և Քրիստոսով մեռածները նախ հարություն կառնեն, 17և հետո մենք՝ ողջերս, որ մնացել ենք, նրանց հետ միասին ամպերի մեջ կհափշտակվենք՝ Տիրոջը դիմավորելու, և այդպես ամեն ժամ Տիրոջ հետ կլինենք։ 18Ուրեմն միմյանց մխիթարե՛ք այս խոսքերով։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy