YouVersion Logo
Search Icon

Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 8

8
Ուխտի տապանակը տաճար է բերվում
(Բ Մն. 5.2–6.2)
1Այն ժամանակ Սողոմոնը հավաքեց ամբողջ Իսրայելի ծերերին և ցեղերի բոլոր գլխավորներին, Իսրայելի որդիների նահապետներին Սողոմոն թագավորի մոտ՝ Երուսաղեմում, որպեսզի Տիրոջ ուխտի տապանակը Դավթի քաղաքից, այսինքն՝ Սիոնից, բարձրացնեն։ 2Եվ բոլոր իսրայելացիները հավաքվեցին Սողոմոն թագավորի մոտ յոթերորդ ամսում, այսինքն՝ Էթանիմ ամսի տոնին։ 3Եկան Իսրայելի բոլոր ծերերը, և քահանաները վերցրին տապանակը։ 4Եվ տարան Տիրոջ տապանակն ու վկայության խորանը և խորանում եղած բոլոր սուրբ անոթները. դրանք տարան քահանաներն ու ղևտացիները։ 5Եվ Սողոմոն թագավորն ու Իսրայելի ամբողջ ժողովուրդը, որ հավաքվել էր նրա մոտ, տապանակի առջևից գնում էին նրա հետ և անթիվ ու անհամար ոչխարներ ու արջառներ էին զոհաբերում։ 6Քահանաները բերեցին Տիրոջ ուխտի տապանակը և դրեցին իր տեղը՝ տան ներսի մասում՝ սրբությունների սրբության մեջ, քերովբեների թևերի տակ։ 7Որովհետև քերովբեներն իրենց թևերը տարածում էին տապանակի տեղի վրա, և քերովբեները վերևից ծածկում էին տապանակն ու նրա ձողերը։ 8Եվ ձողերն այնքան երկար էին, որ ձողերի գլուխները երևում էին սրբությունների սրբության առջև, բայց դրսից չէին երևում. և դրանք այնտեղ են մինչև այսօր։ 9Տապանակում ուրիշ բան չկար, բացի երկու քարե տախտակներից, որոնք Մովսեսն այնտեղ էր դրել Քորեբում, երբ Տերն ուխտ էր արել Իսրայելի որդիների հետ՝ Եգիպտոսի երկրից նրանց դուրս գալու ժամանակ։ 10Եվ երբ քահանաները դուրս եկան սրբարանից, ամպը լցրեց Տիրոջ տունը։ 11Եվ քահանաներն ամպի պատճառով չկարողացան կանգնել սպասավորելու, որովհետև Տիրոջ փառքը լցրել էր Տիրոջ տունը։
12Այդ ժամանակ Սողոմոնն ասաց. «Տերն ասել է, թե մառախուղում է բնակվում։ 13Ես քեզ համար բնակվելու տուն շինեցի, մի տեղ, որ դու բնակվես հավիտյան»։
Սողոմոնը խոսում է ժողովրդի հետ
(Բ Մն. 6.3-11)
14Թագավորն իր երեսը դարձրեց և օրհնեց Իսրայելի ամբողջ ժողովրդին, իսկ Իսրայելի ամբողջ ժողովուրդը կանգնել էր։ 15Եվ նա ասաց. «Օրհնյա՜լ լինի Իսրայելի Տեր Աստվածը, որ իր բերանով խոսեց իմ հայր Դավթի հետ և իր ձեռքով կատարեց խոսքը՝ ասելով. 16“Այն օրից ի վեր, երբ Իսրայելի իմ ժողովրդին հանեցի Եգիպտոսից, Իսրայելի բոլոր ցեղերից մի քաղաք չընտրեցի տուն շինելու համար, որ իմ անունը այնտեղ լինի, այլ հավանեցի Դավթին, որ նա լինի Իսրայելի իմ ժողովրդի վրա”։ 17Իմ հայր Դավիթը սրտում դրել էր Իսրայելի Տեր Աստծու անվան համար տուն շինել։ 18Բայց Տերն ասել էր իմ հայր Դավթին. “Որովհետև դու քո սրտում դրել էիր իմ անվան համար մի տուն շինել, լավ ես արել, որ այդ նպատակը դրել ես քո սրտում։ 19Միայն թե դու չես իմ անվան համար տունը շինելու, այլ քո որդին, որ սերելու է քեզանից. նա է տուն շինելու իմ անվան համար”։ 20Եվ Տերը հաստատեց իր ասած խոսքը. և ես հաջորդեցի իմ հայր Դավթին և նստեցի Իսրայելի գահին, ինչպես ասել էր Տերը, ես տուն շինեցի Իսրայելի Տեր Աստծու անվան համար։ 21Եվ այնտեղ տապանակի համար տեղ պատրաստեցի, որտեղ Տիրոջ ուխտն է, որ նա կնքել է մեր հայրերի հետ, երբ նրանց դուրս հանեց Եգիպտոսի երկրից»։
Սողոմոնի աղոթքը
(Բ Մն. 6.12-42)
22Եվ Սողոմոնը կանգնեց Տիրոջ զոհասեղանի առաջ, Իսրայելի ամբողջ ժողովրդի դիմաց, ձեռքերը տարածեց դեպի երկինք 23և ասաց. «Ո՛վ Տեր, Իսրայելի՛ Աստված, քեզ նման Աստված չկա վերևում՝ երկնքում, և ներքևում՝ երկրի վրա, որ ուխտ և ողորմածություն ես պահում քո առջև ամբողջ սրտով գնացող ծառաներիդ համար։ 24Դու պահեցիր քո ծառային՝ իմ հայր Դավթին ասած քո խոսքը, որ ասել էիր քո բերանով և այսօր քո ձեռքով կատարեցիր այն։ 25Եվ հիմա, ո՜վ Տեր Աստված Իսրայելի, պահի՛ր քո ծառայի՝ իմ հայր Դավթի համար քո ասած այն խոսքը, որ խոսեցիր նրա հետ. “Քեզ համար Իսրայելի աթոռին նստող մարդ չի պակասելու իմ առջև, միայն թե քո որդիներն իրենց ճանապարհը պահեն և իմ առջևից գնան այնպես, ինչպես դու ես գնացել”։ 26Արդ, ո՜վ Իսրայելի Աստված, թող հաստատվի քո խոսքը, որ խոսեցիր քո ծառայի՝ իմ հայր Դավթի հետ։
27Բայց իրա՞վ Աստված պիտի բնակվի այս երկրի վրա, եթե երկինքը և երկինքների երկինքը չեն կարող քեզ պարունակել, էլ ո՜ւր մնաց իմ շինած այս տունը։ 28Սակայն, ո՜վ Տեր իմ Աստված, նայի՛ր քո ծառայի աղոթքին և նրա աղերսանքին, լսի՛ր այս պաղատանքն ու աղոթքը, որ քո ծառան այսօր մատուցում է քո առաջ, 29և քո աչքերը գիշեր ու ցերեկ թող բաց լինեն այս տան ու այստեղի վրա, որի համար ասացիր. “Իմ անունը այնտեղ պիտի լինի”. լսի՛ր այս աղոթքը, որ քո ծառան աղոթում է այստեղ։ 30Եվ լսի՛ր քո ծառայի և Իսրայելի քո ժողովրդի աղերսանքը, որ մատուցում են այստեղ. և հիմա լսի՛ր քո բնակվելու տեղից՝ երկնքից, և լսելով՝ ների՛ր։
31Երբ մեկը մեղանչի իր ընկերոջ դեմ և նրան առաջարկի, որ նա երդում տա և երդում տալու համար գա քո զոհասեղանի առաջ՝ այս տունը, 32այն ժամանակ դու լսի՛ր երկնքում և կատարի՛ր. դատի՛ր քո ծառաներին, դատապարտի՛ր մեղապարտին, որ նրա արածը բերես նրա գլխին, և արդարացրո՛ւ արդարին, որ ըստ իր արդարության հատուցես նրան։
33Եթե քո ժողովուրդ Իսրայելը քո դեմ մեղանչելու համար հաղթվի իր թշնամիներից և դառնա դեպի քեզ ու փառք տա քո անվանը, աղոթի ու աղերսի քեզ այս տանը, 34այն ժամանակ դու լսի՛ր երկնքում և ների՛ր Իսրայելի քո ժողովրդի մեղքը և նրանց վերադարձրո՛ւ այն երկիրը, որ տվել ես նրանց հայրերին։
35Եթե քո դեմ նրանց մեղանչելու համար երկինքը փակվի, և անձրև չլինի, և այստեղ աղոթք անեն ու փառք տան քո անվանը և ետ կանգնեն իրենց մեղքերից՝ նրանց քո նեղելու պատճառով, 36այն ժամանակ դու լսի՛ր երկնքում և ների՛ր քո ծառաների և Իսրայելի քո ժողովրդի մեղքը, որ նրանց ուսուցանես իրենց գնալու բարի ճանապարհը և անձրև տաս քո երկրին, որը տվել ես քո ժողովրդին իբրև ժառանգություն։
37Երբ երկրում սով լինի, ժանտախտ լինի կամ խորշակահարություն, դալուկ լինի, մորեխ, թրթուր, կամ թշնամիները նեղեն նրանց իրենց քաղաքներում, կամ որևէ այլ հարված լինի կամ հիվանդություն, 38և երբ Իսրայելի քո ամբողջ ժողովրդից որևէ մարդ, ով էլ որ լինի, գա աղոթք և աղերսանք մատուցելու, և ամեն մարդ, որ իր սրտի ցավը գիտի, իր ձեռքերը տարածի դեպի այս տունը, 39այն ժամանակ դու լսի՛ր երկնքում՝ քո բնակվելու տեղում, ների՛ր ու կատարի՛ր և այդ մարդուն տո՛ւր ըստ իր բոլոր ճանապարհների, քանի որ գիտես նրա սիրտը, որովհետև դո՛ւ միայն գիտես բոլոր մարդկանց որդիների սրտերը, 40որպեսզի նրանք իրենց կյանքի բոլոր օրերին վախենան քեզնից այն երկրի վրա, որ տվել ես մեր հայրերին։
41Նաև եթե օտարականը, որ Իսրայելի քո ժողովրդից չէ, եթե հեռու երկրից գա քո անվան համար, 42որովհետև լսելու են քո մեծ անվան մասին, քո հզոր ձեռքի և տարածած բազկի մասին, եթե նա գա և աղոթք անի այս տանը, 43այն ժամանակ դու լսի՛ր երկնքում՝ քո բնակվելու տեղում, և ըստ այդ օտարականի աղոթքի արա՛ այն ամենը, ինչ խնդրել է քեզնից, որպեսզի երկրի բոլոր ազգերն իմանան քո անունը, քեզնից վախենան Իսրայելի քո ժողովրդի պես և իմանան, որ քո անունն է դրվել այս տան վրա, որը ես շինեցի։
44Երբ քո ժողովուրդը պատերազմի գնա իր թշնամու դեմ այն ճանապարհով, որով դու կուղարկես նրանց, և երբ նրանք աղոթք անեն Տիրոջը քո ընտրած քաղաքի ճանապարհին և քո անվան համար իմ շինած այս տանը, 45այն ժամանակ լսի՛ր երկնքում նրանց աղոթքը և նրանց աղերսանքը և իրավո՛ւնք տուր նրանց։
46Երբ մեղանչեն քո դեմ, որովհետև չկա մի մարդ, որ չմեղանչի, և դու նրանց վրա բարկանաս ու նրանց մատնես թշնամու ձեռքը, և գերեվարողները նրանց գերի տանեն թշնամու հեռու կամ մոտիկ երկիրը, 47և եթե այն երկրում, ուր գերի են տարվել, զղջան իրենց սրտով, դառնան դեպի քեզ և աղերսեն այն երկրում, ուր գերության են տարվել և ասեն. “Մեղք գործեցինք, անօրենություն և անիրավություն արեցինք”, 48և երբ իրենց թշնամիների երկրում, ուր գերի են տարել նրանց, իրենց ամբողջ սրտով և իրենց ամբողջ հոգով դառնան դեպի քեզ և քեզ աղոթք անեն այն երկրի ճանապարհին, որը դու նրանց հայրերին տվեցիր, դառնան դեպի այն քաղաքը, որը դու հավանեցիր, և դեպի այս տունը, որը ես շինեցի քո անվան համար, 49այն ժամանակ դու լսի՛ր երկնքում՝ քո բնակվելու տեղում, նրանց աղոթքը և աղերսանքը և նրանց իրավունքը կատարի՛ր։ 50Եվ ների՛ր քո դեմ մեղանչած քո ժողովրդին և քո դեմ արած նրանց հանցանքները և արա՛ այնպես, որ նրանց գերեվարողները գթան նրանց և ողորմած լինեն նրանց նկատմամբ։ 51Որովհետև նրանք քո ժողովուրդն են և քո ժառանգությունը, որոնց հանեցիր Եգիպտոսից՝ երկաթե փռի միջից։ 52Եվ քո աչքերը թող բաց լինեն քո ծառայի աղերսանքի և Իսրայելի քո ժողովրդի աղերսանքի վրա, որ ամեն անգամ դեպի քեզ նրանց աղաղակելու ժամանակ լսես նրանց, 53որովհետև դու նրանց քեզ համար ժառանգություն ընտրեցիր բոլոր ազգերից, ինչպես ասել ես քո ծառա Մովսեսի միջոցով, երբ դու, ո՜վ Տեր Աստված, մեր հայրերին դուրս բերեցիր Եգիպտոսից»։
Վերջին աղոթքը
54Եվ երբ Սողոմոնը վերջացրեց այս ամբողջ աղոթքն ու աղերսանքը՝ Տիրոջն աղոթելը, վեր կացավ Տիրոջ սեղանի առջևից, ուր ծունկ էր չոքել և ձեռքերը տարածել դեպի երկինք, 55կանգնեց և բարձրաձայն օրհնեց Իսրայելի ամբողջ ժողովրդին և ասաց. 56«Օրհնյա՜լ լինի Տերը, որ հանգստություն է տվել Իսրայելի իր ժողովրդին իր բոլոր ասածների պես, և բոլորովին բան չի պակասել բոլոր այն բարի բաներից, ինչ նա խոստացել էր իր ծառա Մովսեսի միջոցով։ 57Մեր Տեր Աստվածը թող մեզ հետ լինի, ինչպես մեր հայրերի հետ էր, թող մեզ չլքի և անտես չանի մեզ. 58և մեր սրտերը դարձնի դեպի իրեն, որ մենք գնանք նրա բոլոր ճանապարհներով և պահենք նրա պատվիրանները, կանոններն ու իրավունքները, որ պատվիրել է մեր հայրերին։ 59Եվ իմ այս խոսքերը, որ ես պաղատեցի Տիրոջ առաջ, գիշեր ու ցերեկ թող մոտենան մեր Տեր Աստծուն, որպեսզի նա ամեն օր իր ծառայի և իր Իսրայել ժողովրդի իրավունքը պաշտպանի, 60որպեսզի երկրի բոլոր ազգերն իմանան, որ Տերն է Աստվածը, և ուրիշը չկա։ 61Եվ ձեր սրտերը ուղիղ լինեն մեր Տեր Աստծու հանդեպ, և պահեք նրա պատվիրանները, ինչպես այսօր»։
Տաճարին արված ընծայաբերումները
(Բ Մն. 7.4-10)
62Եվ թագավորն ու ամբողջ Իսրայելը զոհեր էին մատուցում Տիրոջ առաջ։ 63Եվ Սողոմոնը զոհ մատուցեց Տիրոջը. խաղաղության զոհի համար՝ քսաներկու հազար արջառ և հարյուր քսան հազար ոչխար. և թագավորն ու ամբողջ Իսրայելի որդիները կատարեցին Տիրոջ տան նավակատիքը։ 64Այդ օրը թագավորը սրբեց Տիրոջ տան առջևի գավթի մեջտեղը և այնտեղ մատուցեց ողջակեզները, հացի ընծան և խաղաղության զոհերի ճարպը, որովհետև պղնձե այն զոհասեղանը, որ Տիրոջ առջև էր, փոքր էր ողջակեզները, հացի ընծան ու խաղաղության զոհերի ճարպը պարունակելու համար։
65Այն ժամանակ Սողոմոնն ու նրա հետ ամբողջ Իսրայելը, Եմաթից մինչև Եգիպտոսի հեղեղատը, մեծ բազմությամբ կատարեցին տոնը մեր Տեր Աստծու առաջ յոթ օր ու դարձյալ յոթ օր, այսինքն՝ տասնչորս օր։ 66Ութերորդ օրը Սողոմոնն արձակեց ժողովրդին, և նրանք օրհնեցին թագավորին ու գնացին իրենց վրանները՝ ուրախանալով և զվարթ սրտով այն բոլոր բարիքների համար, որ արել էր Տերն իր Դավիթ ծառային և իր Իսրայել ժողովրդին։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy