Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 11
11
Սողոմոնը հեռանում է Աստծուց
1Եվ Սողոմոն թագավորը փարավոնի աղջկանից բացի օտարազգի շատ կանանց սիրեց՝ մովաբացիներ, ամմոնացիներ, եդովմացիներ, սիդոնացիներ, քետացիներ. 2այն ազգերից, որոնց մասին Տերն ասել էր Իսրայելի որդիներին, թե՝ «Մի՛ ամուսնացեք նրանց հետ, և նրանք էլ ձեզ հետ թող չամուսնանան, որ ձեր սրտերը չշեղեն դեպի իրենց աստվածները»։ Սողոմոնը սիրով հարեց նրանց։ 3Յոթ հարյուր իշխանազուն կին և երեք հարյուր հարճ ուներ, և նրա կանայք խոտորեցին նրա սիրտը։ 4Եվ Սողոմոնի ծերության ժամանակ նրա կանայք նրա սիրտը շեղեցին դեպի ուրիշ աստվածներ, և նրա սիրտը ուղիղ չէր իր Տեր Աստծու նկատմամբ, ինչպես մաքուր էր իր հայր Դավթի սիրտը։ 5Եվ Սողոմոնը գնաց սիդոնացիների Աստարովթ աստծու ետևից և ամմոնացիների գարշելի Մեղքոմի ետևից։ 6Եվ Սողոմոնը չարիք գործեց Տիրոջ առաջ և իր հայր Դավթի պես չհետևեց Տիրոջը։ 7Այն ժամանակ Սողոմոնը մովաբացիների գարշելի Քամովսի համար մի կռատուն շինեց Երուսաղեմի դիմաց՝ սարի վրա, ինչպես և Ամմոնի որդիների գարշելի Մողոքի համար։ 8Այսպես էլ արեց օտարազգի իր բոլոր կանանց համար, որոնք խունկ էին ծխում և զոհ մատուցում իրենց աստվածներին։
9Տերը բարկացավ Սողոմոնի վրա, քանի որ իր սիրտը շեղել էր Իսրայելի Տեր Աստծուց, որը երկու անգամ երևացել էր նրան 10և նրան պատվիրել էր, որ չգնա ուրիշ աստվածների ետևից. բայց նա չպահեց, ինչ որ Տերը պատվիրել էր նրան։ 11Եվ Տերն ասաց Սողոմոնին. «Որովհետև այսպիսի բան է լինում քեզ մոտ, և դու չպահեցիր իմ ուխտը և քեզ հրամայած իմ կանոնները, ես, անշուշտ, քեզնից պիտի խլեմ թագավորությունը և այն պիտի տամ քո ծառային։ 12Միայն թե քո կյանքի օրերին չեմ անելու քո հայր Դավթի պատճառով, այլ այն պիտի խլեմ քո որդու ձեռքից։ 13Սակայն չեմ խլելու ամբողջ թագավորությունը. մեկ ցեղը պիտի տամ քո որդուն իմ ծառա Դավթի պատճառով և իմ ընտրած Երուսաղեմի պատճառով»։
Սողոմոնի թշնամիները
14Եվ Տերը Սողոմոնի դեմ մի հակառակորդ ոտքի հանեց՝ Եդովմի թագավորի սերնդից եդովմացի Ադադին։ 15Որովհետև Դավիթը Եդովմում եղած ժամանակ, երբ զորապետ Հովաբը գնացել էր, որ սպանվածներին թաղի, Եդովմում նա կոտորեց բոլոր արուներին, 16որովհետև Հովաբը և ամբողջ Իսրայելը վեց ամիս բնակվեցին այնտեղ, մինչև որ Եդովմում բնաջինջ արեցին բոլոր արուներին։ 17Այդ ժամանակ էլ Ադադն ինքն ու իր հոր ծառաներից մարդիկ, որ եդովմացի էին, իր հետ փախան, գնացին Եգիպտոս, երբ Ադադը փոքր երեխա էր։ 18Եվ նրանք Մադիամից վեր կացան ու եկան Փառան և Փառանից իրենց հետ մարդիկ վերցրին ու գնացին Եգիպտոս՝ Եգիպտոսի թագավոր փարավոնի մոտ։ Եվ նա նրան տուն ու հաց տվեց և հող շնորհեց նրան։ 19Եվ Ադադը մեծ շնորհ գտավ փարավոնի առաջ, և նա իր կնոջ քրոջը՝ Թահփենես թագուհու քրոջը, կնության տվեց նրան։ 20Եվ Թահփենեսի քույրը նրա համար ծնեց Գանեբաթին, և Թահփենեսը նրան մեծացրեց փարավոնի պալատում, և Գանեբաթը փարավոնի պալատում փարավոնի որդիների հետ էր լինում։ 21Եվ երբ Ադադը Եգիպտոսում լսեց, թե Դավիթը ննջել է իր հայրերի հետ, և թե զորապետ Հովաբն էլ է մեռել, Ադադն ասաց փարավոնին. «Ինձ արձակի՛ր, որ իմ երկիրը գնամ»։ 22Եվ փարավոնն ասաց նրան. «Ի՞նչդ է պակաս ինձ մոտ, որ հիմա ուզում ես քո երկիրը գնալ». բայց նա ասաց. «Ո՛չ, բայց ինձ անպայման արձակի՛ր»։
23Եվ Աստված Սողոմոնի դեմ մի հակառակորդ էլ ոտքի հանեց՝ Եղիադայի որդի Ռազոնին, որը փախել էր իր տիրոջից՝ Սուբայի թագավոր Ադրաազարից։ 24Նա մարդիկ էր հավաքել իր մոտ և դարձել գնդապետ. և երբ Դավիթը սկսեց նրանց կոտորել, նրանք գնացին Դամասկոս և բնակվեցին այնտեղ ու թագավորեցին Դամասկոսում։ 25Նա Իսրայելի հակառակորդն էր Սողոմոնի կյանքի բոլոր օրերին. բացի այն չարիքից, որ Ադադն էր անում, նա էլ էր նեղում Իսրայելին. և թագավորեց ասորիների վրա։
Աստծու խոստումը Հերոբովամին
26Եվ թագավորի դեմ ձեռք բարձրացրեց նաև Սողոմոնի ծառա Սարեդայից եփրաթացի Նաբատի որդի Հերոբովամը, որի մայրը որբևայրի մի կին էր, անունը՝ Սարուա։ 27Այս է թագավորի դեմ նրա ձեռք բարձրացնելու պատմությունը. Սողոմոնը շինել էր Մելոնը և ամրացրել իր հայր Դավթի քաղաքի պատի քանդված մասերը. 28Հերոբովամը մի քաջարի մարդ էր, և երբ Սողոմոնը նկատեց, որ նա գործունյա տղամարդ է, նրան վերակացու դրեց Հովսեփի տան բոլոր ստրուկ գործավորների վրա։ 29Եվ երբ այդ օրերին Հերոբովամը դուրս էր եկել Երուսաղեմից, նրան հանդիպեց սիլոնացի Աքիա մարգարեն, որը նոր վերարկու էր հագել. և նրանք երկուսով մենակ էին դաշտում։ 30Եվ Աքիան բռնեց իր վրայի նոր վերարկուից, պատառոտեց և տասներկու կտոր արեց այն։ 31Եվ Հերոբովամին ասաց. «Տասը կտոր վերցրո՛ւ քեզ համար, քանզի այսպես է ասում Իսրայելի Տեր Աստվածը. “Ահա ես պիտի Սողոմոնի ձեռքից խլեմ թագավորությունը և տասը ցեղ տամ քեզ, 32իսկ մի ցեղը նրանը կլինի իմ ծառա Դավթի պատճառով և Իսրայելի բոլոր ցեղերից իմ ընտրած Երուսաղեմ քաղաքի պատճառով։ 33Որովհետև ինձ թողեցին և երկրպագություն արեցին սիդոնացիների Աստարովթ աստծուն, Մովաբի Քամովս աստծուն և Ամմոնի որդիների Մեղքոմ աստծուն և չգնացին իմ ճանապարհներով, որ կատարեին այն, ինչ ուղիղ է իմ առաջ, և կատարեին իմ կանոններն ու իրավունքները, ինչպես արել է նրա հայր Դավիթը։ 34Բայց ամբողջ թագավորությունը չեմ վերցնելու նրա ձեռքից, այլ նրան իշխան կդնեմ իր կյանքի բոլոր օրերին՝ իմ ծառա Դավթի պատճառով, որին ընտրել եմ ես, և որը պահել է իմ պատվերներն ու իմ կանոնները։ 35Սակայն թագավորությունը պիտի վերցնեմ նրա որդու ձեռքից և տամ քեզ, այսինքն՝ տասը ցեղերը։ 36Եվ նրա որդուն պիտի տամ մեկ ցեղը, որ իմ ծառա Դավիթը միշտ մի ճրագ ունենա իմ առջև Երուսաղեմում՝ այն քաղաքում, որը ես ընտրել եմ իմ անունն այնտեղ դնելու համար։ 37Եվ ես վեր եմ բարձրացնելու քեզ, և դու պիտի թագավորես քո ցանկացածի պես և պիտի թագավոր լինես Իսրայելի վրա։ 38Եվ եթե լինի այնպես, որ լսես այն ամենը, ինչ պատվիրեմ քեզ, գնաս իմ ճանապարհով և անես այն, ինչ հաճելի է ինձ, և պահես իմ կանոններն ու պատվիրանները, ինչպես անում էր իմ Դավիթ ծառան, այն ժամանակ ես կլինեմ քեզ հետ և քեզ համար հաստատուն տուն կշինեմ, ինչպես շինել եմ Դավթի համար, և Իսրայելը կտամ քեզ։ 39Եվ պիտի պատժեմ Դավթի սերնդին այս իսկ պատճառով, բայց ոչ մշտապես”»։ 40Եվ Սողոմոնը ջանում էր, որ սպանի Հերոբովամին, բայց Հերոբովամը վեր կացավ և փախավ Եգիպտոս՝ Եգիպտոսի թագավոր Սիսակի մոտ, և Եգիպտոսում մնաց մինչև Սողոմոնի մահը։
Սողոմոնի մահը
(Բ Մն. 9.29-31)
41Եվ Սողոմոնի մնացած գործերը և այն ամենը, ինչ նա արել է, և նրա իմաստությունը, դրանք ահա գրված են Սողոմոնի գործերի գրքում։ 42Ամբողջ Իսրայելի վրա Երուսաղեմում Սողոմոնի թագավորության ժամանակը քառասուն տարի էր։ 43Եվ Սողոմոնը ննջեց իր հայրերի հետ ու թաղվեց իր հայր Դավթի քաղաքում, և նրա փոխարեն թագավորեց նրա որդի Ռոբովամը։
Currently Selected:
Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 11: ՆՎԱԱ
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
© Bible Society in Armenia, 2018