Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 29
29
Նվերներ տաճարի շինության համար
1Դավիթ թագավորն ասաց հավաքված ամբողջ ժողովրդին. «Իմ որդի Սողոմոնը, որին միայն ընտրեց Աստված, դեռ երիտասարդ է և անփորձ, թույլ, իսկ գործը՝ մեծ, որովհետև այս պալատը մարդու համար չէ, այլ՝ Աստծու։ 2Ես իմ ամբողջ կարողությամբ իմ Աստծու տան համար պատրաստել եմ ոսկի՝ ոսկե իրերի համար, արծաթ՝ արծաթե իրերի համար, պղինձ՝ պղնձե իրերի համար, երկաթ՝ երկաթե իրերի համար, փայտ՝ փայտե իրերի համար, եղնգաքարեր, ընդելուզելու քարեր, գեղեցիկ ու գույնզգույն քարեր, ամեն տեսակ թանկարժեք քարեր և մեծ քանակությամբ մարմարիոն։ 3Եվ տակավին իմ Աստծու տան նկատմամբ իմ ունեցած սիրուց մղված՝ իմ ունեցած ոսկու և արծաթի գանձը ես տալիս եմ Աստծու տանը, բացի այն ամենից, որ պատրաստել եմ սուրբ տան համար. 4երեք հազար տաղանդ ոսկի Օփիրի ոսկուց և յոթ հազար տաղանդ մաքուր արծաթ՝ շինությունների որմերը երեսապատելու, 5ոսկյա ամեն առարկայի և արծաթյա ամեն առարկայի և արվեստագետների ամեն տեսակ գործի համար։ Էլ ո՞վ է հոժարությամբ այսօր նվեր մատուցելու Տիրոջը»։
6Այն ժամանակ տոհմերի իշխանները, Իսրայելի ցեղերի իշխանները, հազարապետներն ու հարյուրապետները և թագավորի գործերի վերակացուները հոժար եղան ընծայելու։ 7Նրանք Աստծու տան ծառայության համար տվեցին հինգ հազար տաղանդ, տասը հազար դահեկան ոսկի, տասը հազար տաղանդ արծաթ, տասնութ հազար տաղանդ պղինձ և հարյուր հազար տաղանդ երկաթ։ 8Ում մոտ որ թանկարժեք քարեր էին գտնվում, տվեցին Տիրոջ տան գանձանակին՝ գերսոնացի Հեքիելի ձեռքը։ 9Ժողովուրդն ուրախացավ նրանց հոժարակամ ընծայելու համար, որովհետև բոլորանվեր սրտով ընծաներ տվեցին Տիրոջը։ Դավիթ թագավորն էլ մեծապես ուրախացավ։
Դավիթը փառաբանում է Աստծուն
10Դավիթն օրհնեց Տիրոջը համախմբված ամբողջ ժողովրդի առաջ։ Նա ասաց. «Օրհնյալ ես դու, ո՛վ մեր հայր՝ Իսրայելի Տեր Աստված, հավիտյանս հավիտենից։ 11Քոնն են, ո՛վ Տեր, մեծությունը, զորությունը, փառքը, հաղթությունը, մեծափառությունը և երկնքում ու երկրի վրա եղած ամեն բան։ Քոնն է, ո՛վ Տեր, թագավորությունը, որովհետև դու բարձրացած ես ամենից վեր իբրև գերիշխան։ 12Քեզանից են հարստությունն ու պատիվը, և դու ես ամենի վրա տիրողը, քո ձեռքում են զորությունն ու կարողությունը, և քո ձեռքում է ամենքին մեծացնելն ու հզորացնելը։ 13Եվ հիմա, ո՛վ մեր Աստված, փառաբանում ենք քեզ և օրհներգում քո փառավոր անունը. 14որովհետև ո՞վ եմ ես, և ո՞վ է իմ ժողովուրդը, որ կարողանայինք այսպես ընծա մատուցել։ Քեզնից է ամեն բան, և քո ձեռքից ստացածն ենք տալիս քեզ։ 15Որովհետև մենք պանդուխտներ ենք քո առջև և նժդեհներ, ինչպես մեր բոլոր հայրերը։ Մեր օրերը երկրի վրա ստվերի նման են, և հաստատուն ոչինչ չկա։ 16Ո՛վ մեր Տեր Աստված, այս ամբողջ առատությունը, որ մենք պատրաստել ենք մի տուն կառուցելու համար քո սուրբ անվանը, գալիս է քո ձեռքից, և ամեն ինչ քոնն է։ 17Ես գիտեմ, ո՛վ իմ Աստված, որ դու քննում ես սրտերը և սիրում ես ուղղամտությունը. ես ուղիղ սրտով ընծայեցի քեզ այս ամենը և հիմա տեսա, որ այստեղ գտնվող քո ժողովուրդը ուրախությամբ և հոժարակամ քեզ ընծաներ մատուցեց։ 18Ո՛վ Տեր, մեր հայրերի՝ Աբրահամի, Իսահակի և Իսրայելի Աստված, հավիտյան պահի՛ր քո ժողովրդի սրտի այս մտածումներն ու դրվածքը և նրանց սիրտը ուղղի՛ր դեպի քեզ։ 19Իմ որդի Սողոմոնին տո՛ւր կատարյալ սիրտ, որպեսզի պահի քո պատվիրանները, քո վկայություններն ու կանոնները, որպեսզի կատարի այս բոլորը և կառուցի այն պալատը, որի նախապատրաստությունը ես արել եմ»։
20Դավիթն ասաց հավաքված ամբողջ ժողովրդին. «Հիմա օրհնեցե՛ք ձեր Տեր Աստծուն»։ Եվ հավաքված ամբողջ ժողովուրդն օրհնեց իր հայրերի Տեր Աստծուն և խոնարհվելով՝ երկրպագեց Տիրոջն ու թագավորին։ 21Հաջորդ օրը Տիրոջը մատուցեցին զոհեր ու ողջակեզներ՝ հազար զվարակ, հազար խոյ և հազար գառ՝ դրանց հեղելու նվերներով, և բազմաթիվ զոհեր ամբողջ Իսրայելի համար։ 22Այդ օրը մեծ ուրախությամբ կերան ու խմեցին Տիրոջ առջև և երկրորդ անգամ թագավոր հռչակեցին Դավթի որդի Սողոմոնին, Տիրոջ առջև նրան գլխավոր օծեցին, իսկ Սադոկին՝ քահանա։ 23Սողոմոնը Տիրոջ գահի վրա նստեց որպես թագավոր իր հոր՝ Դավթի փոխարեն։ Նա հաջողություն ունեցավ, և ամբողջ Իսրայելը հնազանդվում էր նրան։ 24Բոլոր իշխաններն ու զորեղ մարդիկ, նաև Դավիթ թագավորի բոլոր որդիները հպատակվեցին Սողոմոն թագավորին։ 25Տերը շատ բարձրացրեց Սողոմոնին բոլոր իսրայելացիների աչքին և նրա վրա դրեց թագավորական այնպիսի մի փառք, որ նրանից առաջ չէր ունեցել Իսրայելի վրա եղած ոչ մի թագավոր։
Դավթի թագավորության ամփոփումը
26Այսպես Հեսսեի որդի Դավիթը թագավորեց ամբողջ Իսրայելի վրա։ 27Նրա թագավորությունը Իսրայելի վրա տևեց քառասուն տարի. Քեբրոնում նա թագավորեց յոթ տարի, իսկ Երուսաղեմում՝ երեսուներեք տարի։ 28Նա մեռավ բարի ծերության մեջ՝ հագեցած իր ապրած օրերից, հարստությունից և փառքից։ Նրա որդի Սողոմոնը թագավորեց նրա փոխարեն։ 29Դավիթ թագավորի առաջին և վերջին գործերը գրված են Սամուել տեսանողի հիշատակարանում, Նաթան մարգարեի հիշատակարանում և Գադ տեսանողի հիշատակարանում. 30նրա ամբողջ թագավորությունը և հզոր գործերը, նաև այն, ինչ տեղի է ունեցել նրա ժամանակ թե՛ Իսրայելում և թե՛ մյուս երկրների բոլոր թագավորություններում։
Currently Selected:
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 29: ՆՎԱԱ
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
© Bible Society in Armenia, 2018