YouVersion Logo
Search Icon

Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 23

23
1Դավիթը ծերացել ու հագեցել էր իր ապրած օրերից, երբ իր որդի Սողոմոնին թագավոր կարգեց Իսրայելի վրա։
Ղևտացիների գործը
2Նա հավաքեց Իսրայելի բոլոր իշխանավորներին, քահանաներին և ղևտացիներին։ 3Հաշվառման ենթարկվեցին ղևտացիները, այսինքն՝ երեսուն և ավելի տարիք ունեցողները, որոնց ամբողջ թիվը եղավ երեսունութ հազար հոգի։ 4Դավիթն ասաց. «Սրանցից քսանչորս հազարը Տիրոջ տան գործերը տնօրինելու համար են, վեց հազարը՝ պաշտոնյաներ ու դատավորներ, 5չորս հազարը՝ դռնապաններ, և չորս հազարն էլ այն բանի համար, որ օրհնեն Տիրոջն այն գործիքներով, որ ես պատրաստել եմ տվել օրհներգելու համար»։ 6Դավիթը նրանց դասերի բաժանեց ըստ Ղևիի որդիների՝ Գերսոնի, Կահաթի և Մերարիի։
7Գերսոնի որդիներից էին Ղադանն ու Սեմեին։ 8Ղադանի որդիները երեքն էին. գլխավորը՝ Հեքիելը, հետո՝ Զեթամը և Հովելը։ 9Սեմեիի որդիները երեքն էին՝ Սաղամոթը, Ազիելը և Արանը։ Սրանք են Ղադանի տոհմերի գլխավորները։ 10Սեմեիի որդիներն էին նաև Հեթը, Զիզան, Հեուսը և Բարիան։ Սրանք Սեմեիի որդիներն էին՝ ընդամենը չորս հոգի։ 11Գլխավորը Հեթն էր, իսկ երկրորդը՝ Զիզան։ Հեուսն ու Բարիան շատ որդիներ չունեին և մարդահամարի մեջ մեկ տոհմ կազմեցին։
12Կահաթի որդիները չորսն էին՝ Ամրամը, Իսահառը, Քեբրոնը և Օզիելը։ 13Ամրամի որդիներն էին Ահարոնն ու Մովսեսը։ Որոշվեց, որ Ահարոնն ինքը և ապա իր որդիները առանձնացվեն ամենասուրբ բաները հավիտյան սրբագործելու, Տիրոջ առջև խունկ ծխելու, նրան ծառայելու և նրա անունով օրհնելու հավիտյան։ 14Բայց Աստծու մարդու՝ Մովսեսի որդիները համարվեցին Ղևիի ցեղ։ 15Մովսեսի որդիներն էին Գերսոմն ու Եղիազարը։ 16Գերսոմի որդիներից առաջինն էր Սուբայելը։ 17Եղիազարի առաջին որդին էր Հռաբիան. Եղիազարն ուրիշ որդիներ չուներ, բայց Հռաբիայի որդիները խիստ շատացան։ 18Իսահառի որդիներից առաջինն էր Սաղամոթը։ 19Քեբրոնի որդիներն էին՝ առաջինը՝ Հերիան, երկրորդը՝ Ամարիան, երրորդը՝ Հազիելը, չորրորդը՝ Հեկամամը։ 20Օզիելի որդիներն էին՝ առաջինը՝ Միքան, երկրորդը՝ Հեսիան։
21Մերարիի որդիներն էին Մոողին և Մուսին։ Մոողիի որդիներն էին Եղիազարն ու Կիսը։ 22Եղիազարը մեռավ, բայց նա որդիներ չունեցավ, այլ աղջիկներ, որոնց կնության առան իրենց եղբայրները՝ Կիսի որդիները։ 23Մուսիի որդիներն էին՝ Մոողի, Եդեր ու Հերիմոթ՝ այս երեքը։
24Սրանք են Ղևիի որդիներն ըստ իրենց ազգատոհմերի, տոհմերի գլխավորներն ըստ իրենց մարդահամարի՝ յուրաքանչյուրին հաշվելով անվանապես, որոնք պաշտոնավարում էին Տիրոջ տան ծառայության մեջ՝ սկսած քսան տարեկանից, 25որովհետև Դավիթն ասել էր, որ Իսրայելի Տեր Աստվածը հանգստություն է տվել իր ժողովրդին, որ Երուսաղեմում է բնակվելու հավիտյան։ 26Ղևտացիներն այլևս չպիտի կրեն Տիրոջ խորանն ու դրա անոթները խորանի ծառայության համար, 27որովհետև, Դավթի վերջին խոսքի համաձայն, նրանք էին, որ հաշվառման ենթարկվեցին, այսինքն՝ քսան և ավելի բարձր տարիք ունեցող Ղևիի որդիները։ 28Նրանք կլինեն Ահարոնի որդիների ձեռքի տակ, որպեսզի ծառայեն Տիրոջ տանը՝ գավիթներում, սենյակներում, հոգ տանեն բոլոր սուրբ բաների մաքրությանը, Աստծու տան ծառայության գործին, 29կատարեն առաջավորության հացի, հացի ընծայի համար սահմանված ընտիր ալյուրի, անթթխմոր բլիթների, տապակում եփածի, յուղով տապակվածի և բոլոր չափերի ու կշիռների վերահսկողությունը։ 30Նաև ամեն առավոտ վեր կենան Տիրոջը գովաբանելու և օրհներգելու, նույն բանն անեն և երեկոյան։ 31Շաբաթ օրերին, ամսագլուխներին և տոն օրերին մշտապես Տիրոջ առաջ Տիրոջը մատուցեն բոլոր ողջակեզներն ըստ նշված թվի և կանոնի։ 32Եվ կատարեն ժողովի վրանի, սրբարանի և իրենց եղբայրների՝ Ահարոնի որդիների պահպանությունը Տիրոջ տան ծառայության համար։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in