YouVersion Logo
Search Icon

Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 22

22
Տաճարի շինության պատրաստություններ
1Դավիթն ասաց. «Այս է լինելու Տեր Աստծու տունը, և Իսրայելի համար այս է լինելու ողջակեզի զոհասեղանը»։
2Դավիթը հրամայեց հավաքել այն օտարազգիներին, որոնք Իսրայելի երկրում էին։ Նա քարհատներ նշանակեց՝ տաշած քարեր պատրաստելու համար, որպեսզի կառուցեն Աստծու տունը։ 3Դավիթը շատ երկաթե գամեր և կեռիկներ պատրաստեց դռների փեղկերի համար, առատ պղինձ, որի կշիռը հաշիվ չուներ, 4անթիվ-անհամար եղևնափայտ, որովհետև սիդոնացիներն ու տյուրացիները Դավթի համար շատ եղևնափայտ էին բերում։
5Դավիթն ասաց. «Իմ որդի Սողոմոնը պատանի է և անփորձ, իսկ այն տունը, որ պետք է կառուցել Տիրոջ համար, պետք է ամենաբարձրը լինի, անվանի և փառավոր բոլոր երկրների մեջ։ Հիմա ես դրա համար շինանյութեր պատրաստեմ»։ Եվ Դավիթն իր մահվանից առաջ շատ շինանյութեր պատրաստեց։ 6Նա կանչեց իր որդի Սողոմոնին և նրան պատվիրեց մի տուն կառուցել Իսրայելի Տեր Աստծու համար։
7Դավիթն ասաց Սողոմոնին. «Որդյա՛կ իմ, մտադրվել էի, որ իմ Տեր Աստծու անվան համար մի տուն կառուցեմ, 8բայց Տիրոջ խոսքը եղավ ինձ՝ ասելով. “Դու շատ արյուն ես թափել և մեծամեծ պատերազմներ ես մղել. դու տուն չես շինելու իմ անվան համար, որովհետև դու իմ առաջ շատ արյուն ես գետին թափել։ 9Ահա քեզ մի որդի կծնվի. նա հանգստության մարդ կլինի, և ես նրան հանգստություն կտամ շրջակա իր բոլոր թշնամիներից, որովհետև նրա անունը Սողոմոն#22.9 Այսինքն՝ խաղաղարար։ կլինի։ Ես խաղաղություն ու հանգստություն կտամ Իսրայելին նրա օրերին։ 10Նա մի տուն կկառուցի իմ անվան համար. նա ինձ համար որդի կլինի, ես նրան հայր կլինեմ, և ես նրա գահը կհաստատեմ Իսրայելի վրա հավիտյան”։ 11Հիմա, որդյա՛կ իմ, Տերը քեզ հետ թող լինի, և դու հաջողություն գտնես ու կառուցես քո Տեր Աստծու տունը, ինչպես որ նա ասել է քո մասին։ 12Միայն թե Տերը քեզ հանճար և իմաստություն տա ու քեզ հաստատի Իսրայելի վրա, որպեսզի դու պահես քո Տեր Աստծու օրենքը։ 13Այն ժամանակ դու հաջողություն կգտնես, եթե զգուշությամբ պահես այն կանոններն ու օրենքները, որ Տերը պատվիրել է Մովսեսին Իսրայելի համար։ Քա՛ջ եղիր և զորացի՛ր, մի՛ վախեցիր և մի՛ զարհուրիր։ 14Ահա ես իմ ջանքերով Տիրոջ տան համար պատրաստել եմ հարյուր հազար տաղանդ ոսկի, հազար անգամ հազար տաղանդ արծաթ, իսկ պղնձի ու երկաթի կշիռը հաշիվ չունի, որովհետև շատ է։ Նաև պատրաստել եմ փայտ ու քար, բայց դու ավելացրո՛ւ դրանց վրա։ 15Քեզ մոտ կան շատ գործավորներ, քարհատներ, որմնադիրներ, հյուսներ և ամեն ճարտար մարդիկ ամեն գործի համար, 16ոսկով, արծաթով, պղնձով ու երկաթով աշխատող անհամար արհեստավորներ։ Վե՛ր կաց ու գործի՛ր, և Տերը քեզ հետ է լինելու»։
17Դավիթն Իսրայելի բոլոր իշխաններին հրամայեց, որ օգնեն իր որդի Սողոմոնին։ 18Նա ասաց. «Ահա ձեր Տեր Աստվածը ձեզ հետ է. նա ձեզ հանգիստ է տվել ամեն կողմից, որովհետև իմ ձեռքն է մատնել այս երկրի բնակիչներին, և երկիրը նվաճվել է Տիրոջ ու նրա ժողովրդի առաջ։ 19Այժմ ձեր սիրտն ու ձեր հոգին ձեր Տեր Աստծուն որոնելո՛ւն տվեք. վե՛ր կացեք և շինե՛ք Տեր Աստծու սրբարանը, որպեսզի Տիրոջ ուխտի տապանակն ու Աստծու սուրբ անոթները տանեք այն տունը, որ կառուցվելու է Տիրոջ անունով»։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in