YouVersion Logo
Search Icon

Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 12

12
Բենիամինի ցեղից Դավթի առաջին հետևորդները
1Սրանք են այն մարդիկ, որ եկան Դավթի մոտ՝ Սիկելակ, քանի որ նա դեռ թաքնվում էր Կիսի որդի Սավուղից։ Սրանք պատերազմում նրան օգնող քաջեր էին։ 2Նրանք աղեղնավորներ էին, որոնք պարսատիկով քարեր էին նետում աջ ու ձախ ձեռքով և աղեղով նետեր էին արձակում։ Սրանք Բենիամինից սերած Սավուղի ազգականներից էին։ 3Գլխավորն էր Աքիեզերը, ապա՝ Հովասը, որոնք գաբաացի Սամաայի որդիներն էին, Ազամոթի որդիներ Հեզիելն ու Փաղետը, Բարաքան ու անաթոթացի Հեուն, 4գաբավոնացի Իսմայիան, որն այն երեսունի մեջ քաջազուն մարտիկ էր և այն երեսունի գլխավորը, Երեմիան, Հազիելը, Հոհանանը և գադերացի Հոզաբադը, 5Եղիոզան, Հերիմոթը, Բաաղիան, Սամարիան, հարուփացի Սափատիան, 6Եղկանան, Հեսիան, Ազարիելը, Հոեզերը և Հեսբաամը, որոնք կորխացիներ էին, 7նաև գեդորացի Հերոամի որդիներ Հոելան և Զաբադիան։
Գադի ցեղից Դավթի հետևորդները
8Գադյաններից ոմանք, բաժանվելով, Դավթի մոտ՝ անապատում գտնվող բերդը գնացին, քաջազուն մարդիկ, պատերազմող, վահան և նիզակ գործածող զինվորներ, որոնց դեմքը նման էր առյուծի դեմքի, և որոնք արագաշարժ էին, ինչպես այծյամները լեռների վրա։ 9Եզերը գլխավորն էր, երկրորդը՝ Աբդիան, երրորդը՝ Եղիաբը, 10չորրորդը՝ Մասմանան, հինգերորդը՝ Երեմիան, 11վեցերորդը՝ Եթթին, յոթերորդը՝ Եղիելը, 12ութերորդը՝ Հոհանանը, իններորդը՝ Եղզաբադը, 13տասներորդը՝ Երեմիան, և տասնմեկերորդը՝ Մաքաբանան։ 14Սրանք Գադի որդիներից էին, զորքի գլխավորներ։ Նրանցից ոմանք կրտսեր սպաներ էին հարյուրի վրա, իսկ ոմանք՝ ավագ սպաներ հազարի վրա։ 15Սրանք են, որ անցան Հորդանան գետը առաջին ամսին, երբ նրա բոլոր ափերը ողողվել էին ջրով, և հովիտների բոլոր բնակիչներին փախցրին դեպի արևելք և դեպի արևմուտք։
Բենիամինի և Հուդայի ցեղից Դավթի հետևորդները
16Բենիամինի և Հուդայի որդիներից էլ մարդիկ եկան բերդը՝ Դավթի մոտ։ 17Դավիթը դուրս եկավ նրանց ընդառաջ և ասաց նրանց. «Եթե խաղաղությամբ եք եկել ինձ մոտ՝ օգնելու ինձ, իմ սիրտը ձեզ հետ կլինի, բայց եթե եկել եք խաբեությամբ, որպեսզի ինձ իմ թշնամիներին մատնեք, երբ իմ ձեռքերում անօրենություն չկա, այն ժամանակ թող մեր հայրերի Աստվածը տեսնի և հանդիմանի»։ 18Եվ Հոգին պատեց իշխանների գլխավորին՝ Ամեսայիին, և նա ասաց.
«Մենք քոնն ենք, ո՛վ Դավիթ, և քեզ հետ, Հեսսեի՛ որդի,
Խաղաղությու՜ն, խաղաղությու՜ն քեզ,
Խաղաղությու՜ն քո օգնականներին,
Քանզի քո օգնականը քո Աստվածն է»։
Եվ Դավիթն ընդունեց նրանց ու նրանց գնդի գլխավորներ կարգեց։
Մանասեի ցեղից Դավթի հետևորդները
19Մանասեի ցեղից էլ ոմանք անցան Դավթի կողմը, երբ նա փղշտացիների հետ պատերազմելու գնաց Սավուղի դեմ, սակայն նրանց չօգնեցին, որովհետև փղշտացիների իշխանները խորհրդակցելով ետ ուղարկեցին նրանց՝ ասելով. «Նա մեր գլուխների գնով իր տիրոջ՝ Սավուղի կողմը կանցնի»։ 20Երբ նա Սիկելակ գնաց, նրա կողմն անցան Մանասեի ցեղից Մանասեի հազարապետներ Եդնան, Հոզաբադը, Հեդիելը, Միքայելը, Հոզաբադը, Եղիուսը և Սաղթին։ 21Սրանք օգնեցին Դավթին նրանց հրոսակախմբերի դեմ, որովհետև բոլորն էլ քաջազուններ էին և զորքի գլխավորներ եղան։ 22Այն ժամանակ օրեցօր գալիս էին Դավթի մոտ՝ օգնելու նրան, մինչև որ նրանք մի մեծ բանակ դարձան Աստծու բանակի նման։
Դավթի զորքերի ցանկը
23Ահա այն սպառազինյալների թիվը, որոնք եկան Քեբրոն՝ Դավթի մոտ, որպեսզի, Տիրոջ խոսքի համաձայն, Սավուղի թագավորությունը փոխանցեն նրան։ 24Հուդայի որդիներից՝ վահան ու նիզակ կրող վեց հազար ութ հարյուր սպառազինյալ մարդ։ 25Շմավոնի որդիներից՝ յոթ հազար հարյուր քաջարի զինվորներ։ 26Ղևիի որդիներից՝ չորս հազար վեց հարյուր հոգի։ 27Նաև Հովիադան՝ Ահարոնի որդիների գլխավորը, և նրա հետ երեք հազար յոթ հարյուր հոգի։ 28Նաև քաջազուն տղամարդ Սադոկը և նրա հոր տնից՝ քսաներկու իշխաններ։ 29Բենիամինի որդիներից՝ Սավուղի ազգականներից, երեք հազար հոգի. որովհետև մինչև այդ ժամանակ նրանցից շատերը Սավուղի տան պահպանությունն էին անում։ 30Եփրեմի որդիներից՝ քսան հազար ութ հարյուր քաջազուն մարդիկ՝ անվանի իրենց ազգատոհմերում։ 31Մանասեի կես ցեղից՝ տասնութ հազար հոգի, որոնք անուններով որոշված էին, որ գնան Դավթին թագավոր անեն։ 32Իսաքարի որդիներից, որոնք ժամանակի գիտությունն ունեին և հասկանում էին, թե ի՛նչ պետք է անի Իսրայելը, նրանց երկու հարյուր գլխավորները, և նրանց բոլոր ազգականները նրանց հետ համաձայն էին։ 33Զաբուղոնի որդիներից՝ հիսուն հազար հոգի՝ պատերազմական բոլոր գործիքներով զինված, պատրաստ պատերազմի մեջ մտնելու և կռվելու վճռական սրտով։ 34Նեփթաղիմի որդիներից՝ հազար իշխաններ ու նրանց հետ երեսունյոթ հազար վահանավորներ և նիզակակիրներ։ 35Դանի որդիներից՝ պատերազմող քսանութ հազար վեց հարյուր հոգի։ 36Ասերի որդիներից՝ զինվոր լինելու ընդունակ և պատերազմող քառասուն հազար հոգի։ 37Հորդանան գետի այն կողմում՝ Ռուբենի ցեղից, Գադի ցեղից և Մանասեի կես ցեղից՝ հարյուր քսան հազար մարդ՝ զինված պատերազմական բոլոր գործիքներով։ 38Սրանք բոլորը՝ պատերազմող մարդիկ, ամբողջ սրտով եկան Քեբրոն, որ Դավթին թագավոր անեն ամբողջ Իսրայելի վրա։ Մնացած բոլոր իսրայելացիներն էլ համամիտ էին, որ Դավիթը թագավոր դառնա։ 39Նրանք այնտեղ երեք օր ուտում ու խմում էին Դավթի հետ, որովհետև իրենց եղբայրները պատրաստել էին նրանց համար։ 40Նաև նրանցից մոտիկ եղողները՝ մինչև Իսաքար, Զաբուղոն և Նեփթաղիմ, հաց բերեցին էշերով, ուղտերով, ջորիներով ու եզներով և ուտելիքի համար՝ ալյուր, չոր թուզ, չամիչ, գինի, յուղ և բազում արջառներ ու ոչխարներ, որովհետև Իսրայելն ուրախության մեջ էր։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy