YouVersion Logo
Search Icon

Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 11

11
Դավիթը՝ Իսրայելի և Հուդայի թագավոր
(Բ Թագ. 5.1-10)
1Ամբողջ Իսրայելը հավաքվեց Քեբրոնում՝ Դավթի մոտ՝ ասելով. «Ահավասիկ, մենք քո ոսկորն ու քո մարմինն ենք։ 2Սրանից առաջ, երբ դեռ Սավուղը մեզ վրա թագավոր էր, դու էիր դուրս հանում և ներս բերում Իսրայելին, և քո Տեր Աստվածն ասաց քեզ. “Դո՛ւ կհովվես Իսրայելի իմ ժողովրդին և դո՛ւ իշխող կլինես Իսրայելի իմ ժողովրդի վրա”»։ 3Իսրայելի բոլոր ծերերը եկան թագավորի մոտ՝ Քեբրոն, ու Դավիթը նրանց հետ դաշինք կնքեց Քեբրոնում, Տիրոջ առջև։ Նրանք Դավթին թագավոր օծեցին Իսրայելի վրա ըստ Տիրոջ խոսքի, որ ասել էր Սամուելի միջոցով։
4Դավիթը բոլոր իսրայելացիների հետ գնաց Երուսաղեմ, որ Հեբուսն է։ Այնտեղ էին հեբուսացիները՝ այն երկրի բնակիչները։ 5Հեբուսի բնակիչներն ասացին Դավթին. «Դու այստեղ չպիտի մտնես»։ Բայց Դավիթը գրավեց Սիոնի բերդը, որ Դավթի քաղաքն է։ 6Դավիթն ասաց. «Ով որ հեբուսացիներին առաջինը հարվածի, նա կլինի գլխավոր և զորապետ»։ Առաջինը ելավ Շարուհեայի որդի Հովաբը, և նա դարձավ զորագլուխ։ 7Դավիթը բնակվեց այդ բերդում, դրա համար էլ այն կոչում են Դավթի քաղաք։ 8Նա շուրջանակի կառուցապատեց քաղաքը՝ Մելոնից մինչև նրա շրջակայքը, իսկ Հովաբը վերանորոգեց քաղաքի մնացորդը։ 9Դավիթը գնալով հզորանում էր, և Զորությունների Տերը նրա հետ էր։
Դավթի հռչակավոր զորավարները
(Բ Թագ. 23.8-39)
10Սրանք են Դավթի քաջերի գլխավորները, որոնք ամբողջ Իսրայելի հետ նրան օգնեցին նրա թագավորության մեջ, որպեսզի թագավոր հռչակեն նրան՝ Իսրայելի մասին Տիրոջ ասած խոսքի համաձայն։ 11Ահա Դավթի քաջերի թիվը. Հաքեմոնիի որդի Հեսբաամը՝ զորավարների#11.11 Կամ երեսունի։ գլխավորը։ Սա իր նիզակը բարձրացրեց երեք հարյուր մարդկանց վրա՝ միանգամից սպանելով նրանց։
12Նրանից հետո աքուքացի Դոդայի որդի Եղիազարը։ Սա այն երեք հզորներից էր։ 13Սա Դավթի հետ էր Աբեսդոմմինում, որտեղ հավաքվել էին փղշտացիները՝ պատերազմելու համար։ Այնտեղ արտի մեկ մասը լիքն էր գարիով, և իսրայելացիները փախչում էին փղշտացիների առջևից։ 14Իսկ սրանք կանգնեցին արտի մեջտեղում, ազատեցին նրան և հարվածեցին փղշտացիներին։ Եվ Տերը մեծ փրկություն պարգևեց։
15Այն երեսուն զորավարներից երեքն իջան վեմը՝ Դավթի մոտ՝ Ոդողոմի քարայրը, իսկ փղշտացիների զորքը բանակ էր դրել Ռափայինների հովտում։ 16Դավիթն այդ ժամանակ բերդում էր, իսկ փղշտացիներից մի զորագունդ գտնվում էր Բեթլեհեմում։ 17Դավիթը, փափագելով խմել, ասաց. «Ո՞վ ինձ համար խմելու ջուր կբերի Բեթլեհեմի ջրհորից, որը դարպասի մոտ է»։ 18Եվ այդ երեքը ճեղքեցին փղշտացիների բանակը, ջուր քաշեցին Բեթլեհեմի ջրհորից, որը դարպասի մոտ էր, և բերեցին տվեցին Դավթին։ Բայց Դավիթը չուզեց խմել և այն թափեց Տիրոջ համար։ 19Նա ասաց. «Քավ լիցի ինձ, ո՛վ իմ Աստված, որ ես անեմ այդ բանը. կարո՞ղ եմ ես խմել այս մարդկանց արյունը. որովհետև նրանք իրենց կյանքը վտանգելով բերեցին այն»։ Եվ նա չուզեց խմել այդ ջուրը։ Ահա այս բաներն արեցին այդ երեք զորավորները։
20Հովաբի եղբայր Աբեսսան այդ երեքի գլխավորն էր։ Նա բարձրացրեց իր նիզակը երեք հարյուրի վրա՝ սպանելով նրանց։ Նա անվանի էր այդ երեքի մեջ։ 21Այդ երեքից նա ավելի հարգված էր, քան երկուսը, և դարձավ նրանց իշխանը, բայց այն մյուս երեքին չէր հասնի։
22Հովիադայի որդի Բանեան, որը կաբեսելացի մի ժիր և գործունյա մարդու որդի էր, հարվածեց մովաբացի երկու զորավոր մարդկանց։ Մի ձյունոտ օր նա իջավ և գուբի մեջ սպանեց առյուծին։ 23Նա հարվածեց նաև հինգ կանգուն հասակ ունեցող մի եգիպտացի մարդու. եգիպտացու ձեռքին կար ոստայնանկների գլանի չափ մեծ մի նիզակ։ Նա գավազանով իջավ նրա մոտ, հափշտակեց նիզակը եգիպտացու ձեռքից և նրա նիզակով էլ սպանեց նրան։ 24Այս բաներն արեց Հովիադայի որդի Բանեան և անվանի եղավ այդ երեք զորավորների մեջ։ 25Նա այն երեսունից ավելի նշանավոր էր, բայց այն երեքին չէր հասնի։ Դավիթը նրան թիկնապահների գլխավոր#11.25 Կամ ատյանի վերակացու։ կարգեց։
26Ահա զորքի քաջազունները՝ Հովաբի եղբայր Ասայելը, բեթլեհեմացի Դոդայի որդի Ելեանանը, 27հարոդացի Սամման, փելոնացի Քեղղեսը, 28թեկուացի Եկգեսի որդի Իրասը, անաթոթացի Աբիեզերը, 29օսացի Սոբաքը, աքուքացի Եղին, 30նետոփաթացի Մաարան, նետոփաթացի Բաանայի որդի Ալադը, 31Բենիամինի որդիների տարածքում գտնվող Գաբայից Ռիբայի որդի Եթթին, փարաթոնացի Բանեան, 32Գաասի ձորերից՝ Հուրայը, արաբաթացի Արիելը, 33բարումացի Ազամոթը, սաղաբինացի Եղիաբան, 34գեղոնացի Հասեմի որդիները՝ արարացի Սագեի որդի Հովնաթանը, 35արարացի Սաքարի որդի Աքիամը, Ովրի որդի Եղիփաղը, 36մեքուրաթացի Օփերը, փելոնացի Աքիան, 37կարմելացի Ասարեն, Ազբիայի որդի Նաարան, 38Նաթանի եղբայր Հովելը, Ագարայի որդի Մաբարը, 39ամմոնացի Սելեկը, Շարուհեայի որդի Հովաբի կապարճակիր բերոթացի Նաարան, 40հեթերացի Իրասը, հեթերացի Գարեբը, 41քետացի Ուրիան, Աղայիի որդի Զաբադը, 42Ռուբենյանների գլխավորը՝ Ռուբենյան Սիզայի որդի Ադինան, որի հետ կար երեսուն մարդ, 43Մաաքայի որդի Անանը, մաթանացի Հոսափատը, 44աստարովթացի Ոզիան, արոերացի Քոթամի որդիներ Սաման և Հեիելը, 45Սամարիի որդի Հեդիելը և նրա եղբայր թիսացի Հոքան, 46մահավացի Եղիելը, Եղնաամի որդիներ Հարիբային և Հոսավիան, մովաբացի Հեթեման, 47Եղիելը, Օբեդը և մեսոբացի Հեսիելը։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy