ԾՆՈՒՆԴ 4
4
Կայենը և Աբելը
1Ադամը մերձեցավ իր կնոջը՝ Եվային. նա հղիացավ, ծնեց Կայենին՝ ասելով. «Աստծու օգնությամբ մարդ ձեռք բերեցի»։ 2Հետո դարձյալ ծնեց. նրա եղբայր Աբելին։ Աբելը խաշնարած դարձավ, իսկ Կայենը՝ հողագործ։
3Որոշ ժամանակ անց Կայենը հողի բերքից ընծա մատուցեց Աստծուն։ 4Աբելը նույնպես ընծա բերեց՝ իր հոտի անդրանիկներից և դրանց պարարտներից։ Աստված ընդունեց Աբելին ու նրա ընծաները, 5իսկ Կայենին ու նրա ընծային չնայեց։ Կայենը շատ տրտմեց, և նրա դեմքը մռայլվեց։ 6Տերը՝ Աստված, Կայենին ասաց. «Ինչո՞ւ տրտմեցիր, քո դեմքն ինչո՞ւ մռայլվեց։ 7Չէ՞ որ եթե զոհ ես մատուցում, բայց ուղիղ չես մատուցում, մեղանչած ես լինում։ Հանդարտվի՛ր. նա քեզ պիտի հնազանդվի, և դու պիտի իշխես նրա վրա»։
8Կայենն ասաց իր եղբայր Աբելին. «Արի գնանք դաշտ»։ Երբ նրանք դաշտ հասան, Կայենը հարձակվեց իր եղբայր Աբելի վրա և սպանեց նրան։ 9Տերը՝ Աստված, հարցրեց Կայենին. «Որտե՞ղ է Աբելը՝ քո եղբայրը»։ Նա ասաց. «Չգիտեմ, մի՞թե ես իմ եղբոր պահակն եմ»։ 10Եվ Աստված ասաց. «Այդ ի՞նչ արեցիր, քո եղբոր արյան կանչը երկրից բողոքում է ինձ։ 11Արդ, անիծյալ լինես երկրի վրա, որը բացեց իր բերանը՝ ընդունելու քո ձեռքով թափված եղբորդ արյունը։ 12Հողը կմշակես, բայց նա արդյունք չի տա։ Հառաչելով ու դողալով պիտի ապրես երկրի վրա»։ 13Կայենն ասաց Տիրոջը՝ Աստծուն. «Իմ մեղքը շատ մեծ է թողության արժանանալու համար։ 14Եթե այսօր ինձ արտաքսես երկրի երեսից, և զրկվեմ քո ներկայությունից, հառաչելով ու դողալով պիտի ապրեմ երկրի վրա, և ով գտնի ինձ, կսպանի ինձ»։ 15Տերը՝ Աստված, նրան ասաց. «Այդպես չի լինի։ Նա, ով սպանի Կայենին, յոթնապատիկ պատժի կարժանանա»։ Եվ Տերը՝ Աստված, նշան դրեց Կայենի վրա, որպեսզի նրան հանդիպողը չսպանի նրան։
16Կայենը հեռացավ Աստծու ներկայությունից և բնակվեց Նայիդ երկրում՝ Եդեմի դիմաց։
Կայենի սերունդը
17Կայենը մերձեցավ իր կնոջը. նա հղիացավ ու ծնեց Ենովքին։ Քաղաք կառուցեց և այն կոչեց իր որդու անվամբ՝ Ենովք։ 18Ենովքը Գայերիդադ անվամբ որդի ունեցավ։ Գայերիդադը ծնեց Մայիելին, Մայիելը ծնեց Մաթուսաղային, Մաթուսաղան ծնեց Ղամեքին։ 19Ղամեքը երկու կին առավ. մեկի անունը Ադդա էր, իսկ երկրորդի անունը՝ Սելլա։ 20Ադդան ծնեց Հովբելին. նա վրանաբնակ խաշնարածների նախահայրն է։ 21Նրա եղբոր անունը Հովբաղ էր։ Նա է հորինել երգն ու քնարը։ 22Սելլան իր հերթին ծնեց Թոբելին, որը պղնձի ու երկաթի հմուտ դարբին եղավ։ Թոբելի քույրը Նոյեման էր։ 23Ղամեքն ասաց իր կանանց՝ Ադդային ու Սելլային.
«Լսե՛ք ինձ, Ղամեքի՛ կանայք,
ակա՛նջ դրեք իմ խոսքերին։
Մի մարդու սպանեցի, որ ինձ վերք էր հասցրել,
մի երիտասարդի, որ ինձ հարվածել էր։
24Եթե Կայենից յոթնապատիկ վրեժ է պահանջվելու,
ապա Ղամեքից՝ յոթանասուն անգամ յոթ»։
Սեթը
25Ադամը դարձյալ մերձեցավ իր կնոջը՝ Եվային. նա հղիացավ, որդի ծնեց, որի անունը Սեթ դրեց՝ ասելով. «Քանի որ Աստված ինձ ուրիշ զավակ պարգևեց Աբելի փոխարեն, որին սպանեց Կայենը»։ 26Սեթը որդի ունեցավ և նրա անունը դրեց Ենովս։ Նա սկսեց Աստծուն կոչել Տեր։
Currently Selected:
ԾՆՈՒՆԴ 4: ՆԷԱ
Označeno
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն