ՀՈՎՀԱՆՆԵՍ 3
3
Հիսուսը և Նիկոդեմոսը
1Փարիսեցիների մեջ Նիկոդեմոս անունով մի մարդ կար, որ հրեաների իշխանավոր էր։ 2Նա գիշերով եկավ նրա մոտ ու ասաց նրան. «Ռաբբի՛, գիտենք, որ Աստծուց ես եկել որպես վարդապետ, որովհետև ոչ ոք չի կարող կատարել այն նշանները, որ դու ես անում, եթե Աստված նրա հետ չլինի»։ 3Հիսուսը պատասխանեց և ասաց նրան. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ, եթե մեկը վերստին չծնվի, չի կարող Աստծու արքայությունը տեսնել»։ 4Նիկոդեմոսը նրան ասաց. «Ինչպե՞ս կարող է ծնվել մի մարդ, որ ծեր է. մի՞թե կարելի է իր մոր որովայնը կրկին մտնել ու ծնվել»։ 5Հիսուսը պատասխան տվեց ու ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ, եթե մեկը ջրից ու Հոգուց չծնվի, չի կարող Աստծու արքայությունը մտնել. 6որովհետև մարմնից ծնվածը մարմին է, իսկ Հոգուց ծնվածը՝ հոգի։ 7Դու մի՛ զարմացիր, որ քեզ ասացի՝ ձեզ պետք է վերստին ծնվել. 8որովհետև քամին ուր ուզում է, փչում է, և նրա ձայնը լսում ես, բայց չգիտես՝ որտեղի՛ց է գալիս կամ ո՛ւր է գնում. այսպես է և ամեն ոք, որ Հոգուց է ծնված»։ 9Նիկոդեմոսը հարցրեց նրան. «Այդ ինչպե՞ս կարող է լինել»։ 10Հիսուսը պատասխանեց և ասաց նրան. «Դո՛ւ ես Իսրայելի վարդապետ և այդ չգիտե՞ս։ 11Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ, խոսում ենք, ինչ գիտենք, և վկայում ենք, ինչ տեսել ենք, բայց մեր վկայությունը չեք ընդունում։ 12Իսկ արդ, եթե երկրավոր բաներ ասացի ձեզ, և չեք հավատում, ապա ինչպե՞ս պիտի հավատաք, եթե երկնավոր բաներ ասեմ։
13Արդ, ոչ ոք երկինք չի ելել, եթե ոչ երկնքից իջածը՝ Մարդու Որդին, որ երկնքից էր։ 14Եվ ինչպես որ Մովսեսն անապատում բարձրացրեց օձը, այնպես էլ Մարդու Որդին պետք է բարձրանա, 15որպեսզի ով նրան հավատում է, հավիտենական կյանքն ընդունի։ 16Քանզի Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է, չկորչի, այլ ընդունի հավիտենական կյանքը. 17որովհետև Աստված իր Որդուն չուղարկեց աշխարհ՝ այն դատապարտելու, այլ որպեսզի աշխարհը նրանով փրկվի։ 18Ով նրան հավատում է, չպիտի դատապարտվի, իսկ ով նրան չի հավատում, արդեն իսկ դատապարտված է, քանի որ Աստծու միածին Որդու անվանը չհավատաց։ 19Եվ հենց այս է դատաստանը. լույսը եկավ աշխարհ, սակայն մարդիկ խավարը լույսից ավելի սիրեցին, որովհետև իրենց գործերը չար էին. 20Քանզի չարիք գործողն ատում է լույսը և դեպի այն չի գալիս, որպեսզի նրա գործերը հայտնի չդառնան։ 21Իսկ ով կատարում է այն, ինչ ճշմարիտ է, գալիս է դեպի լույսը, որպեսզի նրա գործերը հայտնի դառնան, թե Աստծով կատարվեցին»։
Հովհաննես Մկրտչի վերջին վկայությունը
22Այնուհետև Հիսուսը և իր աշակերտները Հուդայի երկիրը եկան։ Նա այնտեղ շրջում էր նրանց հետ ու մկրտում։ 23Իսկ Հովհաննեսն էլ մկրտում էր Այենոնում՝ Երուսաղեմի մոտ, որովհետև այնտեղ շատ ջրեր կային, և մարդիկ գալիս ու մկրտվում էին, 24քանի որ Հովհաննեսին դեռևս չէին բանտարկել։
25Եվ ահա Հովհաննեսի աշակերտների ու մի հրեայի միջև մաքրության մասին մի հարց ծագեց։ 26Նրանք եկան Հովհաննեսի մոտ ու նրան ասացին. «Ռաբբի՛, նա, որ Հորդանանի մյուս կողմում քեզ հետ էր, և որի մասին դու վկայեցիր, ահավասիկ նա մկրտում է, և ամենքը գալիս են նրա մոտ»։ 27Հովհաննեսը պատասխանեց ու ասաց. «Մարդն ինքն իրենից որևէ բան անել չի կարող, եթե նրան ի վերուստ՝ երկնքից, այդ տրված չէ։ 28Դուք ինքներդ եք վկայում ինձ, որ ձեզ ասացի, թե ես չեմ Քրիստոսը, այլ ուղարկված եմ նրա առաջից։ 29Ով հարս ունի, նա՛ է փեսան. իսկ փեսայի բարեկամը, որ կանգնած լսում է նրան, մեծապես ուրախանում է փեսայի ձայնի համար։ Արդ, այս ուրախությունը, որ իմն է, կատարյալ է։ 30Նրա գործը պետք է մեծանա, իսկ իմը՝ նվազի»։
Ի վերուստ եկողը
31«Նա՝ ի վերուստ եկողը, վեր է ամենքից. իսկ այս երկրից եղողը երկրավոր է և երկրավոր բաների մասին է խոսում։ 32Նա՝ երկնքից եկողը, վկայում է, ինչ որ տեսել ու լսել է, սակայն նրա վկայությունը ոչ ոք չի ընդունում։ 33Նրա վկայությունն ընդունածը հաստատած կլինի, որ Աստված ճշմարիտ է, 34քանի որ նա, ում Աստված ուղարկեց, Աստծու խոսքերն է խոսում. որովհետև Աստված Հոգին առանց չափի է տալիս։ 35Հայրը սիրում է Որդուն և ամեն բան նրա ձեռքն է տվել։ 36Ով հավատում է Որդուն, ընդունում է հավիտենական կյանքը, իսկ ով չի հնազանդվում Որդուն, կյանք չի տեսնի, այլ նրա վրա կմնա Աստծու բարկությունը»։
Currently Selected:
ՀՈՎՀԱՆՆԵՍ 3: ՆԷԱ
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն