ԱՌԱԿՆԵՐ 10:17-32

Խրատ պահողը կյանքի ճանապարհին է, իսկ հանդիմանություն մերժողը մոլորվում է։ Ատելությունը ծածկողը ստախոս շուրթեր ունի, իսկ զրպարտություն տարածողն անմիտ է։ Շատախոսության մեջ հանցանքը պակաս չի լինի, բայց ուշիմ է իր շրթունքները զսպողը։ Արդարի լեզուն ընտիր արծաթ է, իսկ անիրավների սիրտը չնչին արժեք ունի։ Արդարի շրթունքները սնուցում են շատերին, իսկ հիմարները մեռնում են պակասամտությունից։ Տիրոջ օրհնությունն է, որ հարստացնում է և ցավ չի ավելացնում նրա վրա։ Անմիտի համար չարություն անելը զվարճանք է, իսկ իմաստությունը հանճարեղ մարդունն է։ Ինչից վախենում է անիրավը, պատահում է նրան, իսկ արդարների փափագը կատարվում է։ Երբ փոթորիկն անցնում է, անիրավը չքանում է, բայց արդարը հավիտենական հիմք ունի։ Ինչպես որ քացախն է ատամների համար, և ծուխը՝ աչքերի, նույնպես էլ ծույլն է իր ուղարկողի համար։ Տիրոջ երկյուղն ավելացնում է օրերը, իսկ անիրավների օրերը կկարճանան։ Արդարների ակնկալությունն ուրախություն է, իսկ անիրավների հույսը կկորչի։ Պարկեշտի համար Տիրոջ ճանապարհն ամրոց է, իսկ անօրենություն գործողների համար՝ կործանում։ Արդարը հավիտյան չի սասանվի, բայց անիրավները երկրի վրա չեն բնակվի։ Արդարի բերանն իմաստություն է բխեցնում, իսկ նենգավոր լեզուն պիտի կտրվի։ Արդարի շրթունքները գիտեն ընդունելին, իսկ անիրավների բերանը՝ նենգությունը։
ԱՌԱԿՆԵՐ 10:17-32