ՀՈՎՀԱՆՆԵՍ 10:27-39
Իմ ոչխարներն իմ ձայնը լսում են, ու ես նրանց ճանաչում եմ, և նրանք գալիս են իմ հետևից։ Եվ ես նրանց հավիտենական կյանք եմ տալիս, և նրանք հավիտյան չեն կորչի, ու ոչ ոք նրանց իմ ձեռքից չի հափշտակի։ Իմ Հայրը, որ նրանց ինձ տվեց, բոլորից մեծ է։ Ոչ ոք չի կարող նրանց իմ Հոր ձեռքից հափշտակել։ Ես և Հայրը մի ենք»։ Հրեաները դարձյալ քարեր վերցրին, որ նրան քարկոծեն։ Հիսուսը նրանց ասաց. «Ձեզ բազում բարի գործեր ցույց տվեցի իմ Հոր կողմից. դրանցից ո՞ր գործի համար եք ինձ քարկոծում»։ Հրեաները պատասխանեցին. «Քեզ ոչ թե բարի գործի համար ենք քարկոծում, այլ հայհոյության, որ դու, մարդ լինելով, ինքդ քեզ Աստծու տեղ ես դնում»։ Հիսուսը նրանց պատասխանեց. «Ձեր օրենքում գրված չէ՞. "Ես ասացի՝ աստվածներ եք" ։ Գրքում աստվածներ են կոչվում նրանք, որոնց ուղղված է Աստծու խոսքը։ Իսկ այն, ինչ գրված է Գրքում, չի կարող ջնջվել։ Նրան, ում Հայրը սրբացրեց ու աշխարհ ուղարկեց, դուք ասում եք՝ հայհոյում ես. նրա՞ համար, որ ասացի, թե Աստծու Որդին եմ։ Եթե իմ Հոր գործե՛րը չեմ կատարում, ինձ մի՛ հավատացեք։ Իսկ եթե կատարում եմ, թեկուզ ինձ չհավատաք, գոնե գործերի՛ն հավատացեք, որպեսզի իմանաք ու ճանաչեք, որ Հայրն իմ մեջ է, ու ես՝ Հոր մեջ»։ Դարձյալ ուզում էին բռնել Հիսուսին, բայց նա ազատվեց նրանց ձեռքից։
ՀՈՎՀԱՆՆԵՍ 10:27-39