Հայտնություն 7:4-17

Հայտնություն 7:4-17 ՆՎԱԱ

Եվ կնքվածների թիվը լսեցի՝ հարյուր քառասունչորս հազար՝ կնքված Իսրայելի որդիների բոլոր ցեղերից։ Հուդայի ցեղից՝ տասներկու հազար կնքված, Ռուբենի ցեղից՝ տասներկու հազար, Գադի ցեղից՝ տասներկու հազար, Ասերի ցեղից՝ տասներկու հազար, Նեփթաղիմի ցեղից՝ տասներկու հազար, Մանասեի ցեղից՝ տասներկու հազար, Շմավոնի ցեղից՝ տասներկու հազար, Ղևիի ցեղից՝ տասներկու հազար, Իսաքարի ցեղից՝ տասներկու հազար, Զաբուղոնի ցեղից՝ տասներկու հազար, Հովսեփի ցեղից՝ տասներկու հազար, Բենիամինի ցեղից՝ տասներկու հազար։ Սրանից հետո տեսա. ահա մեծ ամբոխ, որին ոչ ոք չէր կարող հաշվել, կազմված բոլոր ազգերից, ցեղերից, ժողովուրդներից ու լեզուներից, որոնք կանգնած էին աթոռի և Գառան առաջ՝ սպիտակ զգեստներ հագած և արմավենու ճյուղեր իրենց ձեռքերին։ Եվ բարձրաձայն աղաղակում էին ու ասում. «Փրկությունը մեր Աստծունն է, որ նստում է աթոռի վրա, և Գառանը»։ Եվ բոլոր հրեշտակները կանգնել էին աթոռի, երեցների և չորս կենդանիների շուրջը և երեսի վրա ընկնում էին աթոռի առաջ ու երկրպագում էին Աստծուն՝ ասելով. «Ամե՛ն. օրհնությունը, փառքը, իմաստությունը, գոհությունը, պատիվը, ուժը և զորությունը մեր Աստծուն լինեն հավիտյանս հավիտենից։ Ամեն»։ Եվ երեցներից մեկն ինձ հարցրեց. «Սրանք, որ սպիտակ զգեստներ են հագել, ովքե՞ր են և որտեղի՞ց են եկել»։ Ես նրան ասացի. «Տե՛ր, դու գիտես»։ Եվ նա ինձ ասաց. «Սրանք են, որ մեծ նեղությունից են գալիս և իրենց զգեստները լվացին ու Գառան արյունով սպիտակեցրին։ Դրա համար Աստծու գահի առաջն են և նրա տաճարում գիշերուզօր նրան են պաշտում, և գահի վրա նստողը հովանի պիտի լինի նրանց վրա։ Այլևս ո՛չ քաղցելու են, ո՛չ էլ ծարավելու, և ո՛չ արևը նրանց վրա կընկնի, ո՛չ էլ տապը, որովհետև Գառը, որ գահի մեջտեղում է, կհովվի նրանց ու կառաջնորդի դեպի կենաց ջրի աղբյուրները, և Աստված կսրբի ամեն արտասուք նրանց աչքերից»։