ԱՌԱԿՆԵՐ 14:26-35

ԱՌԱԿՆԵՐ 14:26-35 ՆՎԱԱ

Տիրոջ երկյուղի մեջ ամուր ապահովություն կա, և նրա որդիների համար ապավեն պիտի լինի։ Տիրոջ երկյուղը կյանքի աղբյուր է մահվան որոգայթներից խույս տալու համար։ Ժողովրդի բազմությունը թագավորի փառքն է, բայց ժողովրդի սակավությունը իշխանի կործանումն է։ Համբերատար մարդը շատ խոհեմ է, իսկ դյուրագրգիռ մարդը հիմարություն է անում։ Հանդարտ սիրտը բժշկություն է մարմնի համար, իսկ նախանձը փտություն է ոսկորների համար։ Աղքատին կեղեքողը նրա Արարչին է անարգում, բայց կարիքավորին գթացողը պատվում է Արարչին։ Անիրավն իր չարության համար կկործանվի, բայց արդարն իր մահվան ժամանակ ապաստան կունենա։ Ողջամիտ մարդու սրտում իմաստությունն է հանգչում, իսկ անմիտների սրտում այն չկա։ Արդարությունը բարձրացնում է ազգին, իսկ մեղքն անարգանք է ժողովուրդների համար։ Ուշիմ ծառայի նկատմամբ թագավորը բարեհաճ է, իսկ նրա բարկությունը նախատինք բերող ծառայի վրա է։