ԹՎԵՐ 8

8
Ճրագների զետեղումը
1Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց. 2«Խոսի՛ր Ահարոնի հետ և ասա՛ նրան. “Երբ ճրագները դնես, յոթ ճրագները լույս կտան աշտանակի առջևի կողմից”»։ 3Ահարոնն այդպես էլ արեց. նա ճրագները դրեց աշտանակի առջևի կողմից, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։ 4Այսպիսին էր աշտանակի շինվածքը. այն կռածո ոսկի էր, դրա բնից մինչև ծաղիկները ճախարակաձև էին՝ այն օրինակի նման, որ Տերը ցույց էր տվել Մովսեսին։ Նա այդպես էլ շինեց աշտանակը։
Ղևտացիների սրբագործումը և նվիրաբերումը
5Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց. 6«Իսրայելի որդիների միջից վերցրո՛ւ ղևտացիներին և մաքրի՛ր նրանց։ 7Նրանց մաքրելու համար այսպես կանես. մեղսաքավիչ ջուր կցանես նրանց վրա, ածելիով կածիլես նրանց ամբողջ մարմինը, և նրանք իրենց հագուստները կլվանան ու կմաքրվեն։ 8Հետո նրանք մի զվարակ կվերցնեն և յուղով հունցված ընտիր ալյուր՝ իբրև հացի ընծա, և մեղքի զոհի համար դու մի ուրիշ զվարակ կվերցնես։ 9Ղևտացիներին կմոտեցնես ժողովի վրանի առաջ, կհավաքես Իսրայելի բոլոր որդիների համայնքը։ 10Երբ ղևտացիներին կբերես Տիրոջ առջև, Իսրայելի որդիներն իրենց ձեռքերը կդնեն ղևտացիների վրա։ 11Ահարոնը ղևտացիներին որպես երերացնելու զոհ կներկայացնի Տիրոջ առաջ Իսրայելի որդիների կողմից, որպեսզի նրանք կատարեն Տիրոջ ծառայությունը։ 12Ղևտացիներն իրենց ձեռքերը կդնեն այդ զվարակների գլխին. մեկը կմատուցես Տիրոջը որպես մեղքի զոհ, իսկ մյուսը ողջակեզ կանես ղևտացիների քավության համար։ 13Ղևտացիներին կկանգնեցնես Ահարոնի ու նրա որդիների առջև և նրանց երերացնելու զոհ կմատուցես Տիրոջը։ 14Այսպես ղևտացիներին կառանձնացնես Իսրայելի որդիների միջից, և ղևտացիները իմը կլինեն։ 15Դրանից հետո, երբ նրանց կմաքրես և նրանց որպես երերացնելու զոհ կմատուցես, ղևտացիները կմտնեն ժողովի վրանի գործն անելու։ 16Որովհետև նրանք ամբողջապես ինձ են տրված Իսրայելի որդիների միջից։ Իսրայելի որդիների մեջ մոր արգանդ բացող բոլոր անդրանիկների փոխարեն նրանց եմ վերցրել ինձ համար։ 17Իսրայելի որդիների բոլոր անդրանիկները՝ մարդու թե անասունի, ինձ են պատկանում։ Այն օրը, երբ Եգիպտոսի երկրում հարվածեցի բոլոր անդրանիկներին, նրանց առանձնացրի ինձ համար։ 18Եվ ղևտացիներին վերցրի Իսրայելի որդիների բոլոր անդրանիկների փոխարեն։ 19Իսրայելի որդիների միջից ղևտացիներին ամբողջապես տվեցի Ահարոնին ու նրա որդիներին, որպեսզի ժողովի վրանում կատարեն Իսրայելի որդիների սպասավորության գործը և քավություն անեն Իսրայելի որդիների համար, որպեսզի Իսրայելի որդիների վրա հարված չգա, երբ Իսրայելի որդիները մոտենան սրբարանին»։
20Մովսեսն ու Ահարոնը և Իսրայելի որդիների ամբողջ ժողովուրդը ղևտացիների հանդեպ արեցին այն ամենը, ինչ Տերը պատվիրել էր Մովսեսին ղևտացիների մասին։ Իսրայելի որդիներն այդպես էլ արեցին նրանց։ 21Ղևտացիները մաքրվեցին և լվացին իրենց հագուստները։ Ահարոնը նրանց որպես երերացնելու զոհ ներկայացրեց Տիրոջ առաջ։ Ահարոնը նրանց համար քավություն արեց, որպեսզի մաքրի նրանց։ 22Դրանից հետո ղևտացիները մտան ժողովի վրան, որպեսզի իրենց պաշտոնը կատարեն Ահարոնի ու նրա որդիների առջև։ Ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին ղևտացիների մասին, նրանք այդպես էլ արեցին նրանց։
23Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց. 24«Այս լինի ղևտացիներին վերաբերող կանոնը. քսանհինգ տարեկան և բարձր եղողները կմտնեն ժողովի վրանում սպասավորություն կատարողների խմբի մեջ։ 25Հիսուն տարեկան դառնալուց հետո ետ կքաշվեն սպասավորություն կատարողների խմբից և այլևս չեն ծառայի։ 26Սակայն թող օգնեն իրենց եղբայրներին ժողովի վրանում պաշտոն կատարելու, բայց իրենք ծառայություն չանեն։ Այսպե՛ս արա ղևտացիներին իրենց սպասավորության համար»։

Արդեն Ընտրված.

ԹՎԵՐ 8: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք