Մատթեոս 9:1-13

Մատթեոս 9:1-13 ՆՎԱԱ

Հիսուսը, նավ նստելով, լճի մյուս կողմն անցավ ու իր քաղաքը եկավ։ Ահա նրա մոտ բերեցին մի անդամալույծի, որ պառկած էր մահճի մեջ։ Հիսուսը, նրանց հավատը տեսնելով, անդամալույծին ասաց. «Քաջալերվի՛ր, որդյա՛կ, քո մեղքերը քեզ ներված են»։ Դպիրներից ոմանք իրենց մտքում ասացին. «Սա հայհոյում է»։ Հիսուսը, նրանց միտքը հասկանալով, ասաց. «Ինչո՞ւ եք ձեր սրտում չար բաներ խորհում։ Ի՞նչն է ավելի հեշտ. ասել՝ "Քո մեղքերը ներված են", թե՞ ասել՝ "Վե՛ր կաց ու քայլի՛ր"։ Բայց որպեսզի իմանաք, որ Մարդու Որդին իշխանություն ունի երկրի վրա մեղքերին թողություն տալու, այդ ժամանակ անդամալույծին ասաց. "Վե՛ր կաց, մահիճդ ա՛ռ ու քո տո՛ւն գնա"»։ Նա վեր կացավ և իր տուն գնաց։ Երբ ժողովրդի բազմությունը տեսավ, զարմացավ. փառավորում էին Աստծուն, որ մարդկանց այդպիսի իշխանություն է տվել։ Հիսուսը, այնտեղից առաջ անցնելով, տեսավ Մատթեոս անունով մի մարդու, որ նստած էր մաքսատանը։ Նրան ասաց. «Արի՛ իմ հետևից»։ Նա վեր կացավ, գնաց նրա հետևից։ Երբ Հիսուսը նրա տանը սեղան էր նստել, ահա շատ մաքսավորներ ու մեղավորներ եկան բազմեցին Հիսուսի և նրա աշակերտների հետ։ Փարիսեցիները, տեսնելով նրա աշակերտներին, ասացին. «Ինչո՞ւ է ձեր վարդապետը մաքսավորների ու մեղավորների հետ ուտում»։ Բայց երբ Հիսուսը լսեց, նրանց ասաց. «Առողջները բժշկի կարիք չունեն, այլ հիվանդները։ Գնացեք սովորե՛ք, թե ի՛նչ է նշանակում "Ողորմություն եմ ուզում և ոչ թե զոհ" . որովհետև ես արդարներին կանչելու չեմ եկել, այլ մեղավորներին»։