Այն ազգը կամ այն թագավորությունը, որ քեզ չի ծառայելու, պիտի կորչի. այդպիսի ազգերն ամբողջովին պիտի կործանվեն։ Լիբանանի փառքը քեզ է գալու՝ մայրին, սոսին և տոսախը միասին՝ իմ սրբարանի տեղը զարդարելու համար. և ես իմ ոտքերի տեղը կփառավորեմ։ Քեզ տանջողների որդիները խոնարհվելով քեզ մոտ պիտի գան, և բոլոր քեզ անարգողները պիտի երկրպագեն քո ոտքերի թաթերի մոտ ու քեզ կոչեն “Տիրոջ քաղաք, Իսրայելի Սրբի Սիոն”։ Դու լքված և ատված ես եղել, և ոչ ոք չէր անցնում քո միջով. դրա փոխարեն ես քեզ պիտի դարձնեմ հավիտենապես մեծափառ, ցնծություն՝ սերնդից սերունդ։ Դու պիտի ծծես ազգերի կաթը, դու պիտի ծծես թագավորների ստինքը և պիտի իմանաս, որ ես՝ Տերը, քո Փրկիչն եմ և քեզ ազատագրողը, Հզորը Հակոբի։ Պղնձի փոխարեն ոսկի պիտի բերեմ, երկաթի փոխարեն՝ արծաթ, փայտի փոխարեն՝ պղինձ, քարերի փոխարեն՝ երկաթ ու խաղաղությունը քո վերակացուն պիտի դարձնեմ և արդարությունը՝ քո գործավարները։ Քո երկրում այլևս լսելի չեն լինելու բռնությունը, ոչ էլ քո սահմաններում՝ ավեր ու քանդում. դու քո պարիսպները կոչելու ես Փրկություն և քո դռները՝ Գովաբանություն։ Ցերեկն այլևս արևը չի լինելու քո լույսը, և լուսինը քեզ չի լուսավորելու գիշերը, այլ Տերը կլինի հավիտենական լույսը, և քո Աստվածը՝ քո փառքը։ Քո արևն այլևս մայր չի մտնի, և քո լուսինը չի խավարի, այլ Տերը պիտի լինի քո հավիտենական լույսը, և քո սգի օրերը պիտի վերջանան։ Քո ժողովուրդը, բոլորը արդար պիտի լինեն, հավիտենապես պիտի ժառանգեն երկիրը՝ իմ տնկած ընձյուղը, իմ ձեռքի գործը, որ ես փառավորվեմ։ Ամենասակավը հազար պիտի դառնա, և ամենաչնչինը՝ զորավոր ազգ։ Ես եմ Տերը. պիտի փութացնեմ այդ իր ժամանակին»։