ԵՍԱՅԻ 54:10-17

ԵՍԱՅԻ 54:10-17 ՆՎԱԱ

Թեև լեռները գնան, բլուրները վերցվեն, իմ գթությունը քեզանից չի հեռանա, իմ խաղաղության ուխտը չի խախտվի»,- ասում է քեզ գթացող Տերը։ «Ո՛վ դու թշվառ, մրրկահար և անմխիթար, ահա ես քո քարերը ծարիրով պիտի շինեմ և քո հիմքերը շափյուղաներով պիտի դնեմ։ Ես քո աշտարակները պիտի կառուցեմ կարմիր հակինթներով, քո դռները՝ կարկեհաններով և քո բոլոր պատերը՝ թանկարժեք քարերով։ Քո բոլոր որդիների ուսուցումը Տիրոջից պիտի լինի, և մեծ պիտի լինի նրանց խաղաղությունը։ Դու պիտի հաստատվես արդարության մեջ։ Հեռու կլինես բռնությունից, որովհետև չես վախենալու, և արհավիրքից, որովհետև քեզ չի մոտենալու։ Ահա նրանք անպատճառ կհարձակվեն քեզ վրա, բայց դա ինձնից չի լինի. ով հարձակվի քեզ վրա, նա պիտի ընկնի քո պատճառով։ Ահավասիկ ես եմ ստեղծել դարբնին, որը փուքսով փչում է կրակի կայծերի վրա և գործիք է պատրաստում իր արհեստի համար. նույնպես ե՛ս եմ ստեղծել կործանողին, որպեսզի խորտակի այն։ Ամեն մի գործիք, որ շինված է քո դեմ, հաջողություն չպիտի ունենա, և ամեն լեզու, որ դատաստանի է ելնելու քո դեմ, պիտի դատապարտվի։ Ա՛յս է Տիրոջ ծառաների ժառանգությունը, և ինձնից է գալու նրանց արդարացումը»,- ասում է Տերը։