ՈՎՍԵԵ 5

5
1Լսե՛ք այս, ո՛վ քահանաներ, և ուշադի՛ր եղեք, ո՛վ Իսրայելի տուն, և ակա՛նջ դրեք, ո՛վ թագավորի տուն, որովհետև դատաստանը ձերն է, որովհետև դուք որոգայթ եղաք Մասփայում. տարածված ցանց՝ Թաբորի վրա 2և խոր փորված փոս՝ Շիթթիմում, բայց ես նրանց բոլորին պիտի պատժեմ։ 3Ես ճանաչում եմ Եփրեմին, և Իսրայելն ինձնից ծածկված չէ. որովհետև, ո՛վ Եփրեմ, դու հիմա պոռնկացար. Իսրայելը պղծված է։
Ովսեեն զգուշացնում է կռապաշտությունից
4Նրանց արարքները թույլ չեն տալիս, որ վերադառնան իրենց Աստծուն, որովհետև նրանցում պոռնկության ոգի կա, և Տիրոջը չեն ճանաչում։ 5Եվ Իսրայելի ամբարտավանությունը վկայում է նրա դեմ. Եփրեմը պիտի սայթաքի իր անօրենությամբ, Հուդան էլ պիտի սայթաքի նրանց հետ։ 6Նրանք իրենց ոչխարներով ու արջառներով պիտի գնան Տիրոջը փնտրելու, բայց չեն գտնելու. նա հեռացել է նրանցից։ 7Նրանք անհավատարմությամբ վարվեցին Տիրոջ հետ, որովհետև օտար որդիներ ծնեցին. հիմա նորալուսինը պիտի ուտի նրանց իրենց հողի տարածքներով հանդերձ։
Պատերազմ Հուդայի և Իսրայելի միջև
8Շեփո՛ր հնչեցրեք Գաբաայում, փող՝ Ռամայում, բարձրաձայն կանչե՛ք Բեթավանում. քո հետևից, ո՛վ Բենիամին։ 9Եփրեմն ամայի պիտի դառնա իր հանդիմանության օրը. Իսրայելի տոհմերի մեջ ստույգը հայտարարում եմ։ 10Հուդայի իշխանավորները սահմանաքարերը տեղափոխողների պես եղան. իմ բարկությունը ջրերի պես նրանց վրա պիտի թափեմ։ 11Եփրեմը հարստահարված և դատաստանով ջախջախված է. որովհետև կամովին հետևեց ունայնությանը#5.11 Բնագիրն ասում է՝ մարդկային հրամանին։։ 12Բայց ես Եփրեմի համար ցեցի պես եմ և փտության պես՝ Հուդայի տան համար։ 13Երբ Եփրեմը տեսավ իր հիվանդությունը, իսկ Հուդան՝ իր վերքը, Եփրեմը գնաց Ասորեստան և մեծ թագավորի#5.13 Ասորեստանի թագավորներին տրված անուն է՝ Հարեվ, որ մեծ թագավոր է նշանակում։ մոտ մարդ ուղարկեց, բայց նա չի կարող առողջացնել ձեզ կամ բուժել ձեր վերքը։ 14Որովհետև ես առյուծի պես կլինեմ Եփրեմի համար և կորյունի պես՝ Հուդայի տան համար. ե՛ս, ես պիտի բզկտեմ ու գնամ, պիտի տանեմ, և ազատող չի լինելու։ 15Պիտի գնամ, վերադառնամ իմ տեղը, մինչև որ խոստովանեն իրենց հանցանքը և իմ դեմքը փնտրեն։ Երբ նրանք նեղության մեջ լինեն, թախանձանքով ինձ պիտի դիմեն։

Արդեն Ընտրված.

ՈՎՍԵԵ 5: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք