ԾՆՆԴՈՑ 41:41-57

ԾՆՆԴՈՑ 41:41-57 ՆՎԱԱ

Փարավոնն ասաց Հովսեփին. «Ահա քեզ դնում եմ Եգիպտոսի ամբողջ երկրի վրա»։ Եվ փարավոնն իր մատից հանեց մատանին և անցկացրեց Հովսեփի մատին, բեհեզյա զգեստներ հագցրեց նրան ու նրա պարանոցին ոսկե մանյակ դրեց։ Եվ իր երկրորդ կառքի մեջ նստեցրեց, և նրա առաջից գոչում էին. «Ծնկի՛ եկեք»։ Այսպես Եգիպտոսի ամբողջ երկրի վրա նշանակեց նրան։ Փարավոնն ասաց Հովսեփին. «Ես փարավոնն եմ. առանց քեզ ոչ ոք իր ձեռքը կամ իր ոտքը չբարձրացնի Եգիպտոսի ամբողջ երկրի մեջ»։ Եվ փարավոնը Հովսեփի անունը դրեց Փսոմփթոմփանե։ Եվ Արեգ քաղաքի քուրմ Պետափրեսի աղջիկ Ասանեթին նրան կնության տվեց։ Եվ Հովսեփը ելավ շրջելու Եգիպտոսի երկիրը։ Հովսեփը երեսուն տարեկան էր, երբ ներկայացավ Եգիպտոսի փարավոն թագավորին։ Հովսեփը, դուրս գալով փարավոնի մոտից, շրջեց Եգիպտոսի ամբողջ երկիրը։ Առատության յոթ տարիներին երկիրը խիստ շատ արդյունք տվեց։ Եվ յոթ տարիների ամբողջ պաշարը, որ եղավ Եգիպտոսի երկրում, հավաքեց և ամբարեց քաղաքներում. ամեն մի քաղաքի շրջակա արտերի պաշարը նույն քաղաքում ամբարեց։ Հովսեփը ծովի ավազի չափ խիստ շատ ցորեն դիզեց, այնքան, որ մարդիկ դադարեցին հաշվելուց, որովհետև անթիվ էր։ Սովի տարիների գալուց առաջ Հովսեփն ունեցավ երկու որդի, որ նրա համար ծնել էր Արեգ քաղաքի քուրմ Պետափրեսի աղջիկ Ասանեթը։ Հովսեփն առաջնեկի անունը դրեց Մանասե, «Որովհետև,- ասաց,- Աստված ինձ մոռանալ տվեց իմ բոլոր վշտերը և իմ հոր ամբողջ տունը»։ Երկրորդի անունը դրեց Եփրեմ, «Որովհետև,- ասաց,- Աստված ինձ աճեցրեց իմ տառապանքների երկրում»։ Եվ Եգիպտոսի երկրում առատության յոթ տարիներն անցան։ Երբ Հովսեփի ասածի պես եկան սովի յոթ տարիները, բոլոր երկրներում սով եղավ, բայց Եգիպտոսի երկրում հաց կար։ Երբ Եգիպտոսի ամբողջ երկիրը քաղցեց, ժողովուրդը հացի համար աղաղակեց փարավոնին։ Փարավոնն ասաց բոլոր եգիպտացիներին. «Գնացե՛ք Հովսեփի մոտ. ինչ որ ասի ձեզ, կատարե՛ք»։ Սովը տարածվեց ամբողջ երկրում։ Հովսեփը բացեց բոլոր շտեմարանները, որոնց մեջ պաշար կար, և ցորեն էր վաճառում եգիպտացիներին։ Սովը սաստկացավ Եգիպտոսի երկրում։ Եվ բոլոր երկրներից գալիս էին Եգիպտոս՝ ցորեն գնելու Հովսեփից, որովհետև սովը սաստկացել էր բոլոր երկրներում։

ԾՆՆԴՈՑ 41:41-57 հետ կապված անվճար Ընթերցանության ծրագրեր և Շինության խոսքեր