ԾՆՆԴՈՑ 15:1-13

ԾՆՆԴՈՑ 15:1-13 ՆՎԱԱ

Այս դեպքերից հետո տեսիլքում Տիրոջ խոսքը եղավ Աբրամին՝ ասելով. «Մի՛ վախեցիր, Աբրա՛մ, ես քեզ համար վահան եմ, և քո վարձը խիստ շատ է»։ Աբրամն ասաց. «Ո՛վ Ամենակարող Տեր, ի՞նչ ես տալու ինձ, քանի որ ես առանց զավակի եմ մնացել, և իմ տան տիրողն ահա դամասկացի Եղիազարն է»։ Աբրամը նաև ասաց. «Քանի որ ինձ սերունդ չտվեցիր, ուստի իմ ընդոծինն է ինձ ժառանգ լինելու»։ Եվ ահա Տիրոջ խոսքը եղավ նրան՝ ասելով. «Նա քո ժառանգը չի լինի, այլ նա, որ քո մեջքից է դուրս գալու, նա՛ կլինի քո ժառանգը»։ Եվ դուրս հանեց նրան ու ասաց. «Նայի՛ր դեպի երկինք և հաշվի՛ր աստղերը, եթե կարող ես հաշվել դրանք»։ Եվ ասաց նրան. «Այդքան կլինի քո սերունդը»։ Աբրամը հավատաց Տիրոջը, և նա նրա համար արդարություն համարեց այդ։ Եվ ասաց նրան. «Ես եմ Տերը, որ քեզ դուրս հանեցի քաղդեացիների Ուր քաղաքից՝ այս երկիրը քեզ տալու համար»։ Նա ասաց. «Ո՛վ Ամենակարող Տեր, ինչի՞ց իմանամ, թե ես ժառանգելու եմ այն»։ Տերն ասաց նրան. «Ինձ համար ա՛ռ երեք տարեկան մի երինջ, երեք տարեկան մի այծ, երեք տարեկան մի խոյ, մի տատրակ և աղավնու մի ձագ»։ Աբրամն այս բոլորը բերեց նրա համար, յուրաքանչյուրը մեջտեղից կտրեց և ամեն մի կտորը դրեց մյուսի դիմաց, իսկ թռչունները չկտրեց։ Գիշատիչ թռչուններն իջան կտրած մարմինների վրա, բայց Աբրամը քշեց նրանց։ Երբ արևը մայր էր մտնում, Աբրամի վրա մի խոր քուն իջավ, և ահա նրա վրա մի մեծ խավարի սոսկում ընկավ։ Տերն ասաց Աբրամին. «Ստույգ իմացի՛ր, որ քո սերունդները պանդուխտ կլինեն մի երկրում, որ իրենցը չէ, և ծառայություն կանեն, և նրանց չորս հարյուր տարի կչարչարեն։