ԵԼՔ 34:9-35

ԵԼՔ 34:9-35 ՆՎԱԱ

Եվ ասաց. «Ո՛վ Տեր, աղաչում եմ, եթե քո առաջ շնորհ գտա, խնդրեմ, թող իմ Տերը մեզ հետ գնա, որովհետև սա խստապարանոց մի ազգ է, և ների՛ր մեր անօրենություններն ու մեր մեղքերը և մեզ քո ժառանգությունը դարձրու»։ Տերն ասաց. «Ահա ես ուխտ եմ դնում. քո ամբողջ ժողովրդի առաջ ես այնպիսի սքանչելիքներ պիտի անեմ, որ ամբողջ երկրի վրա և բոլոր ազգերի մեջ չեն եղել։ Ամբողջ ժողովուրդը, որոնց մեջ դու կաս, պիտի տեսնի Տիրոջ գործը. որովհետև հիանալի է այն բանը, որ քեզանով պիտի կատարեմ։ Մի՛տքդ պահիր, ինչ որ պատվիրում եմ քեզ այսօր։ Ահա պիտի քշեմ քո առաջից ամորհացիներին, քանանացիներին, քետացիներին, փերեզացիներին, խևացիներին և հեբուսացիներին։ Զգո՛ւյշ եղիր, որ ուխտ չկապես այն երկրի բնակիչների հետ, ուր գնալու ես, որպեսզի նրանք ձեր մեջ որոգայթ չդառնան։ Կործանե՛ք նրանց բագինները, փշրե՛ք նրանց կուռքերը և կոտրատե՛ք նրանց աստարովթները։ Որովհետև ուրիշ աստծու երկրպագություն չպիտի անեք, քանի որ Տիրոջ անունը Նախանձոտ է, նախանձոտ Աստված է նա։ Չլինի թե այդ երկրի բնակիչների հետ ուխտ կապես, և նրանք, իրենց աստվածների ետևից գնալով, պոռնկանալիս և նրանց զոհեր մատուցելիս կանչեն քեզ, և դու ուտես նրանց զոհաբերածից. և քո որդիներին կին առնես նրանց աղջիկներից, ու նրանց աղջիկներն էլ, իրենց աստվածների ետևից գնալով, պոռնկանալիս պոռնկություն անել տան նաև քո որդիներին՝ իրենց աստվածների հետևից գնալ տալով։ Ձուլածո աստվածներ չկերտես քեզ համար։ Կպահես Բաղարջակերաց տոնը. ինչպես պատվիրել եմ քեզ, յոթ օր բաղարջ հաց կուտես Աբիբ ամսվա որոշյալ ժամանակին, որովհետև Աբիբ ամսվա մեջ դուրս ելար Եգիպտոսից։ Ամեն առաջնածին ինձ է պատկանում, նաև քո անասունների մեջ ամեն արու առաջնեկ, արջառ լինի, թե ոչխար։ Բայց էշի առաջնածինը կփրկագնես գառով, իսկ եթե չփրկագնես, այն ժամանակ նրա վիզը կկտրես։ Քո որդիների բոլոր առաջնեկներին կփրկագնես, և ոչ մեկն իմ առաջ ձեռնունայն չերևա։ Վեց օր պիտի աշխատես, իսկ յոթերորդ օրը հանգստանաս։ Պիտի հանգստանաս նաև ցանքի և հնձի ժամանակ։ Կկատարես շաբաթների, այսինքն՝ ցորենի հնձի երախայրիքի տոնը, և բերքահավաքի տոնը՝ տարվա վերջին։ Տարին երեք անգամ քո բոլոր արու զավակները թող ներկայանան Իսրայելի Ամենակալ Տեր Աստծու առաջ, որովհետև քո առաջից պիտի քշեմ ազգերին և պիտի ընդարձակեմ քո սահմանները. ոչ ոք չպիտի ցանկանա քո երկիրը, երբ դու տարին երեք անգամ վեր բարձրանաս՝ ներկայանալու քո Տեր Աստծուն։ Իմ զոհի արյունը թթխմորով հացի վրա չթափես, և զատկի տոնի զոհը մինչև առավոտ չմնա։ Քո երկրի առաջին բերքը կբերես քո Տեր Աստծու տունը։ Ուլն իր մոր կաթի մեջ չեփես»։ Տերն ասաց Մովսեսին. «Այս խոսքերը գրի՛ր քեզ համար, որովհետև այս խոսքերի համաձայն ուխտ եմ կապում քեզ հետ և Իսրայելի հետ»։ Մովսեսն այնտեղ մնաց Տիրոջ հետ քառասուն օր և քառասուն գիշեր. հաց չկերավ և ջուր չխմեց ու տախտակների վրա գրեց ուխտի խոսքերը, այսինքն՝ տասը պատվիրանները։ Երբ Մովսեսն իջնում էր Սինա լեռից, վկայության երկու տախտակներն իր ձեռքին էին լեռից իջնելիս։ Մովսեսը չգիտեր, որ Տիրոջ հետ խոսելու պատճառով իր երեսը լուսափայլում էր։ Ահարոնն ու Իսրայելի բոլոր որդիները տեսան Մովսեսին, և ահա նրա երեսը լուսափայլում էր. վախեցան մոտենալ նրան։ Մովսեսը կանչեց նրանց. Ահարոնն ու ժողովրդի բոլոր իշխանավորները եկան նրա մոտ, և Մովսեսը խոսեց նրանց հետ։ Դրանից հետո Իսրայելի բոլոր որդիները մոտեցան։ Եվ Մովսեսը պատվիրեց նրանց այն ամենը, ինչ Տերը խոսել էր իր հետ Սինա լեռան վրա։ Եվ Մովսեսը վերջացրեց նրանց հետ խոսելը և իր երեսին քող էր դրել։ Երբ Մովսեսը ներկայանում էր Տիրոջը՝ նրա հետ խոսելու համար, հանում էր քողը մինչև դուրս գալը. և երբ դուրս էր գալիս, Իսրայելի որդիներին ասում էր, ինչ որ պատվիրվել էր իրեն։ Իսրայելի որդիները տեսնում էին, որ Մովսեսի երեսը լուսափայլում էր. Մովսեսն իր երեսը քողով ծածկում էր մինչ նրա հետ խոսելու մտնելը։