ԵԼՔ 18:12-24

ԵԼՔ 18:12-24 ՆՎԱԱ

Մովսեսի աներ Հոթորը ողջակեզ և զոհեր մատուցեց Աստծուն։ Ահարոնն ու Իսրայելի բոլոր ծերերը Մովսեսի աներոջ հետ եկան Աստծու առջև հաց ուտելու։ Հետևյալ օրը Մովսեսը նստեց ժողովրդին դատելու, և ժողովուրդը առավոտից մինչև երեկո կանգնել էր Մովսեսի մոտ։ Մովսեսի աները, տեսնելով ամենը, ինչ անում էր Մովսեսը ժողովրդին, ասաց. «Այդ ի՞նչ ես անում դու ժողովրդին. ինչո՞ւ ես դու մենակ նստում, իսկ ամբողջ ժողովուրդը առավոտից մինչև երեկո կանգնում է քեզ մոտ»։ Մովսեսն ասաց իր աներոջը. «Ժողովուրդը գալիս է ինձ մոտ՝ Աստծուց դատաստան հայցելու։ Երբ նրանք որևէ վեճ են ունենում, գալիս են ինձ մոտ. ես դատաստան եմ անում նրանց միջև և նրանց հասկացնում Աստծու հրամաններն ու նրա օրենքները»։ Մովսեսի աներն ասաց նրան. «Քո արածը լավ բան չէ. այդպես անպատճառ դու էլ կտանջվես, քեզ հետ եղած ժողովուրդն էլ, որովհետև քեզ համար շատ ծանր է այդ գործը. դու միայնակ չես կարող անել դա։ Հիմա լսի՛ր իմ խոսքին. ես քեզ մի խորհուրդ եմ տալիս, և Աստված քեզ հետ կլինի։ Ժողովրդի համար դո՛ւ գնա Աստծու առաջ և դատերը դո՛ւ ներկայացրու Աստծուն։ Սովորեցրո՛ւ նրանց Աստծու հրամաններն ու օրենքները, հասկացրո՛ւ նրանց իրենց գնալու ճանապարհը և իրենց անելու գործը։ Դու ամբողջ ժողովրդի միջից ընտրի՛ր կարող, աստվածավախ, հավատարիմ, ագահությունն ատող մարդկանց և նրանց վրա հազարապետներ, հարյուրապետներ, հիսնապետներ և տասնապետնե՛ր կարգիր։ Եվ ամեն ժամանակ թող նրանք դատեն ժողովրդին և քեզ ներկայացնեն բոլոր մեծ գործերը, իսկ փոքր գործերն իրենք դատեն։ Թեթևացրո՛ւ բեռը քո վրայից, և նրանք թող այն կրեն քեզ հետ։ Եթե այս անես, և Աստված էլ պատվիրի քեզ, այն ժամանակ կկարողանաս կանգնել, և այս ամբողջ ժողովուրդն էլ խաղաղությամբ կգնա իր տեղը»։ Մովսեսն անսաց իր աներոջ խոսքին և նրա բոլոր ասածներն արեց։