ԵԼՔ 12:29-42

ԵԼՔ 12:29-42 ՆՎԱԱ

Կեսգիշերին Տերը Եգիպտոսի երկրում հարվածեց բոլոր առաջնեկներին՝ իր գահին նստած փարավոնի անդրանիկ որդուց մինչև բանտում գտնվող կալանավորի անդրանիկը, նաև բոլոր անասունների առաջնեկներին։ Գիշերը վեր կացան փարավոնն ինքը, նրա բոլոր ծառաներն ու բոլոր եգիպտացիները։ Եգիպտոսում մեծ աղաղակ բարձրացավ, որովհետև տուն չկար, որտեղ մեռել չլիներ։ Փարավոնը նույն գիշերը կանչեց Մովսեսին ու Ահարոնին և ասաց. «Վեր կացեք դո՛ւրս ելեք իմ ժողովրդի միջից դուք էլ, Իսրայելի որդիներն էլ. գնացեք պաշտե՛ք Տիրոջը, ինչպես որ ասացիք։ Առե՛ք ձեր ոչխարներն ու ձեր արջառներն էլ, ինչպես որ ասացիք, գնացե՛ք և ինձ էլ օրհնե՛ք»։ Եգիպտացիները բռնադատում էին ժողովրդին և շտապում երկրից դուրս ուղարկել նրանց, որովհետև ասում էին. «Ամենքս էլ կմեռնենք»։ Ժողովուրդը, իր հունցած խմորը դեռ չհասած, իրենց խմորի տաշտերն իրենց կտավներով փաթաթելով, դրեց իր ուսին։ Իսրայելի որդիները Մովսեսի խոսքի համաձայն արեցին. եգիպտացիներից նրանք ուզեցին արծաթյա ու ոսկյա զարդեր և զգեստներ։ Տերը շնորհ տվեց իր ժողովրդին եգիպտացիների առաջ, և եգիպտացիները նրանց ուզածը տվեցին, և նրանք կողոպտեցին եգիպտացիներին։ Իսրայելի որդիները Ռամսեսից գնացին դեպի Սոկքովթ. նրանք, բացի երեխաներից, վեց հարյուր հազարի չափ հետիոտն տղամարդիկ էին։ Նրանց հետ ելավ նաև խառնիճաղանջ մի բազմություն, և ոչխարների ու արջառների շատ մեծ հոտեր։ Եգիպտոսից իրենց հանած խմորի զանգվածից անթթխմոր շոթեր եփեցին, որովհետև դեռ չէր խմորվել, քանի որ Եգիպտոսից քշվելով՝ ժամանակ չէին ունեցել և իրենց համար պաշար էլ չէին արել։ Եգիպտոսում Իսրայելի որդիները բնակվեցին չորս հարյուր երեսուն տարի։ Երբ չորս հարյուր երեսուն տարին լրացավ, հենց նույն օրը Տիրոջ ամբողջ ժողովուրդը ելավ Եգիպտոսի երկրից։ Սա Տիրոջ համար պահելու մի գիշեր է, որ նրանց հանեց Եգիպտոսի երկրից. սա Տիրոջ համար պահելու այն գիշերն է, որ պիտի պահեն Իսրայելի բոլոր որդիներն ու նրանց սերունդները։