Բ ՕՐԵՆՔ 5:23-33

Բ ՕՐԵՆՔ 5:23-33 ՆՎԱԱ

Երբ լսեցիք այդ ձայնը խավարի միջից, մինչ լեռը վառված էր կրակով, դուք եկաք ինձ մոտ, այսինքն՝ ձեր ցեղերի բոլոր գլխավորներն ու ձեր ծերերը, և ասացիք. “Մեր Տեր Աստվածն ահա մեզ ցույց է տալիս իր փառքն ու մեծությունը, և նրա ձայնը լսում ենք կրակի միջից. այդ օրը տեսանք, որ Աստված խոսեց մարդու հետ, և մարդը ողջ մնաց։ Հիմա ինչո՞ւ մեռնենք (որովհետև այս մեծ կրակը մեզ կսպառի)։ Եթե մենք մեր Տեր Աստծու ձայնը կրկին լսենք, ապա կմեռնենք. որովհետև բոլոր մարմնավոր մարդկանցից ո՞վ է նա, որ մեզ նման լսել է կրակի միջից խոսող կենդանի Աստծու ձայնը և ողջ է մնացել։ Դու մոտեցի՛ր և լսի՛ր այն ամենը, ինչ որ մեր Տեր Աստվածը կասի, և դու կասես մեզ այն ամենը, ինչ որ մեր Տեր Աստվածը կասի քեզ, և մենք կլսենք ու կկատարենք”։ Տերը լսեց ձեր խոսքերի ձայնը, երբ դուք խոսում էիք ինձ հետ։ Տերն ասաց ինձ. “Լսեցի այն խոսքերը, որ ժողովուրդն ասաց քեզ։ Նրանց բոլոր ասածները լավ են։ Երանի թե նրանց սիրտն էլ լիներ այնպես, որ վախենալով ինձանից՝ պահեին իմ բոլոր պատվիրաններն ամեն ժամանակ, որպեսզի հավիտյան լավ լիներ նրանց ու նրանց որդիների համար։ Գնա՛ և ասա՛ նրանց. "Վերադարձե՛ք ձեր վրանները"։ Բայց դու մնա՛ ինձ հետ այստեղ, և ես քեզ կասեմ այն բոլոր պատվիրանները, կանոններն ու հրամանները, որ պիտի սովորեցնես նրանց, որպեսզի դրանք գործադրեն այն երկրում, որ ես տալիս եմ նրանց իբրև ժառանգություն”։ Զգո՛ւյշ եղեք, որ անեք այնպես, ինչպես ձեզ պատվիրել է Տերը՝ ձեր Աստվածը. չշեղվեք ո՛չ աջ և ո՛չ ձախ։ Գնացե՛ք այն բոլոր ճանապարհներով, որ Տերը՝ ձեր Աստվածը, պատվիրել է ձեզ, որպեսզի ապրեք, և լավ լինի ձեզ համար, որպեսզի ձեր կյանքի օրերը երկար լինեն այն երկրում, որ ժառանգելու եք»։