Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 15:8-22

Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 15:8-22 ՆՎԱԱ

Հուդայի թագավոր Ազարիայի երեսունութերորդ տարում Սամարիայում Իսրայելի թագավոր դարձավ Հերոբովամի որդի Զաքարիան և թագավորեց վեց ամիս։ Նա չարիք գործեց Տիրոջ առաջ, ինչպես իր հայրերն էին արել. չհրաժարվեց Նաբատի որդի Հերոբովամի մեղքերից, որ մեղանչել էր տվել Իսրայելին։ Նրա դեմ դավադրություն արեց Հաբիսի որդի Սեղղումը և նրան զարկեց ժողովրդի առաջ ու սպանեց նրան և թագավոր դարձավ նրա փոխարեն։ Զաքարիայի մնացած գործերի մասին գրված է Իսրայելի թագավորների Ժամանակագրության գրքում։ Սա Տիրոջ այն խոսքն էր, որ խոսել էր Հեուի հետ՝ ասելով. «Քո որդիները մինչև չորրորդ սերունդը պիտի նստեն Իսրայելի գահի վրա»։ Այդպես էլ եղավ։ Հաբիսի որդի Սեղղումը Սամարիայում թագավոր դարձավ Հուդայի Ոզիա թագավորի երեսունիններորդ տարում և թագավորեց մեկ ամիս։ Եվ Գադդիի որդի Մանայեմը Թերսայից ելավ ու եկավ Սամարիա և Սամարիայում զարկեց Հաբիսի որդի Սեղղումին ու սպանեց նրան և թագավորեց նրա փոխարեն։ Սեղղումի մնացած գործերի և նրա դավադրության մասին գրված է Իսրայելի թագավորների Ժամանակագրության գրքում։ Այն ժամանակ Մանայեմը հարվածեց Թափսային և կոտորեց բոլորին, ովքեր գտնվում էին այնտեղ ու նրա սահմաններում՝ Թերսայից սկսած, որովհետև քաղաքը չէր բացել իր դռները։ Նա ջարդեց և ճղեց նրա բոլոր հղի կանանց որովայնները։ Հուդայի թագավոր Ազարիայի երեսունիններորդ տարում Իսրայելի թագավոր դարձավ Գադդիի որդի Մանայեմը և տասը տարի թագավորեց Սամարիայում։ Նա չարիք գործեց Տիրոջ առաջ. չհրաժարվեց Նաբատի որդի Հերոբովամի մեղքերից, որ մեղանչել էր տվել Իսրայելին։ Ասորեստանի թագավոր Փուղը հարձակվեց երկրի վրա։ Մանայեմը Փուղին հազար տաղանդ արծաթ տվեց, որպեսզի նա օգնության ձեռք մեկնի իրեն՝ թագավորությունը իր ձեռքում հաստատելու համար։ Այս արծաթը Ասորեստանի թագավորին տալու համար Մանայեմը հարկ դրեց Իսրայելի բոլոր հարուստների վրա՝ յուրաքանչյուրին հիսուն սիկղ արծաթ։ Ասորեստանի թագավորը ետ դարձավ և չմնաց այնտեղ՝ այդ երկրում։ Մանայեմի մնացած գործերի և նրա բոլոր արածների մասին գրված է Իսրայելի թագավորների Ժամանակագրության գրքում։ Մանայեմը ննջեց իր հայրերի հետ, և նրա որդի Փակեիան թագավոր դարձավ նրա փոխարեն։