Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 12:1-8

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 12:1-8 ՆՎԱԱ

Երբ Ռոբովամի թագավորությունը հաստատվեց, և ինքը հզորացավ, այն ժամանակ թողեց Տիրոջ օրենքը, իր հետ նաև՝ ամբողջ Իսրայելը։ Եվ որովհետև նրանք անհավատարիմ եղան Տիրոջը, Ռոբովամ թագավորի իշխանության հինգերորդ տարում Եգիպտոսի Սիսակ թագավորն արշավեց Երուսաղեմի վրա հազար երկու հարյուր մարտակառքով և վաթսուն հազար հեծյալներով։ Անթիվ էր Եգիպտոսից նրա հետ եկած բանակը, որ բաղկացած էր լիբեացիներից, սոկիացիներից և եթովպացիներից։ Նա վերցրեց Հուդայի պարսպապատ քաղաքները և եկավ մինչև Երուսաղեմ։ Այն ժամանակ Սեմայիա մարգարեն եկավ Ռոբովամի և Հուդայի երկրի իշխանների մոտ, որոնք Սիսակի ահից հավաքվել էին Երուսաղեմում, և ասաց նրանց. «Այսպես է ասում Տերը. “Դուք ինձ թողեցիք, ուրեմն ես էլ ձեզ եմ թողնում Սիսակի ձեռքում”»։ Իսրայելի իշխաններն ու թագավորը խոնարհվեցին և ասացին. «Արդար է Տերը»։ Երբ Տերը տեսավ նրանց խոնարհվելը, Տիրոջ խոսքը եղավ Սեմայիային՝ ասելով. «Նրանք խոնարհվեցին. ես նրանց կորստյան չեմ մատնի, շուտով նրանց ազատություն կտամ, և իմ բարկությունը չի թափվի Երուսաղեմի վրա Սիսակի միջոցով։ Սակայն նրանք ծառաներ կդառնան նրան և կհասկանան, թե ի՛նչ է ինձ ծառայելը, և ի՛նչ է երկրային թագավորներին ծառայելը»։