Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 22:1-19

Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 22:1-19 ՆՎԱԱ

Դավիթն ասաց. «Այս է լինելու Տեր Աստծու տունը, և Իսրայելի համար այս է լինելու ողջակեզի զոհասեղանը»։ Դավիթը հրամայեց հավաքել այն օտարազգիներին, որոնք Իսրայելի երկրում էին։ Նա քարհատներ նշանակեց՝ տաշած քարեր պատրաստելու համար, որպեսզի կառուցեն Աստծու տունը։ Դավիթը շատ երկաթե գամեր և կեռիկներ պատրաստեց դռների փեղկերի համար, առատ պղինձ, որի կշիռը հաշիվ չուներ, անթիվ-անհամար եղևնափայտ, որովհետև սիդոնացիներն ու տյուրացիները Դավթի համար շատ եղևնափայտ էին բերում։ Դավիթն ասաց. «Իմ որդի Սողոմոնը պատանի է և անփորձ, իսկ այն տունը, որ պետք է կառուցել Տիրոջ համար, պետք է ամենաբարձրը լինի, անվանի և փառավոր բոլոր երկրների մեջ։ Հիմա ես դրա համար շինանյութեր պատրաստեմ»։ Եվ Դավիթն իր մահվանից առաջ շատ շինանյութեր պատրաստեց։ Նա կանչեց իր որդի Սողոմոնին և նրան պատվիրեց մի տուն կառուցել Իսրայելի Տեր Աստծու համար։ Դավիթն ասաց Սողոմոնին. «Որդյա՛կ իմ, մտադրվել էի, որ իմ Տեր Աստծու անվան համար մի տուն կառուցեմ, բայց Տիրոջ խոսքը եղավ ինձ՝ ասելով. “Դու շատ արյուն ես թափել և մեծամեծ պատերազմներ ես մղել. դու տուն չես շինելու իմ անվան համար, որովհետև դու իմ առաջ շատ արյուն ես գետին թափել։ Ահա քեզ մի որդի կծնվի. նա հանգստության մարդ կլինի, և ես նրան հանգստություն կտամ շրջակա իր բոլոր թշնամիներից, որովհետև նրա անունը Սողոմոն կլինի։ Ես խաղաղություն ու հանգստություն կտամ Իսրայելին նրա օրերին։ Նա մի տուն կկառուցի իմ անվան համար. նա ինձ համար որդի կլինի, ես նրան հայր կլինեմ, և ես նրա գահը կհաստատեմ Իսրայելի վրա հավիտյան”։ Հիմա, որդյա՛կ իմ, Տերը քեզ հետ թող լինի, և դու հաջողություն գտնես ու կառուցես քո Տեր Աստծու տունը, ինչպես որ նա ասել է քո մասին։ Միայն թե Տերը քեզ հանճար և իմաստություն տա ու քեզ հաստատի Իսրայելի վրա, որպեսզի դու պահես քո Տեր Աստծու օրենքը։ Այն ժամանակ դու հաջողություն կգտնես, եթե զգուշությամբ պահես այն կանոններն ու օրենքները, որ Տերը պատվիրել է Մովսեսին Իսրայելի համար։ Քա՛ջ եղիր և զորացի՛ր, մի՛ վախեցիր և մի՛ զարհուրիր։ Ահա ես իմ ջանքերով Տիրոջ տան համար պատրաստել եմ հարյուր հազար տաղանդ ոսկի, հազար անգամ հազար տաղանդ արծաթ, իսկ պղնձի ու երկաթի կշիռը հաշիվ չունի, որովհետև շատ է։ Նաև պատրաստել եմ փայտ ու քար, բայց դու ավելացրո՛ւ դրանց վրա։ Քեզ մոտ կան շատ գործավորներ, քարհատներ, որմնադիրներ, հյուսներ և ամեն ճարտար մարդիկ ամեն գործի համար, ոսկով, արծաթով, պղնձով ու երկաթով աշխատող անհամար արհեստավորներ։ Վե՛ր կաց ու գործի՛ր, և Տերը քեզ հետ է լինելու»։ Դավիթն Իսրայելի բոլոր իշխաններին հրամայեց, որ օգնեն իր որդի Սողոմոնին։ Նա ասաց. «Ահա ձեր Տեր Աստվածը ձեզ հետ է. նա ձեզ հանգիստ է տվել ամեն կողմից, որովհետև իմ ձեռքն է մատնել այս երկրի բնակիչներին, և երկիրը նվաճվել է Տիրոջ ու նրա ժողովրդի առաջ։ Այժմ ձեր սիրտն ու ձեր հոգին ձեր Տեր Աստծուն որոնելո՛ւն տվեք. վե՛ր կացեք և շինե՛ք Տեր Աստծու սրբարանը, որպեսզի Տիրոջ ուխտի տապանակն ու Աստծու սուրբ անոթները տանեք այն տունը, որ կառուցվելու է Տիրոջ անունով»։