Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 18:1-17

Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 18:1-17 ՆՎԱԱ

Դրանից հետո Դավիթը հարվածեց փղշտացիներին, նվաճեց նրանց, փղշտացիների ձեռքից գրավեց Գեթն ու նրա գյուղերը։ Նա հարվածեց Մովաբին, և մովաբացիները դարձան Դավթի հարկատու ծառաները։ Դավիթը Եմաթի մոտ հարվածեց նաև Սուբայի թագավոր Ադրաազարին, երբ նա գնում էր իր իշխանությունը հաստատելու Եփրատ գետի վրա։ Դավիթը նրանից վերցրեց հազար մարտակառք, յոթ հազար ձիավոր և քսան հազար հետևակ զորք։ Դավիթը կտրեց բոլոր մարտակառքերի ձիերի ջղերը և դրանցից թողեց միայն հարյուր մարտակառքի համար։ Երբ Դամասկոսից եկան ասորիները՝ օգնելու Սուբայի թագավոր Ադրաազարին, Դավիթը հարվածեց ասորիներին և քսաներկու հազար մարդ սպանեց։ Դավիթը պահակազորք դրեց Դամասկոսի Ասորիքում, և ասորիները դարձան Դավթի հարկատու ծառաները։ Տերը հաղթություն էր տալիս Դավթին ամենուրեք, ուր որ նա գնում էր։ Դավիթն առավ Ադրաազարի ծառաների վրա եղած ոսկե վահանները և դրանք բերեց Երուսաղեմ։ Ադրաազարի քաղաքներից՝ Տեբաթից և Քունից, Դավիթը վերցրեց խիստ շատ պղինձ, որից Սողոմոնը պատրաստեց պղնձե ավազանը, սյուներն ու պղնձե անոթները։ Երբ Եմաթի թագավոր Թովուն լսեց, թե Դավիթը ջարդել է Սուբայի թագավոր Ադրաազարի բոլոր զորքերը, նա իր որդի Ադորամին ուղարկեց Դավիթ թագավորի մոտ՝ նրան ողջունելու և շնորհավորելու նրան, որ պատերազմել է Ադրաազարի դեմ ու նրան հաղթել (որովհետև Թովուն պատերազմներ էր մղել Ադրաազարի դեմ), և նա ամեն տեսակ ոսկե, արծաթե և պղնձե անոթներ ուղարկեց Դավթին։ Դավիթ թագավորը դրանք էլ նվիրեց Տիրոջը այն արծաթի և ոսկու հետ, որ վերցրել էր բոլոր ազգերից՝ Եդովմի, Մովաբի, Ամմոնի որդիներից, փղշտացիներից և ամաղեկացիներից։ Շարուհեայի որդի Աբեսսան Աղի ձորում տասնութ հազար մարդ ջարդեց եդովմացիներից։ Նա պահակազորք դրեց Եդովմում, և բոլոր եդովմացիները դարձան Դավթի ծառաները։ Տերը հաղթություն էր տալիս Դավթին ամենուրեք, ուր որ նա գնում էր։ Դավիթը թագավորեց ամբողջ Իսրայելի վրա. նա իրավունք և արդարություն էր անում իր ամբողջ ժողովրդին։ Շարուհեայի որդի Հովաբը զորքերի հրամանատար էր, Աքիղուդի որդի Հոսափատը՝ դիվանադպիր, Աքիտովբի որդի Սադոկը և Աբիաթարի որդի Աբիմելեքը քահանաներ էին, և Սուսան՝ ատենադպիր։ Հովիադայի որդի Բանեան թիկնազորի ղեկավար էր, իսկ Դավթի որդիները նախարարներ էին թագավորի կողքին։