ԾՆՈՒՆԴ 1
1
ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
(1.1–11.9)
Պատում արարչագործության մասին
1ՍԿԶԲՈՒՄ Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը։ 2Երկիրը աներևույթ էր ու անպատրաստ. խավար էր տիրում անհունի վրա, և Աստծու հոգին շրջում էր ջրերի վրա։
3Եվ Աստված ասաց. «Թող լույս լինի»։ Եվ լույս եղավ։ 4Աստված տեսավ, որ լույսը լավ է։ Եվ Աստված միմյանցից բաժանեց լույսն ու խավարը։ 5Աստված լույսն անվանեց ցերեկ, իսկ խավարը՝ գիշեր։ Եղավ երեկո, եղավ առավոտ. եղավ մեկ օր։
6Ապա Աստված ասաց. «Ջրերի միջև թող հաստատություն լինի, և թող ջրերը բաժանվեն ջրերից»։ Եվ այդպես եղավ։ 7Աստված ստեղծեց հաստատությունը և անջրպետ դրեց հաստատությունից ներքև եղած ջրերի և հաստատությունից վերև եղած ջրերի միջև։ 8Աստված հաստատությունն անվանեց երկինք։ Աստված տեսավ, որ լավ է։ Եղավ երեկո, եղավ առավոտ. օր երկրորդ։
9Ապա Աստված ասաց. «Երկնքի տակ եղող ջրերը թող ի մի հավաքվեն, և երևա ցամաքը»։ Այդպես էլ եղավ. երկնքի տակ եղող ջրերը ի մի հավաքվեցին, և երևաց ցամաքը։ 10Աստված ցամաքն անվանեց երկիր, իսկ հավաքված ջրերը՝ ծովեր։ Աստված տեսավ, որ լավ է։ 11Ապա Աստված ասաց. «Հողն ըստ իրենց տեսակի ու նմանության սերմ տվող խոտաբույսեր թող աճեցնի և պտղաբեր ծառեր, որ ըստ իրենց տեսակի ու նմանության սերմ պարունակող պտուղ տան երկրի վրա»։ Այդպես էլ եղավ. 12հողը ողջ երկրի վրա եղող սերմնատու խոտաբույսեր աճեցրեց, ինչպես նաև պտղաբեր ծառեր, որ ըստ իրենց տեսակի սերմ պարունակող պտուղ տան երկրի վրա։ Աստված տեսավ, որ լավ է։ 13Եղավ երեկո, եղավ առավոտ. օր երրորդ։
14Ապա Աստված ասաց. «Երկնքի հաստատության մեջ թող լուսատուներ լինեն՝ երկիրը լուսավորելու և ցերեկն ու գիշերը միմյանցից բաժանելու համար։ Դրանք նաև ժամանակ՝ օրեր և տարիներ, ցույց տվող նշաններ թող լինեն, 15և լույս տան երկնքի հաստատության մեջ՝ երկիրը լուսավորելու համար»։ Այդպես էլ եղավ։ 16Աստված երկու մեծ լուսատուներ ստեղծեց, որոնցից մեծ լուսատուն՝ ցերեկն իշխելու համար, իսկ փոքր լուսատուն՝ գիշերն իշխելու։ Ստեղծեց նաև աստղեր։ 17Աստված դրանք դրեց երկնքի հաստատության մեջ՝ երկիրը լուսավորելու, 18ցերեկն ու գիշերը իշխելու և լույսը խավարից բաժանելու համար։ Աստված տեսավ, որ լավ է։ 19Եղավ երեկո, եղավ առավոտ. օր չորրորդ։
20Ապա Աստված ասաց. «Թող ջրերը կենդանի շունչ ունեցող զեռուններ հանեն, և երկրից վերև՝ երկնքի հաստատության մեջ, թևավոր թռչուններ լինեն»։ Այդպես էլ եղավ։ 21Աստված ստեղծեց մեծ կետերին և կենդանի շունչ ունեցող բոլոր զեռուններին, որոնց հանեցին ջրերը՝ ըստ իրենց տեսակների, և թևավոր բոլոր թռչուններին՝ ըստ տեսակների։ Աստված տեսավ, որ լավ են։ 22Աստված օրհնեց դրանց ու ասաց. «Աճե՛ք, բազմացե՛ք և լցրե՛ք ծովերի ջրերը, իսկ թռչունները թող բազմանան երկրի վրա»։ 23Եղավ երեկո, եղավ առավոտ. օր հինգերորդ։
24Ապա Աստված ասաց. «Երկիրը թող շնչավոր էակներ հանի ըստ տեսակների՝ չորքոտանիներ, սողուններ և երկրի գազաններ՝ ըստ տեսակների»։ Այդպես էլ եղավ։ 25Աստված ստեղծեց երկրի գազաններին՝ իրենց տեսակներով, ընտանի կենդանիներին՝ իրենց տեսակներով և երկրի բոլոր սողուններին՝ իրենց տեսակներով։ Աստված տեսավ, որ լավ են։
26Եվ Աստված ասաց. «Մարդ ստեղծենք ըստ մեր պատկերի և նմանության, և թող իշխեն ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի կենդանիների և երկրի վրա սողացող բոլոր սողունների վրա»։ 27Եվ Աստված ըստ իր պատկերի ստեղծեց մարդուն։ Ըստ Աստծու պատկերի ստեղծեց նրան։ Արու և էգ ստեղծեց նրանց։ 28Եվ օրհնեց նրանց Աստված՝ ասելով. «Աճե՛ք, բազմացե՛ք, լցրե՛ք երկիրը, տիրե՛ք դրան, իշխե՛ք ծովի ձկների, երկնքի թռչունների, բոլոր կենդանիների և ողջ երկրի, ինչպես նաև երկրի վրա սողացող բոլոր սողունների վրա»։
29Աստված նաև ասաց. «Ահա ձեզ իբրև կերակուր տվեցի սերմ տվող սերմանելի բույսերը՝ տարածված ողջ երկրի վրա, և իր պտուղի մեջ սերմանելի սերմ ունեցող բոլոր ծառերը։ 30Իսկ բոլոր դալար խոտերն իբրև կերակուր՝ երկրի բոլոր կենդանիներին, երկնքի բոլոր թռչուններին և երկրի վրա սողացող բոլոր սողուններին, այսինքն՝ բոլոր շնչավոր արարածներին»։ Եվ եղավ այդպես։ 31Աստված տեսավ, որ այն ամենը, ինչ ստեղծել էր, շատ լավ են։ Եղավ երեկո, եղավ առավոտ. օր վեցերորդ։
Currently Selected:
ԾՆՈՒՆԴ 1: ՆԷԱ
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն