YouVersion Logo
Search Icon

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 5:1-31

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 5:1-31 ՆՎԱԱ

Այն օրը Դեբորան և Աբինոամի որդի Բարակը երգեցին և ասացին. «Իսրայելի զորավարներին առաջնորդելու համար Եվ ժողովրդին հոժարակամ լինելու համար Օրհնեցե՛ք Տիրոջը։ Լսե՜ք, թագավորնե՛ր, Ակա՛նջ դրեք, իշխաննե՛ր, Ես երգում եմ Տիրոջը. Գովերգում եմ Իսրայելի Տեր Աստծուն։ Ո՜վ Տեր, երբ դու դուրս էիր գալիս Սեիրից Եվ չվում էիր Եդովմի դաշտից, Երկիրը շարժվեց, երկինքը տեղաց, Եվ ամպերը ջուր տեղացին։ Սարերը հալվեցին Տիրոջ երեսից, Նույնիսկ Սինան՝ Իսրայելի Տեր Աստծու երեսից։ Անաթի որդի Սամեգարի օրերին, Հայելի օրերին Դադարել էին ուղիները, Եվ ճանապարհները գնում էին խոտոր ուղիներով։ Իսրայելի գյուղերում բնակիչներ չմնացին, Չմնացին, մինչև որ վեր կացար դու, ո՛վ Դեբորա, Մինչև որ վեր կացար դու՝ որպես մայր Իսրայելում։ Նոր աստվածներ ընտրեցին, Իսկույն պատերազմ եղավ իրենց դռներին. Արդյոք վահան կամ նիզակ երևա՞ց՝ Իսրայելի քառասուն հազարի մեջ։ Իմ սիրտը դեպի Իսրայելի իշխաններն է. Ո՛վ ժողովրդի անձնվեր որդիներ, Օրհնեցե՛ք Տիրոջը։ Սպիտակ էշերին հեծնողնե՛ր, Գորգի վրա նստողնե՛ր Եվ ճանապարհներին գնացողնե՛ր, Երգեցե՛ք։ Աղեղնավորների ձայնից ավելի բարձր Այնտեղ՝ ջրի գուռերի մոտ, Գովաբանում են Տիրոջ հաղթանակները, Նրա գյուղացիների ավելի բարձր հաղթանակները՝ Իսրայելի մեջ, Երբ Տիրոջ ժողովուրդը դեպի դռներն իջավ։ Արթնացի՛ր, արթնացի՛ր, Դեբորա՛, Արթնացի՛ր, արթնացի՛ր, ե՛րգ ասա, Վե՛ր կաց, Բարա՛կ, Քո գերությունը գերի՛ դարձրու, ո՛վ Աբինոամի որդի։ Այն ժամանակ վերապրողները Հաղթող դուրս եկան Իշխանավորների դեմ։ Տիրոջ ժողովուրդը գնաց հզորների դեմ։ Եփրեմից եկան նրանք, որոնց արմատն Ամաղեկում է, Քո ետևից, Բենիամի՛ն, քո ժողովրդի մեջ Մաքիրից իջան իշխաններ, Եվ Զաբուղոնից՝ զորավարի մական բռնողներ։ Եվ Իսաքարի իշխանները Դեբորայի հետ էին։ Եվ Իսաքարն էլ Բարակի պես Նրա ետևից հովիտ խուժեց. Ռուբենի տոհմերում Մեծ հուզմունք կար։ Ինչո՞ւ նստեցիր փարախների մեջ, Որ հոտերի մայելը լսես։ Ռուբենի տոհմերում Մեծ տարակուսանք կար։ Գաղաադը բնակվում էր Հորդանանի այն կողմում, Եվ Դանն ինչո՞ւ պանդուխտ մնաց նավերի մոտ։ Ասերը նստում է ծովի եզերքում Եվ բնակվում է իր նավահանգիստների մոտ։ Զաբուղոնը մի այնպիսի ժողովուրդ է, Որ իր կյանքն արհամարհում է մինչև մահ, Նաև Նեփթաղիմը՝ իրեն, դաշտի բարձր տեղերում։ Թագավորները եկան, պատերազմեցին. Այն ժամանակ պատերազմեցին քանանացիների թագավորները Թանաքի մեջ՝ Մակեդդովի ջրի մոտ. Փողի ավար իսկ չառան։ Երկնքից պատերազմեցին. Աստղերն իրենց շրջաններից Սիսարայի դեմ պատերազմեցին։ Կիսոնի հեղեղատը քշեց նրանց, Այն հին հեղեղատը՝ Կիսոնի հեղեղատը։ Ո՛վ անձն իմ, առա՛ջ գնա զորությամբ։ Ձիերի սմբակներն այն ժամանակ կոտրտվեցին վազելուց, Նրա զորավորների վազելուց։ - Անիծե՛ք Մարովզը,- ասաց Տիրոջ հրեշտակը,- Նրա բնակիչներին անիծե՛ք սաստիկ, Քանզի Տիրոջ օգնությանը չեկան, Տիրոջ օգնությանը՝ զորավորների դեմ։ Օրհնյա՜լ լինի Հայելը կանանց մեջ, Կենեցի Քաբերի կինը, Օրհնյա՜լ լինի կանանցից վրանների մեջ։ Ջուր ուզեց, կաթ տվեց, Կարագ մատուցեց իշխանների ամանով։ Իր ձախ ձեռքը ցցին մեկնեց Եվ իր աջ ձեռքը՝ հյուսնի մուրճին, Եվ Սիսարային զարկեց, գլուխը ճեղքեց, Եվ ջարդեց, խրեց նրա ծնոտի մեջ։ Նա կորացավ, ընկավ, փռվեց Հայելի ոտքերի մեջ, Նրա ոտքերի մեջ կորացավ և ընկավ. Ուր որ կորացավ, այնտեղ էլ ընկավ խոցված։ Պատուհանից նայում է և աղաղակում Սիսարայի մայրը՝ վանդակի ետևից. Ինչո՞ւ է ուշանում նրա կառքը գալու, Ինչո՞ւ են դանդաղում նրա կառքի անիվները։ Իր իմաստուն տիկինները պատասխանում են նրան. Հենց ինքն էլ իր խոսքերի պատասխանն է տալիս իրեն. Անշուշտ, նրանք ավար են գտել, բաժանում են այն. Մեկ կամ երկու աղջիկ՝ յուրաքանչյուր կտրիճի համար, Իսկ Սիսարայի համար՝ գույնզգույն ավար, Գույնզգույն և նկարագործ ավար, Երկու կողմից հյուսկեն և պարանոցի համար գույնզգույն ավար։ Այսպես թող կորչեն քո բոլոր թշնամիները, ո՜վ Տեր, Իսկ նրան սիրողները լինեն իր զորությամբ ծագող արևի նման»։ Եվ երկիրը հանգստացավ քառասուն տարի։

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy