ԶԱՔԱՐԻԱ 8
8
Աստված խոստանում է վերականգնել Երուսաղեմը
1Եվ Զորքերի Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով. 2«Այսպես է ասում Զորքերի Տերը. “Ես մեծապես նախանձախնդիր եղա Սիոնի համար և մեծ զայրույթով նախանձեցի նրան”։ 3Տերն այսպես է ասում. “Ես պիտի վերադառնամ դեպի Սիոն և բնակվեմ Երուսաղեմում, և Երուսաղեմը Հավատարիմ քաղաք պիտի կոչվի, իսկ Զորքերի Տիրոջ լեռը՝ Սուրբ լեռ”։
4Այսպես է ասում Զորքերի Տերը. “Երուսաղեմի հրապարակներում կրկին ծերեր և պառավներ պիտի բնակվեն, և տարիքի պատճառով ամեն մեկի ձեռքին իր գավազանը պիտի լինի։ 5Եվ քաղաքի հրապարակները լիքը պիտի լինեն տղաներով ու աղջիկներով, որոնք խաղալու են նրա հրապարակներում”։
6Այսպես է ասում Զորքերի Տերը. “Այն օրերին եթե այս ժողովրդի մնացորդի աչքերին անհնար լինի, մի՞թե իմ աչքերին էլ պիտի անհնար լինի”,- ասում է Զորքերի Տերը։
7Այսպես է ասում Զորքերի Տերը. “Ես ահա իմ ժողովրդին ազատելու եմ արևելյան երկրից և արևմտյան երկրից 8և նրանց բերելու եմ բնակվելու Երուսաղեմում, և ինձ համար ժողովուրդ կլինեն, իսկ ես նրանց Աստվածը կլինեմ ճշմարտությամբ և արդարությամբ”։
9Այսպես է ասում Զորքերի Տերը. “Թող զորանան ձեր ձեռքերը, ո՛վ դուք, որ այս օրերում մարգարեների բերանից լսում եք այս խոսքերը, որոնք խոսվեցին այն օրը, երբ հիմնվեց Զորքերի Տիրոջ տաճարը, և տաճարը կառուցվեց։ 10Որովհետև այն օրերից առաջ չկար մարդու համար վարձ, անասունի վարձ չկար. ոչ էլ խաղաղություն կար նրան, որ դուրս էր գալիս ու ներս մտնում՝ թշնամու պատճառով, որովհետև ես բոլոր մարդկանց իրար դեմ էի հանել։ 11Բայց հիմա ես այս ժողովրդի մնացորդի հետ նախկին օրերի պես չեմ,- ասում է Զորքերի Տերը,- 12այլ խաղաղություն պիտի սերմանեմ, որթատունկն իր պտուղը պիտի տա, երկիրն իր արգասիքը պիտի տա, երկինքն իր ցողը պիտի տա, և այս ժողովրդի մնացորդին ժառանգել պիտի տամ այս բոլորը։ 13Դուք ինչպես որ անեծք էիք ազգերի մեջ, ո՛վ Հուդայի տուն և Իսրայելի տուն, նույնպես էլ պիտի ազատեմ ձեզ, և դուք օրհնություն պիտի լինեք. մի՛ վախեցեք, թող զորանան ձեր ձեռքերը”։ 14Որովհետև այսպես է ասում Զորքերի Տերը. “Ինչպես որ մտադրեցի չարիք անել ձեզ, երբ որ ձեր հայրերը զայրացրին ինձ,- ասում է Զորքերի Տերը,- և չզղջացի, 15նույնպես դարձյալ մտադիր եմ այս օրերին բարիք անելու Երուսաղեմին և Հուդայի տանը, մի՛ վախեցեք։ 16Սրանք են այն բաները, որ պետք է անեք. ամեն մեկդ ձեր ընկերոջ հետ ճշմարտությո՛ւնը խոսեք, ձեր դարպասներում արդարությամբ ու խաղաղարար դատաստանո՛վ դատեք։ 17Եվ ձեզանից ոչ մեկը իր ընկերոջ դեմ չարիք թող չխորհի իր սրտում. սուտ երդում մի՛ սիրեք, որովհետև այս ամենը ես ատում եմ”»,- ասում է Տերը։
18Եվ Զորքերի Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով. 19«Այսպես է ասում Զորքերի Տերը. “Չորրորդ ամսի ծոմը և հինգերորդի ծոմը և յոթերորդի ծոմը և տասներորդի ծոմը Հուդայի տան համար ցնծություն և ուրախություն և խնդալից տոնախմբություններ պիտի դառնան, ուստի ճշմարտությունն ու խաղաղությո՛ւնը սիրեք”»։
20Այսպես է ասում Զորքերի Տերը. «Կրկին ժողովուրդներ պիտի գան և շատ քաղաքների բնակիչներ, 21և մեկի բնակիչները պիտի գնան մյուսի մոտ՝ ասելու. “Եկե՛ք անմիջապես գնանք Տիրոջ առաջ պաղատելու և Զորքերի Տիրոջը փնտրելու”։ Ես ևս գալու եմ։ 22Եվ շատ ժողովուրդներ ու զորավոր ազգեր պիտի գան Երուսաղեմում Զորքերի Տիրոջը փնտրելու, Տիրոջ պաղատելու»։ 23Այսպես է ասում Զորքերի Տերը. «Այդ օրը տարբեր ազգերից տասը հոգի կբռնեն մի հրեա մարդու քղանցքից՝ ասելով. “Գնանք ձեզ հետ, որովհետև լսել ենք, որ Աստված ձեզ հետ է”»։
Currently Selected:
ԶԱՔԱՐԻԱ 8: ՆՎԱԱ
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
© Bible Society in Armenia, 2018