YouVersion Logo
Search Icon

ԶԱՔԱՐԻԱ 7

7
Աստված հանդիմանում է կեղծ ծոմապահությունը
1Եվ Դարեհ թագավորի չորրորդ տարում՝ իններորդ ամսի, այսինքն՝ Քասղևի չորսին, Տիրոջ խոսքը հասավ Զաքարիային, 2և Բեթելից մարդկանց ուղարկեցին Սարասարի, Ռեկկեմելեքի գլխավորությամբ Աստծու տունը, որպեսզի Տիրոջ բարեհաճությունը հայցեն՝ 3Զորքերի Տիրոջ տանը եղող քահանաներին ու մարգարեներին ասելով. «Արդյոք պետք է լա՞ց լինեմ հինգերորդ ամսում՝ ծոմ պահելով, ինչպես որ արել եմ այսքան տարիներ»։ 4Եվ Զորքերի Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով. 5«Այս երկրի ամբողջ ժողովրդին և քահանաներին ասա՛. “Ահա այս յոթանասուն տարին, երբ ծոմ էիք պահում և սուգ անում հինգերորդ և յոթերորդ ամիսներին, մի՞թե ինձ համար էիք ծոմ պահում։ 6Եվ երբ որ ուտում եք ու խմում եք, մի՞թե ձեզ համար չեք ուտում և ձեզ համար խմում։ 7Տերը մի՞թե նույն խոսքերը չհաղորդեց վաղ մարգարեների միջոցով, քանի դեռ Երուսաղեմը բնակեցված էր ու խաղաղ, իր և շրջակա քաղաքներով, շեն և հանգիստ էին, և հարավային ու դաշտային կողմերը բնակեցված էին”»։
Անհնազանդությունը՝ աքսորի պատճառ
8Եվ Տիրոջ խոսքը հասավ Զաքարիային՝ ասելով. 9«Այսպես է ասում Զորքերի Տերը. “Արդար դատաստա՛ն արեք և ողորմություն ու գթությո՛ւն արեք, ամեն մեկդ ձեր եղբորը։ 10Մի՛ հարստահարեք այրուն ու որբին, օտարականին ու աղքատին և ձեր սրտերում միմյանց դեմ չարություն մի՛ նյութեք”»։ 11Բայց նրանք մերժեցին ականջ դնել, ուսերը համառությամբ շրջեցին#7.11 Բռց. իրենց ուսը տվեցին։ և իրենց ականջները ծանրացրին, որ չլսեն։ 12Եվ իրենց սրտերն ադամանդի պես դարձրին, որպեսզի չլսեն այն օրենքը և այն խոսքերը, որ Զորքերի Տերն իր հոգով ուղարկեց վաղ մարգարեների միջոցով։ Եվ մեծ սրտմտություն եղավ Զորքերի Տիրոջ կողմից։ 13«Ինչպես որ նա կանչեց, և նրանք չլսեցին, այնպես էլ նրանք պիտի կանչեն, և ես չպիտի լսեմ,- ասում է Զորքերի Տերը։- 14Եվ ես մրրիկով քշեցի նրանց բոլոր ազգերի մեջ, որոնց նրանք չգիտեին։ Եվ նրանց հետևից երկիրն ամայացավ, գնացող կամ եկող չկար, և ցանկալի երկիրն ամայացրին»։

Currently Selected:

ԶԱՔԱՐԻԱ 7: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in