ԶԱՔԱՐԻԱ 12
12
Երուսաղեմի ապագա ազատությունը
1Մի պատգամ. Տիրոջ խոսքը Իսրայելի մասին. այսպես է ասում Տերը, որ տարածել է երկինքը, հիմնել է երկիրը և ստեղծել է մարդու հոգին նրա մեջ։ 2«Ահա Երուսաղեմը ես թմրության բաժակ եմ շինելու շրջակա բոլոր ժողովուրդների համար, դա նաև Հուդայի համար պիտի լինի Երուսաղեմի պաշարման ժամանակ։ 3Ես այդ օրը Երուսաղեմը ծանր քար եմ դարձնելու բոլոր ժողովուրդների համար. նրանով բեռնվողներն ամբողջովին պիտի ջարդվեն, և նրա դեմ պիտի հավաքվեն երկրի բոլոր ազգերը։ 4Այդ օրը,- ասում է Տերը,- ամեն ձիու պիտի հարվածեմ սարսափով, իսկ նրա հեծյալին՝ խենթությամբ։ Հուդայի տան վրա պիտի հսկեմ և ժողովուրդների բոլոր ձիերին կուրությամբ պիտի հարվածեմ։ 5Եվ Հուդայի առաջնորդներն իրենց սրտում պիտի ասեն. “Երուսաղեմի բնակիչները զորություն ունեն իրենց Աստծով՝ Զորքերի Տիրոջով”։ 6Այդ օրը Հուդայի առաջնորդներին ես հրեղեն կաթսայի պես պիտի դարձնեմ փայտերի մեջ և կրակի ջահի պես՝ խրձերի մեջ։ Եվ նրանք աջ ու ձախ պիտի լափեն շրջակա բոլոր ժողովուրդներին, և Երուսաղեմը դարձյալ իր տեղում՝ Երուսաղեմում պիտի բնակվի։ 7Եվ Տերը նախ Հուդայի վրանները պիտի փրկի, որպեսզի Հուդայի դեմ չգոռոզանան Դավթի տան պարծանքը և Երուսաղեմի բնակչի պարծանքը։ 8Այդ օրը Տերը պիտի պաշտպանի Երուսաղեմում բնակվողին, նրանց միջի տկարն այն օրը Դավթի պես կլինի, և Դավթի տունը՝ Աստծու պես, ինչպես Տիրոջ հրեշտակը նրանց առաջ։ 9Այդ օրը ես պիտի ջանամ ոչնչացնել այն բոլոր ազգերին, որոնք կգան Երուսաղեմի դեմ։ 10Եվ ես Դավթի տան վրա և Երուսաղեմի բնակչի վրա պիտի հեղեմ շնորհքի և աղոթքի հոգին. նրանք պիտի նայեն ինձ, ում խոցեցին, և նրա վրա միամորի սգի պես սուգ պիտի անեն և դառնորեն պիտի ողբան նրա վրա, ինչպես որ անդրանիկի վրա են ողբում։ 11Այդ օրը Երուսաղեմում մեծ սուգ պիտի լինի, ինչպես Ադադ-Ռիմմոնի սուգը Մակեդդովի դաշտավայրում։ 12Եվ երկիրը պիտի սգա, ամեն ազգատոհմ՝ առանձին. Դավթի տան ազգատոհմն առանձին, և նրանց կանայք՝ առանձին. Նաթանի տան ազգատոհմն առանձին, և նրանց կանայք՝ առանձին, 13Ղևիի ազգատոհմն առանձին, և նրանց կանայք՝ առանձին, Սեմեիի ազգատոհմն առանձին, և նրանց կանայք՝ առանձին։ 14Մնացած բոլոր ազգատոհմերը ամեն մեկն առանձին, և նրանց կանայք՝ առանձին»։
Currently Selected:
ԶԱՔԱՐԻԱ 12: ՆՎԱԱ
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
© Bible Society in Armenia, 2018